
Ռաֆտինգը՝ նոր խթան Լոռու զբոսաշրջության զարգացման համար
«Ռաֆտինգը կարող է դառնալ զբոսաշրջային նոր խթան Հայաստանի ու հատկապես Լոռու զբոսաշրջության զարգացման համար»,- ասում է Հայաստանում առաջին անգամ ռաֆտինգի ծառայություն մատուցող լոռեցի Գևորգ Վարդանյանը: Նա Lori travel տուրիստական ընկերության հիմնադիրն է:
Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում՝ Դեբետ գետի վրա առաջին զբոսաշրջային խմբերը փորձարկեցին ռաֆտինգը: 12 կմ երկարությամբ մշակված երթուղին՝ Թումանյանից Սանահին, ռաֆտինգի մասնակիցներն անցան 1 ժամ 20 րոպեում:
Մասնակիցների գերակշիռ մասն առաջին անգամ էր ռաֆտինգ իրականացնում: Ու եթե մեկնարկից առաջ որոշակի մտավախություններ ունեին, ապա վերջնակետին հասնելուց հետո կիսվում էին հիացական տպավորություններով:
«Շատ լավ էր, կարևորը տղաները՝ մասնագետները բավականին լավ պատրաստված էին»,- ասում է Ռոզա Կարապետյանն ու վստահեցնում՝ վտանգավոր ոչինչ չկա, բոլորը կարող են մասնակցել ռաֆտինգին:
Դեբբի Գրիսըրը, ով ամերիկացի է, բայց արդեն երկու տարի է` ապրում է Երևանում, ասում է՝ այսօր անցկացրել եմ ամենազվարճալի ժամանցը՝ ժամանումիցս ի վեր, պարզապես հրաշալի օր էր:
Գ. Վարդանյանի խոսքով` գետի տվյալ հատվածը նախապես վրացի մասնագետների հետ փորձարկվել է ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի: Հաշվի են առնվել բոլոր ռիսկային կողմերը, ու գետն իր բարդության աստիճանով մասնագետների կողմից գնահատվել է 4 միավոր՝ 6 միավորանոց սանդղակում:
Այսօրվա բարեհաջող մեկնարկով ռաֆտինգի սեզոնը Լոռիում համարվեց բացված: Հունիսից ռաֆտինգի ծառայությունը մարզում կիրականացվի ամեն օր՝ կախված զբոսաշրջային ընկերությունների պատվերներից ու հետաքրքրվածությունից:
Ապագայում՝ հունիսի վերջին, զբոսաշրջային նոր ծառայություն մատուցող երիտասարդների թիմը նախատեսում է Լոռիում անցկացնել ռաֆտինգ-ֆեստ, որին կմասնակցեն ավելի քան 25 երկրներից ներգրավված թիմեր:
Ռաֆտինգային զարգացումները, սակայն, Լոռիում այսքանով չեն սահմանափակվի: Թիմը նախատեսում է պետական աջակցությամբ մարզում ստեղծել ռաֆտինգի կենտրոն, որը հագեցած կլինի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու գույքով:
Մինչ սեզոնի ավարտը աշխատանքային խումբը նախատեսում է ռաֆտինգի համար նախատեսված երթուղին հասցնել 30 կմ-ի: Ռաֆտինգի հայ մասնագետների պատրաստման համար առաջիկայում Հայաստան կայցելեն փորձագետներ Բրազիլիայից: Այս հարցում լոռեցիներին աջակցում է ռաֆտինգի միջազգային ֆեդերացիան:
Այսօրվա ռաֆտինգի անցկացման հարցում Lori travel տուրիստական ընկերությանը աջակցում էին Թումանյանի ու Դեբեդի համայնքապետերը՝ Լևոն Ձավարյանն ու Աշոտ Ղազարյանը, նաև այլ անհատներ ու կազմակերպություններ:
Բեսիկ Կավելաշվիլին, ով վրացական զբոսաշրջության ու մասնավորապես ռաֆտինգի ոլորտում մեծ փորձառություն ունի, Լոռու Դեբեդը համարում է ռաֆտինգի համար հարմար գետ:
Փորձագիտական թիմի անդամներից Մեհրաբը, ում ռաֆտինգի թիմը բազմիցս միջազգային մրցաշարերում զբաղեցրել է մրցանակային տեղեր, ասում է՝ ի տարբերություն Հայաստանի, ռաֆտինգը Վրաստանում բավականին զարգացած է:
Վրացի մասնագետները վստահեցնում են՝ տեղացի գործընկերներին աջակցելու են, որպեսզի ռաֆտինգը կայանա նաև Հայաստանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել