
Զինվորը մեռել է
Հայաստանի Հանրապետություն: Երեւան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայք: Դեկտեմբերի 24, ժամը 23:20:
40 րոպե հետո աշխարհի մարդկության մի հատվածը նշելու է Սուրբ ծնունդը: Մարդիկ շամպայնի բաժակներ զրնգացնելով բարեմաղթանքներ են շռայլելու:
Բայց 40 րոպե դեռ կար, եւ ես այդ պահին չէի մտածում Սուրբ Ծննդի մասին:
Լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը հետո ինձ հիշեցրեց, որ հիմա աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը:
Աղբարկղի մոտ կանգնած են մի տղամարդ ու կին: Տղամարդը քառասունին մոտ է, կինը երեւի նույն տարիքին է: Կնոջ ձեռքին երկու տոպրակ կա: Մեկի մեջ շշեր են, մյուսի մեջ' մսի եւ այլ սննդի մնացորդներ:
Ծանոթացանք. տղամարդու անունը Ռոբերտ է, կնոջը' Գայանե: Ռոբերտը Սպիտակի գյուղերից է, Գայանեն' Երեւանից:
Նրանք բոմժեր են, իրենք իրենց մասին այդպես էլ ասում են' մենք' բոմժերս:
1988-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ռոբերտ Բաղդասարյանը ծառայում էր Խորհրդային բանակում' Ուկրաինայի Խարկով քաղաքում: Մեկ տարի էր մնացել ծառայության ավարտին: «Երբ երկրաշարժի մասին իմացա, փախա եկա: Էնքան հարազատի կորուստը չէր իմ հոգում, ինչքան մեր ազգի: Ահավոր էր: Բայց կարողացանք ոտքի կանգնել, ամուսնացա. Բագրատաշենում էինք ապրում: Բոլոր հարազատներիս օգնում էի, լավ գործ ունեի, այգիներ, հող էի մշակում»,-մի որոշ ժամանակ անց, երբ արդեն մեր ներկայությամբ խմեց երեք բաժակ օղի, Ռոբերտը սկսեց իր կյանքի պատմությունը: Հետո, երբ սկսվում են Ադրբեջանի հետ ռազմական գործողությունները, Ռոբերտը շատերի նման գնում է պաշտպանելու հայկական սահմանը:
«Իմ երեխեն ծնվեց Նոյեմբերյանում: Կամանդիրս' Մաքսուդյան Սաշիկը, ինձ օր տվեց, պոստից իջա, էդ օրն էլ երեխաս ծնվեց»: Նա զգացել էր երեխայի ծնունդը:
Ռոբերտը մանրամասն սկսեց պատմել, թե կնոջ ցավերն ինչպես բռնեցին, երբ բաղնիքում կինը լողացնում էր իրեն, ինչպես տարավ բժշկի մոտ ...
Այնուհետեւ Ռոբերտին տեղափոխել են Ղարաբաղ' ծառայությունն այնտեղ շարունակելու: Նա պարգեւներ ունի լավ ծառայության համար: Ինն ամիս տանը չի եղել:
«Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր փողոցում»,- հարցնում եմ նրան: Աչքերը թրջվում են. «Ես ինչու՞ մարջով գնամ-կռվեմ փողոցում, որ փող աշխատեմ, ինչու կռվո՞ղ տղա եմ եղել: Ամիսներով գնացի, ամիսներով տնից պակսա: Ամեն ինչ ունեի՝ տուն-տեղ, կին, երեխա: Ո՞ր կնոջ վրից ինը ամիս բացակայես, կդիմանա: Միգուցե ես եմ տխմարը: Ես դատվեցի դրա համար, կնոջս մի քանի չափալախ ու սրոկ: Չորս տարի տվեցին, երեք տարի նստեցի Սեւանի գաղութում: Դուրս եմ եկել, կինս ամուսնացել էր իջեւանցի մի տղու հետ: Երեխուն վերցրել-գնացել են Ռուսաստան' Իվանովո»:
Ծառայությունից արձակուրդ գալով՝ Ռոբերտն իմացել է, որ կինը ուրիշ տղամարդ է ունեցել իր բացակայության ժամանակ, կնոջը ծեծել է եւ հայտնվել բանտում: Հիմա զղջում է արածի համար, ասում է, որ իզուր է կնոջը մեղադրել, նա չի կարողացել դիմանալ առանց տղամարդու:
«Զզվել եմ կյանքիցս: Ոչ մի բան չեմ ուզում անել: Տնից դուրս եմ եկել՝ լքված: Իմ հարազատներն ինձ ընդունում են, բայց իրենք ինձ չեն հասկանում: Ունեմ քույրեր, եղբայրներ, շատ հարազատներ ունեմ Նոյեմբերյանում, Սպիտակում, Երեւանում»: Հարցնում եմ ոստիկանների պահվածքի մասին. «Տանում են, ասում են՝ աշխատող տղա ես, գիտենք, բլյատ(ռուսական հայհոյանք է), տուր ապրեմ: Ասում է' երկու հազար դրամ տուգանք, ինչու ես էդտեղ կանգնել: Էդտեղ արգելված գոտի է կանգնելու համար: Բայց այս Հայաստանում որտե՞ղ է արգելված գոտի: Ու ի՞նչ անշնորհք բան ես կարող եմ անել, բացի շիշ հավաքելուց: Մշեցի գաղթական պապս ասում էր. «է՜, լաո՛, էս ազգը ի ծնե իրեն ծախել է ու հա էլ կծախե, ու կծախե: Գաղթական մարդու սերունդ եմ ես, չեմ կարող իմ արյունը փոխել»:
Անցյալը կեղեքում է Ռոբերտի հոգին, ու նա խմում է, որ չսառչի, խմում է, որ մոռանա, բայց անօգուտ: Նա չի կարողանում մոռանալ անցյալը: Իսկ անցյալում դաժան պատմությունների շարք է, որը գուցե փողոց նետեր մեզանից յուրաքանչյուրին.
«Թուրքերը զասադ էին նստել: Մերոնք էլ խրամատներում էին: Իմ ախպերների վրա գրանատ է քցել: Տղերքը նրան՝ էդ երեխուն, չեն խփում: Բայց ո՞վ կպատկերացներ, որ էդ երեխան կբերեր գրանատը կշպրտեր տղերքի մեջտեղը: Ղարաբաղում էր, 9 տարեկան երեխա էր՝ մի հինգ հատ ոչխար դեմը, իբրեւ ոչխար էր արածացնում: Ոչխարը դեմը եկավ, հետո միանգամից շպրտեց գրանատը եւ փախնում էր, երեխեն փախնում էր ... »,-արտասվելով պատմում է Ռոբերտը:
«Խփեցի՞ր երեխային»,- հարցնում եմ:
Նա ավելի բարձր հեկեկաց: Հետո խեղճացավ, փոքրացավ...
«Խփեցի՞ր նրան»,-նորից հարցնում եմ ես՝ այս անգամ բարկացած տոնով:
«էնքան դաժան մահ էր, էս ձեռքով ... Սպանե՛ք ինձ, գյուլլե՛ք ինձ ... Ես ինչպե՞ս ապրեմ ... էս ձեռքով խ փեցի, ձեռքիս զենքով՝ AKC-ով»,- գիշերվա ժամը մեկին հեկեկում էր բոմժ դարձած նախկին զինվորը' Ռոբերտ Բաղդասարյանը:
«Էդ երեխուն շա՞տ ես հիշում»,- հարցնում եմ:
«Ես էլ ունեմ երեխա, ես մահացած երեխա ունեմ, իմ առաջին երեխան մահացել էր ...»:
«Բոյի դաշտ գնալ-գալով ես իմ ընտանիքը կորցրի»,-ասում է Ռոբերտը:
«Բայց դու զինվոր ես չէ՞ եղել, ինչու՞ չես կարողանում հաղթահարել, դուրս գալ էս վիճակից»,- հարցնում եմ Ռոբերտին:
«Զինվորը մեռել է, ի՞նչ զինվոր: Անձս կորցրել եմ արդեն: Ոչ մեկը ինձ չի հասկանում՝ քույր, եղբայր ... Ոչ մեկը ինձ չի հասկանում»:
Մենք քայլում ենք Երեւանի փողոցներով, Ռոբերտը խոստացել է ցույց տալ այն կացարանները, որտեղ ապրում են իր նմանները:
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել