
Հայաստանի հավաքականը 98-րդն է աշխարհում
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասարակարգման մայիս ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականն ապրիլի համեմատ որեւէ տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է 98-րդ հորիզոնականում: Մեր թիմի հաշվեկշռում կա 347 վարկանիշային միավոր:
Ընդհանրապես, փոփոխություններն ապրիլի համեմատ չնչին են: Բավական է ասել, որ համաշխարհային ցուցակի առաջին 47 տեղերում տեղաշարժ չի եղել: Առաջատարը կրկին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան է, հաջորդում են Բրազիլիան, Բելգիան, Պորտուգալիան, Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին, Լեհաստանը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնն Ուկրաինան է (30), որին հաջորդում են Ռուսաստանը (66), Ղրղըզստանը (75), Բելառուսը (79), Ուզբեկստանը (88), Էստոնիան (93), Վրաստանը (95): Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Իրանը (36), որին 37-րդ տեղում հետապնդում է Թուրքիան: Ինչպես ասվեց, Վրաստանը 3 տեղով է գերազանցում մեր ընտրանուն, իսկ Ադրբեջանը 126-րդն է:
Ազգերի լիգայի խաղարկության մեր առաջիկա մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան էլ, որն ընտրական խմբից դուրս գալու պայքարում Հայաստանի գլխավոր մրցակիցն է, 77-րդն է, Լիխտենշտայնը 181-րդն է, իսկ Ջիբրալթարը՝ 196-րդը:
Ինչպես հայտնի է, մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սաներն Ավստրիայում ընկերական խաղ են անցկացնելու Մալթայի եւ Մոլդովայի ընտրանիների հետ: Այս պահին Մալթան հեռավոր 185-րդ հորիզոնականում է, իսկ Մոլդովան՝ 173-րդ:
Արդեն հաջորդ վարկանիշային ցուցակում, որը կհրապարակվի հունիսի 7-ին, հաշվի կառնվեն նաեւ ընկերական խաղերի արդյունքները:
Լուսանկարը՝ ffa.am-ի
Մեկնաբանել