
Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։
Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։
Դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս ապրիլի 20-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան ծառայություններին հնարավորիս սեղմ ժամկետում ձեռնարկել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և պարզել` տուժած լրագրողի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը՝ կից ներկայացնելով լրագրողի տրամադրած լուսանկարները, ինչպես նաև՝ դեպքի վայրում` ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մուտքին հարող տարածքում, Գարեգին Նժդեհի արձանի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի առկայությունը, տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնությունները, Դավթաշեն վարչական շրջան տանող երթուղային «Գազել» մակնիշի ավտոմեքենայի և վերջինիս վարորդի վերաբերյալ տվյալները և մի շարք այլ հանգամանքներ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են ուղարկվել նաև մայիսի 8-ին և 10-ին՝ խնդրելով ակտիվացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Քննչական կոմիտեն խնդրում է լուսանկարներում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՔԿ-ի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել