
Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին կից գյուղերի բնակիչները փակել են փողոցները
Վանաձոր-Սպիտակ-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հարևանությամբ գտնվող մի քասնի տասնյակ գյուղերի բնակիչներ համախմբվել ու այսօր վաղ առավոտից փակել են ճանապարհները: Նրանց բոլորի պահանջն այսօր մեկն է՝ փողոց դուրս եկած բնակիչները պահանջում են իշխանությունից Հայաստանի Հանրապետական կուսակցության հեռացումը:
«Մեր Սպիտակի շրջանի բոլոր գյուղերից էստեղ փակված են: Բոլորս էլ պահանջում ենք, որ Նիկոլը լինի մեր վարչապետը: Մեր բողոքը բոլոր ՀՀԿ-ականների համար է: Թող բոլորը հեռանան: Իրանք 10 տարվա մեջ չկարացին ոչ մի բան անեն: Նորից էս վերջին օրը իրենց վատությունը կանեն: Ստորագրե՛ք, հեռացե՛ք, մեր ժողովուրդը մեղկ չէ՞, 30 տարի ա, կտանջվեն» - վրդովվում է Գեղասարի բնակիչ Մերուժան Սուքիասյանը:
Պարնի գյուղի բնակիչները վճռական են տրամադրված: Ասում են՝ ուզում ենք ՀՀԿ-ն հեռանա, որ մեր ուզած մարդը լինի վարչապետ:
«Էն ժամանակ, որ դեպուտատները հելնում, ելույթ էին ունենում, ինքը միշտ ժողովրդի շահերից է խոսացել, բայց էսօրվա դրությամբ լիքը պատգամավորներ ունենք թե՛ Վանաձորից ընտրված, թե՛ Սպիտակից ընտրված, ոչ մեկին հլը չենք տեսել ելույթ ունենալուց»,- նշեց բնակիչներից մեկը:
«ՀՀԿ-ն միշտ պնդում է, որ խնդիրներ կան, բայց դրա լուծման համար ոչ մի քայլ չի ձեռնարկում... Այսօրվա դրությամբ ընդդիմությունը «Ելք» դաշինքն է, հատկապես Նիկոլ Փաշինյանը, որը ծրագրեր է առաջարկում, որով կարող է մեր երկիրը էս իրավիճակից դուրս բերի»,- նկատում է պարնեցի երիտասարդներից մեկը:
Պարնեցիներն ասում են՝ ԱԺ երեկվա քվեարկությունն իրենց համար թեև սպասելի էր, սակայն նաև փոքր-ինչ հույս ունեին, որ Ն. Փաշինյանին վարչապետ կընտրեն ու լարված իրավիճակը կհանգուցալուծվի: Գյուղացիները վստահ են՝ Ն. Փաշինյանին վարչապետ չընտրելով՝ ժողովրդի կամքը չի կոտրվի, այլև ընդհակառակը՝ ժողովուրդն ավելի վճռական կդառնա:
Փողոց դուրս եկած լոռեցիները պնդում են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ, մինչև իրենց պահանջը լսելի դառնա:
Մեկնաբանել