
Վարչական դատարանը կքննի նախկին իրավապահին հաշմանդամության կարգից զրկելու որոշումը
Նախկին ռազմական ոստիկան Աբրահամ Մկրտչյանը դիմել է դատարան՝ վիճարկելով իրեն հաշմանդամության կարգից զրկելու որոշումը: Հայցապանջն ընդունվել է վարչական դատարանի վարույթ: Պատասխանող կողմը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է:
Հիշեցնենք, նախկին իրավապահը հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել, որն այս տարի չի հաստավել: Աբրահամ Մկրտչյանը ծառայել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, սակայն առողջական խնդիրների պատճառով 2010թ. մայորի կոչումով ինքնակամ դիմում է գրել և դուրս եկել: Նույն տարվա նոյեմբերից նա հաշմանդամության 3-րդ կարգ է ունեցել` ողնաշարի հիվանդության, իսկ 2014 թվականից` արդեն սրտի հիվանդության համար:
Այս տարի, սակայն, Աբրահամ Մկրտչյանի մոտ չի հաստատվել հաշմանդամության երրորդ կարգը, թեև այժմ բժիշկների՝ նրան առաջարկած միակ տարբերակը սրտի կծկողականությունն ապահովող արհեստական սարքի (pacemaker) տեղադրումն է, ունեցել է սրտի AV լրիվ պաշարում (կա շտապօգնության ծառայության համապատասխան արձանագրություն), և անընդհատ բժշկական օգնություն կարիք ունի:
Կարգը վկայող փաստաթուղթը Աբրահամ Մկրտչյանին հնարավորություն էր տալիս ամսական ստանալ 15 հազար դրամ թոշակ ստանալ և պետպատվերով կամ մասնակի վճարումով օգտվել բժշկական որոշ ծառայություններից, որոնց կարիքը նա այժմ ունի:
Հիշեցնենք նաև հաշմանդամության կարգը չհաստատելու որոշման տակ ստորագրած Երևանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի` մեզ տված պարզաբանումը, համաձայն որի՝ որոշման իրավական հիմքը Ա. Մկրտչյանի ներկայացրած փաստաթղթերի «օբյեկտիվ վերլուծությունն է», մասնավորապես՝ վերջին հոլտեր հետազոտության արդյունքը:
Հոլտեր հետազոտության ժամանակ բժիշկն արձանագրել է այն, ինչ եղել է 24 ժամվա ընթացքում, պատասխանում է Ա. Մկրտչյանը, բայց շտապօգնության իր կանչերը վկայում են, որ ամեն պահի իր մոտ կարող է լինել սրտի 2-րդ և 3-րդ աստիճանի AV պաշարում՝ ճակատագրական հետևանքով:
Աբրահամ Մկրտչյանը նաև հարցում էր ուղարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի պատասխանը ստացել է «Հետք»-ի հոդվածի հրապարկումից հետո: Ա. Մկրտչյանը հարցմամբ խնդրել էր անցկացնել կրկնակի փորձաքննություն՝ ընդգրկելով առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ առիթմոլոգի:
Նախարարությունը չի բավարարել Աբրահամ Մկրտչյանի դիմումի նշված կետը: Պատասխանում նախարարությունը գրել է, որ Աբրահամ Մկրտչյանը կրկին ԲՍՓ հանձնաժողով կարող է դիմել «առողջական վիճակի վատթարացման դեպքում՝ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո՝ ներկայացնելով առողջության խաթարումը (վատթարացումը) հաստատող նոր բժշկական փաստաթղթեր»: Աբրահամ Մկրտչյանը ի հայցադիմումին կից ներկայացրել է մինչև հիմա ունեցած բոլոր բժշկական փաստաթղթերը, համոզված է, որ դրանք բավարար իրավական հիմք էին հաշմանդամություն իր կարգը վերահստատելու համար:
Կողմերը դատարանում կհանդիպեն մայիսի 25-ին: Հայցվոր կողմը ոչ միայն պահանջում է անվավեր համարել իրեն հաշմանդամ չճանաչելու վերաբերյալ վարչական ակտը, այլև պարտավորեցնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ իրեն ճանաչել 3-րդ խմբի հաշմանդամ:
Աբրահամ Մկրտչյանը միակը չէ, ով այս տարի զրկվել է հաշմանդամության կարգից ու համապատասխան թոշակից: Մամուլի տարբեր հրապարկումներում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ ներքին որոշում կա՝ հաշմանդամության կարգը իջեցնելու ու վերջին՝ 3-րդ կարգը, հանելու վերաբերյալ: Բարձրացած աղմուկից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության փետրվարի 15-ի նիստի ժամանակ հանձնարարական տվեց «որակապես փոխել հաշմանդամության կարգի տրամադրման կարգը»: Կարապետյանն հայտարարել էր, որ հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: «Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցառումների՝ ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են», - նշել էր նախկին վարչապետը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել