
Երևանի թիվ 180 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները փակել են փողոցը
Ավան վարչական շրջանի թիվ 180 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները արդեն տևական ժամանակ է՝ Բաբաջանյան փողոցում են: Նրանց հետ են իրենց աշակերտներն ու վերջիններիս ծնողները: Բողոքի ակցիայի դուրս եկած անձինք փողոց են տեղափոխել մայթեզրերի նստարաններն ու սահմանափակել փողոցի երթևեկությունը: Ինչպես մեզ հայտնեց բողոքի ակցիայի մասնակից ուսուցիչ Ռուզաննա Մելիքյանը, բողոքի ակցիային մասնակցում են դպրոցի բոլոր ուսուցիչները, իսկ տնօրենը նպատակահարմար չի գտել մասնակցել դրան:
Մելիքյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում սրտնեղեց, որ այլևս հնարավոր չէ երեխաներին «Ազատություն» սովորեցնել:
«Ես երեկ Նալբանդյանի «Ազատությունն էի անցնում երեխաների հետ, բայց այս անօրեն երկրում ինչպե՞ս «Ազատություն» սովորեցնեմ երեխաներին»,- ասաց Մելիքյանը:
Բողոքի ձայնը բարձրացրած ուսուցչի պնդմամբ` իրենք վաղը ևս շարունակելու են իրենց բողոքի ակցիան. գնալու են դպրոց, բայց շենք չեն մտնելու:
«Ժողովրդի դժգոհությունն այլևս չափ ու սահման չունի. մենք պահանջում ենք արդար ու ճիշտ իշխանափոխություն», - հայտարարեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել