
Կարեն Կարապետյանի վերջին որոշումները. մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր պաշտոնը թողնելուց առաջ ստորագրել է մի շարք պաշտոնյաների՝ աշխատանքից ազատելու մասին դիմումները:
Բոլոր որոշումների մեջ նշվում է՝ «պաշտոնից ազատել՝ իր դիմումի համաձայն»: Մասնավորապես, իրենց դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Աշխատանքից ազատված մյուս պաշտոնյանները վարչապետի կամ կառավարության աշխատակազմից են: Մասնավորապես իրենց պաշտոններից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանը, վարչապետի օգնականի պաշտոնակատար Վլադիմիր Հակոբյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:
Վահե Ստեփանյանի՝ պաշտոնից ազատման որոշման մեջ նշվում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:
Մեկնաբանել