
Անապատի գիշերներում. Ինձ խաբել են
Էդիկ Բաղդասարյան, Արա Մանուկյան
Սյուզիի հետ ծանոթացանք «Սայկլոն» դիսկոտեկում՝ որպես երկու ամերիկացիներ: Հաջորդ օրը նրան հեռախոսով հրավիրեցինք «Մուվենպիկ» հյուրանոց: Գնի մասին շատ կարճ խոսելուց հետո մենք ասացինք, որ հայեր ենք եւ փնտրում ենք մեր 18-ամյա ազգականուհուն: Սյուզին մեզ ասում էր, թե որտեղ կարող ենք գտնել հայ կանանց: Երբեմն այդ վայրերը այցելում էինք հենց նրա հետ: Եւ, բնականաբար, վճարում էինք այնքան, որ հանկարծ նրա Բոսը (այդպես մարմնավաճառ կանայք կոչում են իրենց ղեկավարին կամ վերահսկողին) դժգոհ չմնա: Սյուզին այն երկու կանանցից մեկն է, ում հետ արդեն մեկ տարի մենք կապ ենք պահպանում: Նրա համար Դուբայում գնել էինք բջջային նոր հեռախոսահամար, որպեսզի մեզ զանգելիս փոխեր քարտը: Դուբայում գտնվող այդ երկու կանանցից ամիսներ շարունակ որոշակի տեղեկություններ էինք ստանում:
Հյուրանոցում աղջիկ բերելու համար սովորաբար վճարում են: Վճարի չափը կախված է հյուրանոցի աստղերի քանակից: Հինգ աստղանի «Մուվենպիկում» վճարում էինք հարյուր դրահմ (30 դոլար): Իսկ, օրինակ, «Րաֆիի» հյուրանոցում աշխատակիցը պահանջեց երկու հարյուր դրահմ: Հյուրանոցներ կան, որտեղ չի թույլատրվում աղջիկ բերել: Բայց մոտ հազար հյուրանոց ունեցող Դուբայում այդպիսիք շատ քիչ են:
Սյուզին հիմնականում հաճախում է երկու դիսկոտեկներ' Սայկլոն եւ Հայաթ Ռիջինսի:
«Երբ գնում ենք հաճախորդի մոտ, Բոսը կամ աղջիկներից նրա վստահելին, զանգում են այնքան, մինչեւ ասում ես' փողը տվել են»,- պատմում է Սյուզին:
Սյուզին Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկից է: Նա ամուսնացել է 16 տարեկանում. «Սիրում էինք իրար: Երկու տարի առաջ ամուսինս երկու երեխաներիս թողեց, գնաց Մոսկվա ու էլ չէր ուզում վերադառնալ, ոչ էլ օգնել մեզ: Ես գնացի ծնողներիս մոտ»,-շարունակում է Սյուզին:
Սյուզիի հայրը Երեւանում պետական մի հիմնարկում միջին օղակի աշխատող է: «Ես սոցիալապես ծանր վիճակում չէի, իմ գալու պատճառը դա չէր: Ես չէի ուզում ծնողներիս վրա բեռ լինել, ուզում էի իմ տունն ունենալ եւ երեխաներիս հետ այնտեղ ապրել: Իմ շատ մոտ ընկերուհին ասաց, որ ինքը Հունաստանում միրգ է հավաքում եւ նորմալ փող է աշխատում: Առաջարկեց միասին գնալ: Նա, իր պատմելով, մեկ տարի այնտեղ էր եղել: Որոշեցի գնալ, տնեցիներին էլ ասացինք, որ միասին ենք գնում: Մերոնք համաձայնեցին: Հետո նա ասաց' քանի որ դու վիզայի խնդիր ունես, ես գնամ, իմ ծանոթները քո վիզայի հարցը կլուծեն, իսկ ես այնտեղ քեզ կդիմավորեմ: Ծանոթացրեց մի կնոջ հետ: Գնացինք Մոսկվա, որ իբրեւ այնտեղից Հունաստան գնամ: Մոսկվայում մեզ դիմավորեց Անուշավան անունով մի տղամարդ: 10 օր եմ մնացել այնտեղ: Մոսկվայում առաջին անգամ էի: Միայն ես էի այդ սենյակում: Ասացին, որ պետք է գնամ Դուբայ՝ գործն այնտեղ է: Ընկերուհիս էլ զանգեց, ասաց, որ օդակայանում ինձ կդիմավորի»:
![]() |
![]() |
![]() |
Այս ամենը Սյուզին մեզ պատմել է դեռեւս 2004-ի հուլիսին: Մոսկվայում նրա համար կեղծ ռուսական անձնագիր են սարքել, որտեղ քսանյոթ տարեկան Սյուզին դարձել էր երեսունմեկ տարեկան: Անունը, ազգանունը նույնն էին, այնտեղ ավելացված էր նրա հայրանունը՝ Անդրեեւնա (հայկական անձնագրերում հայրանունը չի նշվում): «Ընկերուհիս իսկապես դիմավորեց օդակայանում եւ ինձ ասաց, թե ինչ գործ պետք է անեմ: Ասաց՝ ոչինչ, լավ կլինի: Ես չգիտեի' ի՞նչ անել»,-ասում է կրթություն չունեցող եւ որեւէ օտար լեզու չիմացող Սյուզին: Հուլիսին, երբ մենք նրան հանդիպեցինք, նա անգլերենով ոչինչ չէր կարողանում ասել, բացի իր գնից: Այն ժամանակ երեք ամիս էր ընդամենը, որ Սյուզին Դուբայում էր:
Մարմնավաճառ որոշ կանանց դեմքերից զգացվում էր, որ այդ գործով դժվարանում են զբաղվել: Սյուզին այդպիսին էր, նա միշտ մտամոլոր ու տխուր կանգնած էր դիսկոտեկի մի անկյունում: Երբ ծանոթանալուց հետո այդ մասին ասացինք նրան՝ կարմրելով պատասխանեց. «Պիտի հոգով լինես էդ մարդը, ես չեմ կարողանում, քաշվում եմ»: «Ինչքա՞ն փող ես աշխատել մինչեւ հիմա» հարցին պատասխանում է. «Շատ քիչ, ինձ թույլ չեն տալիս հաշվել: Ես երեք ամիս աշխատել եմ, օր է եղել՝ հաճախորդ չեմ ունեցել: Հետո, հաշիվն էլ չեմ կարող պահել, եթե Բոսը տեսնի, որ նշումներ եմ անում, գիտե՞ս ինչ կանի»: Հուլիսին Սյուզիի բոսը տեղացի էր, ինչպես աղջիկներն են ասում՝ լոկալ: «Ամեն օր գալիս է «չեք» (ստուգում) է անում, գնում: 12-ից 1-ն ընկած ժամանակահատվածում է գալիս»:
Սյուզին եւ մյուս հայ կանայք ապրում էին «Հայաթ Ռիջինսի» հյուրանոցի դիմացի բնակելի շենքերից մեկում: Մենք մի անգամ այդ ժամին կարողացանք տեսնել Սյուզիի բոսին՝ 35 տարեկան Ամին անունով սեւամորթ արաբին: Նրան այդպես էլ չկարողացանք նկարել՝ ո՛չ 2004թ. մեր առաջին այցելության, ո՛չ էլ այս ձմռանը Դուբայում գտնվելու ժամանակ: Չնայած' 2005-ի փետրվարին մի քանի անգամ նրան տեսանք «Հայաթ Ռիջինսիի» դիսկոտեկում:
«Բոլոր բոսերն էլ շատ խիստ են, ուրիշ ոչ մեկի հույսին չեն թողնում: Նույնիսկ երբ պետք է զանգեմ իմ երեխեքին, անպայման պիտի հարցնեմ իրեն՝ կարելի՞ է զանգեմ, թե չէ: Իր ներկայաությամբ, ինքը պետք է լսի, թե ես ինչ եմ խոսում: Շատ խիստ է, չափից դուրս»,-ասում է Սյուզին:
Ընդհանրապես, դիսկոտեկներում հայերն աշխատում են միմյանց հետ չշփվել: «Հայ աղջիկը մյուս հայ աղջկան բարեւելու իրավունք չունի»,- ասում է Սյուզին:
«Որ գալիս ենք, մեզ տանում են սալոն եւ իրենց ձեւով սաքում են մեր մազերը: Բոսերն են ասում, թե մեր մազերը ինչպես սարքեն»:
Սյուզիի հետ աշխատում են եւս 10 կանայք, նրանք 16- 28 տարեկան են:
«Մեր աղջիկներից մեկը չդիմացավ, գնաց պոլիս' հանձնվեց: Ու իրան ուղարկեցին Հայաստան: Բայց ես վախենում եմ գնամ պոլիս: Ինձ որ էդպես ուղարկեն Հայաստան, որ իմանան էստեղ ինչով եմ զբաղված եղել, ավելի լավ է մեռնեմ: Հայրս ինձ կսպանի»,-անհույս ասում է Սյուզին:
յնուամենայնիվ, մի քանի ամիս առաջ նա հեռախոսով մորը պատմել է իր վիճակի մասին: Ու մայրն էլ, իր ասելով, չգիտի՝ ինչպե՞ս վարվել. «Ինքն էլ է վախենում՝ չնայած արդեն մեկ-մեկ ուզում եմ գնալ-հանձնվել, էլ չեմ դիմանում, ասում եմ՝ ինչ կլինի, թող լինի: Երիկամներիցս մեկը հիվանդ է, բժշկի եմ գնում, աշխատածս փողերի մի մասն էլ իրան եմ տալիս: Էդ բժիշկը հայ է' անունը Տիգրան: Բոլոր աղջիկներին էլ ինքն է նայում, սրսկում, մաքրում է, եթե պրոբլեմ են ունենում»: Իսկ պրոբլեմներ միշտ էլ լինում են: Պատահում է, որ հաճախորդները չեն ուզում պահպանակ օգտագործել, եթե աղջիկները դիմադրում են, ծեծում են: Սյուզիի պատմելով՝ հղիացման բազմաթիվ դեպքեր են եղել: Նրա հաճախորդները մեծավ մասամբ իրանցիներ են: «Մեր բոսերը թույլ չեն տալիս տեղացի ժողովրդի հետ գնանք, որովհետեւ շատ վտանգավոր է: Օրինակ՝ վերջերս մի հայ աղջկա հետ դեպք է եղել, տարել են, չի իմացել, որ տեղացի են, տարել են Շարժա, մի 10-15 տղամարդ ու էդ մի աղջիկը, պատկերացրեք: Երեւանցի աղջիկ էր, որ արդեն վերջացրել է բալանսը (այսինքն' Բոսին այլեւս պարտք չէր), պասպորտը վերցրել էր եւ առանձին էր աշխատում: էդպես խաբել, տարել են ու տասնհինգ հոգով հետը եղել»:
«Աղջիկները իրար հետ չեն կիսվում, ամեն ինչ միանգամից բոսին են հանձնում: Լինում են կլիենտներ, որ միանգամից երկու աղջիկ են տանում: Եթե չես ուզում աշխատել, ստիպում են, կանչում են Ալիին, նա տանում է, ծեծում, մի քանի հոգով բռնաբարում են, ետ են բերում: Հայ աղջիկները բոլորը գիտեն Ալիին ու սարսափում են նրա ձեռքն ընկնելուց»:
«Ես համ ֆիզիկական ցավ ունեմ՝ հոգնածություն, համ հոգեկան, ավելի շատ՝ հոգեկան: Երեխեքիս եմ կարոտում: Շատ եմ կարոտում: Միշտ ասում են՝ շու՛տ արի: Շատ դժվար է, եւ շատ վատ աշխատանք է: Արդեն ստիպված՝ դա բնազդ է դառնում, ուրիշ աղջիկներ կան, որ չեն կարողանում աշխատել, նույնիսկ 20-30 դրահմով նրանց ստիպում են, որ էդ բանն անեն: Արդեն բնազդ է դարձել, ոչ մի բան չես զգում: Անում ես ինչ-որ բաներ, բայց ոչինչ չես զգում»,-գլխիկոր պատմում է Սյուզին:
Սյուզին Դուբայում մեզ հանդիպած այն քիչ հայ աղջիկներից է, ում միանշանակ կարելի է զոհ համարել:
Հիվանդությունները կանխելու համար բոլոր հայ մարմնավաճառները այցելում են բժիշկ Տիգրան Մելիքյանին, որոնց վերջինս սրսկում է: Նա աշխատում է Շարժայի մի կլինիկայում եւ զբաղվում է ամեն ինչով՝ կանացի հիվանդություններից սկսած մինչեւ ողնաշարի խնդիրները: Բժիշկ Մելիքյանի հետ ծանոթանալու համար մեզանից մեկը ստիպված էր հիվանդ ձեւանալ:
Տիգրան Մելիքյանը ճանաչում է բոլոր հայ բոսերին: Նա ընդգրկված է մարմնավաճառության բիզնեսի հայկական ցանցի մեջ եւ դրա կարեւոր օղակներից մեկն է: Իսկ այդ ցանցը հստակ տեղ ունի Դուբայի սեքս-բիզնեսում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել