
Պետական միջոցների ներգրավմամբ Հայաստանում նաեւ ուղղաթիռային չվերթներ կլինեն
Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտնեց, որ Հայաստանում շուտով մեկնարկելու են ուղղաթիռային փոխադրումներ:
Մինչ դրանց անդրադառնալը նշենք, որ չնայած «Ավիացիայի մասին» օրենքում արված եւ ապրիլի 9-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ՔԱԳՎ-ն այլեւս պիտի կոչվի ՔԱԿ՝ քաղավիացիայի կոմիտե, մինչ այժմ կառույցի պաշտոնական կայքում ու հաղորդագրություններում օգտագործվում է հին անունը: Հավելենք, որ եթե մինչ այս ՔԱԳՎ-ն կառավարությանն առընթեր մարմին էր, ապա նոր փոփոխություններով ենթարկվելու է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը:
Եվ այսպես, ըստ հաղորդագրության, «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն դիմել է ՔԱԳՎ-ին՝ ստանալու օդանավ շահագործողի վկայական: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, որի հիման վրա միայն օպերատորը կարող է առեւտրային փոխադրումներ կատարել: Ներկա պահին ՀՀ-ում ՕՇՎ ունի 5 ընկերություն՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Արմենիա Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Տարոն-Ավիա»: Սրանք բոլորն էլ ինքնաթիռ են շահագործում, այսինքն՝ «Արմենիան հելիքոփթերս» ընկերությունն իր տեսակի մեջ կլինի միակը մեր երկրում (հաշվի չենք առնում ՊՆ-ն եւ դրա ենթակայության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն):
ՔԱԳՎ-ն նաեւ հայտնել է, որ նոր ընկերության գործունեությունը խթանելու համար կառավարությունը ապրիլի 19-ին որոշել է ՍՊԸ-ին մաքսային արտոնություններ տալ անհրաժեշտ սարքավորումներ ներկրելիս: Իրականում, սակայն, արտոնություններ տրամադրվել են ոչ թե ավիաընկերությանը, այլ «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին: Հենց վերջինս է ներմուծելու համապատասխան սարքավորումներն ու օգտվելու մաքսային արտոնությունից: ՈւՎԿ-ն այնուհետ սարքավորումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) է հանձնելու «Արմենիան հելիքոփթերս»-ին:
Այս ՈւՎԿ-ն հիմնադրվել է կառավարության 2009 թ. որոշմամբ հաստատված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում: Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝ դրա նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման ու ամրապնդման օժանդակումն ու պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգի հեշտացումն ու հասանելիությունը: Այսինքն՝ սա պետական ՓԲԸ է, որի խորհրդի նախագահը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար (այժմ՝ պաշտոնակատար) Սուրեն Կարայանն է: Ընդ որում՝ հենց Կարայանն էլ կառավարությունում ներկայացրել է որոշման նախագիծը:
Նախագծից տեղեկանում ենք, որ մաքսատուրքից պիտի ազատվի ներկրվող ուղղաթիռը: Խոսքը «EC130 T2» ուղղաթիռի մասին է: Դրա արտադրողը նախկին «Eurocopter», իսկ այժմ՝ «Airbus Helicopters» ընկերությունն է, որն աշխարահռչակ «Airbus»-ի ստորաբաժանումներից է: Ներկրվելու է 1 հատ «EC130 T2», որի արժեքը 1.550.000.000 դրամ է, ծագման երկիրը Ֆրանսիան է:
«Eurocopter EC130» ուղղաթիռն արտադրվում է 1999-ից, իսկ կոնկրետ «EC130 T2» մոդելն առաջին անգամ ներկայացվել է 2012-ին: Ներկրվող ուղղաթիռը նախատեսված է 1 օդաչուի եւ 6 ուղեւորի համար: Թռիչքի հեռավորությունը 606 կմ է, օգտակար բեռնվածությունը (ուղեւորներ, բեռ)՝ 1088 կգ: ՔԱԳՎ-ն հայտնել է, որ «Արմենիան հելիքոփթերս»-ը կիրառելու է նաեւ ամերիկյան «Robinson R66» տիպի ուղղաթիռներ:
Ըստ ավիաընկերության ներկայացրած հայտի՝ նախատեսվում է իրականացնել ավելի քան 1,8 մլրդ դրամի ներդրումներ, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրվելու է ավելի քան 1 մլրդ դրամի լիզինգ: Հայտի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել 10 աշխատատեղ՝ շուրջ 1 մլն դրամ միջին աշխատավարձով։ Միաժամանակ նշվում է, որ սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ դրա տեխնիկական չափանիշները չեն բավարարում ընկերության պահանջները։
Ինչ վերաբերում է «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին, սա նորաստեղծ ընկերություն է. հիմնադրվել է այս տարվա փետրվարի 15-ին: Հիմնադիրը Երեւանի Ազատության պողոտայում հաշվառված Կարեն Ալֆրեդի Վարդանյանն է: Նա է 100 տոկոսի սեփականատերը: Ընկերությունը գրանցված է Ամիրյան 4/7 հասցեում՝ «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնում: ՍՊԸ-ի տնօրենը նախապես եղել է երեւանցի Արամ Աբովյանը, իսկ մարտ ամսից նրան փոխարինել է Ռուսաստանի Դմիտրով քաղաքի բնակիչ Սերգեյ Կոմարովը:
«Արմենիան հելիքոփթերս»-ի կայքը, որը դեռեւս գործարկման փուլում է, նշում է, որ իրականացնելու է չարտերային թռիչքներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, ընկերությունն առաջարկում է նաեւ VIP փոխադրումներ ու օդային էքսկուրսիաներ:
Մեկնաբանել