
Ռաֆիկ Աթայան. «Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են»
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել բոլոր այն մարդկանց, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, լրատվամիջոցներին, ովքեր Քաջարան գյուղի համար դժվարին այս օրերին նեցուկ եղան, աջակցեցին մեզ՝ զավթիչներից գյուղը պաշտպանելու ազգային և հայրենասիրական գործում: Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը շարունակություն կունենա մինչև խնդրի հաղթական լուծումը:
Այսօր ուզում եմ անդրադառնալ ևս մի քանի հարցի, որոնք հրատապ են պայքարի ներկա փուլում:
1. Գյուղի տարածքը Քաջարանի կոմբինատին տալու կողմնակիցները հաճախ են շեշտում «հանրային գերակա շահ» հասկացությունը: Մինչև հիմա, սակայն, ոչ ոք չի փորձել պարզաբանել, բացատրել այդ բառակապակցության իմաստը: Հիմա ուզում եմ՝ վերջնականապես հասկանանք, թե ինչ է նշանակում «հանրային գերակա շահ»:
Կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին՝ մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկենք որոշենք՝ սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը:
Հանրային գերակա շահի մասին խոսելիս հաճախ են մեզ հիշեցնում, թե դրա արդյունքում պետական բյուջե ավելի շատ փող կմտնի: Դե իհարկե պիտի դրանից հարկերի չափն ավելանա: Մի՞թե հարկեր վճարելն էլ ուզում են բարեհոգություն համարել: Բյուջեի փողի նպատակն էլ ի վերջո պետք է սահմանամերձի ամրացումը լինի: Եթե բյուջեում փող ունենք, իսկ սահմանում՝ լքված գյուղեր, ապա ո՞ւմ է պետք այդ բյուջեն:
Ելնելով վերը ասվածից՝ մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ գերակա հանրային շահը նախ և առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է: Այլ գերակա շահ չեմ պատկերացնում:
2. Վերջին ամիսներին մոդայիկ է դարձել մայրաքաղաքից որոշ պաշտոնյաների՝ Քաջարան գյուղ գալ-գնալը: Եվ բոլորն էլ միաբերան այցի ավարտից հետո հայտարարում են, թե Քաջարան գյուղում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Մաքսիմ Հակոբյանը Նոր տարվա նախօրյակին հայտարարեց, թե տասներկու ընտանիք է ապրում գյուղում:
Այդ կարգի հայտարարությունները ոչ միայն սուտ են ու զրպարտչական, այլև ամոթալի հենց Մաքսիմ Հակոբյանի համար: Եթե իսկապես Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում, ապա առաջին հերթին դրանից պետք է ամաչի կոմբինատի տնօրենը:
Նրա և մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից: Եթե մենք մի քիչ բարոյականություն ունենանք, ապա պետք է գյուղում ապրողներին խրախուսենք, մարդկանց պատճառված ամենօրյա վնասը փոխհատուցենք, այլ ոչ թե մնացածներին վարկաբեկենք, ահաբեկենք ու քշենք գյուղից:
3. Նոր տարվա նախօրյակին Կապանի տեղական հեռուստատեսությամբ երկար լռությունից հետո ելույթ է ունեցել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը. աչքներս լույս: Նրա ելույթը լսելուց հետո ևս մեկ անգամ եզրակացրինք, որ Հայրենիքի նրա ընկալումը և մեր պատկերացումն իրար հետ ոչ մի կապ չունեն:
Այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը և իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր՝ կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար:
Պետական գերակա շահի անունից խոսող այդ մարդիկ նույնիսկ իրենց զավակներին բանակ չեն ուղարկել, իրենց հայրենի գյուղում թիկնապահներով են շրջում և օրերով փակվում Քաջարանից դուրս գտնվող իրենց պալատներում:
Նրանք խոսում են գյուղին իբր մի քանի միլիոն դրամ տալու մասին, իսկ իրենցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը միայն կազմում է մի քանի միլիոն դրամ, որոշներինը՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նույն կոմբինատի բազմաթիվ աշխատողների ամսական միջին աշխատավարձը մոտ 80-90 հազար դրամ է: Այդ մարդիկ շատ վաղուց պետական ու հանրային շահը շփոթում են անձնական շահի հետ:
Եթե չեք հավատում, ապա հաշվեք-հաշվարկեք, թե կոմբինատի այսպես կոչված «արբանյակ» ձեռնարկություններից քանիսն են պատկանում Մաքսիմ Հակոբյանին ու նրա մերձավորներին, փորձեք ճշտել, թե տարեկան քանի միլիարդ դրամ է փոխանցվում հորինված այդ ձեռնարկություններին:
Այնպես որ, Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ուրեմն՝ գյուղի ճակատագրի շուրջ Մաքսիմ Հակոբյանի և նրա ծառաների հետ բանակցելն անլուրջ գործ ենք համարում, ինչի համար և վաղուց հրաժարվել ենք այդ բանակցություններից:
4. Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռևս ուժի մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակազգային որոշումից:
5. Վերջին շրջանում կոմբինատի պաշտոնյաների կողմից համառորեն կեղծիքներ են տարածվում այն մասին, թե իբր Քաջարան գյուղի բնակիչները 1968թ. հայտնի երկրաշարժից հետո փոխհատուցում են ստացել: Հայտարարում եմ՝ դա զրպարտություն է: Այն ժամանակ պետության կողմից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, և երբեք խոսք չի եղել մարդկանց տների ու ունեցվածքի ամբողջական փոխհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե, վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախ և առաջ կոմբինատի համար:
6. Ուզում եմ հայ հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ, թեև նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում:
Դեռևս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել և շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա Քաջարան գյուղի բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում՝ մարդկանց հուսահատության մատնելու համար:
7. Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին՝ իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնինգ» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար:
8. Դիմում եմ նաև Հայաստանի կառավարությանը՝ վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում՝ ամեն օր գյուղի օդային ավազանին և շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներևակայելի վնասների համար:
9. Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ի լուր ամբողջ Հայաստանի, գյուղի ամբողջ բնակչության անունից հայտարարում եմ՝ գյուղի տարածքի որևէ մաս «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին տալու շուրջ որևէ զիջում կամ բանակցություն լինել չի կարող: Մեր պայքարը շարունակական է: Դարերի ընթացքում քաջարանցին քանիցս պաշտպանել է իր գյուղն օտար զավթիչներից:
Այսօր էլ մենք վճռական ենք մինչև վերջ՝ տեր կանգնելու մեր բնօրրանին և դիմագրավելու զավթիչներին: Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող:
Կոչ եմ անում իմ հայ ժողովրդին միանալ քաջարանցիների անզիջում պայքարին:
Օգտվելով ընձեռված առիթից՝ թույլ տվեք շնորհավորել հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ՝ ազգիս համար 2012-ը լինի նվաճումների և հաղթանակների տարի:
Ռաֆիկ Աթայան
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ
09 հունվարի, 2012թ.
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել