
Տարոն Մալաքյանի գունեղ հայկական պատմությունը՝ ոչ թե զոհված, այլ ապրելով հաղթած «Կյանքերի» մասին
Այս ամռանը ճանաչված կիթառահար, «System Of A Down»-ի հայտնի Տարոն Մալաքյանը վերջապես ուրախացնելու է իր երկրպագուներին՝ երկար սպասված ալբոմի թողարկմամբ: Գրեթե վեց տարվա սպասումից հետո նա խոստանում է հրապարակել «Dictator»-ը և ինչպես արդեն հայտարարվել է, հուլիսի 20-ին: Իսկ մինչ այդ, իբրև այցեքարտ և վեցամյա լռությունը խախտող, բայց կյանքի ոչ այնքան լուռ վկայական՝ նա ներկայացրեց «Lives»-ը: Հրապարակման օրն հատուկ ընտրել էր ապրիլի 23-ը, Տարոնն ամեն ինչ արել է, որ աշխատանքները մինչ այդ վերջնականացվեն, քանի որ երգը նվիրել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Dictator»-ը Մալաքյանի երկրորդ նախագիծն է 2006թ. հիմնադրված«Scars on Broadway բենդի հետ:
Դեռևս 2005թ. դեկտեմբերին եվրոպական ամսագրերից մեկին տված հարցազրույցում Տարոն Մալաքյանն ասում էր.Եթե ուզենամ, վաղն իսկ կարող եմ 10 առանձին ձայնագրություն ունենալ: Ամենուրեք տոննաներով նյութ ունեմ դրված»: Ապա, անդրադառնալով ապագա ծրագրերին, նույն հարցազրույցում նշում է, որ «S.O.A.D.»-ի «Mezmerize» և «Hypnotize» ալբոմներից հետո, նա մտադիր է Սերժ Թանկյանի նման զբաղվել անհատական գործունենությամբ:
2006թ. մայիսին աշխարհահռչակ «System Of A Down»-ը հայտարարեց ժամանակավոր դադարի մասին: Նույն տարում Տարոն Մալաքյանը նոր խումբ կազմեց «Scars on Broadway» անվամբ, ավելի ճիշտ՝ «Daron Malakian & Scars on Broadway»: Ի դեպ՝ «S.O.A.D.»-ի հարվածորդ Ջոն Դոլմայանը նույնպես բենդի կազմում էր: Այս մեկում ևս (ինչպես նախորդում) վառ կերպով արտահայտված էր երգահան Մալաքյանը:
«Հույս ունեմ, որ երբեք չեմ զգա ինձ խաղի գագաթնակետին հասած, քանի որ դա կնշանակի, որ ես բավարավածության զգացում կունենամ, իսկ երբ ես բավարարված եմ, դա նշանակում է՝ կանգ առնելուս ժամանակն է արդեն,- ասել է Տարոնը,- միշտ ցանկություն ունեմ գրել մի երգ, որը մինչ այդ չեմ գրել»:
Առաջին ալբոմը թողարկվեց 2008թ.-ին, կոչվում էր խմբի անվամբ՝ «Scars on Broadway» և մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Մալաքյանի երկրպագուների շրջանում: Այն իսկապես հաջողված էր՝ իր «They Say» սինգլով:
Սակայն կարճ ժամանակ անց և հետագա այս ողջ տարիների ընթացքում խմբի գործունեությունը նման է եղել կցկտուր հնչող բառերի, որովհետև նոր սկսած թափով ընթացքը ժամանակի հետ սկսեց պասիվանալ ու հետո կանգ առնել: Պատճառը Մալաքյանի տրամադրությունն էր ու անկանոն երաժշտական գործունեությունը: Նա մերթ հայտնի երաժիշտների հետ բեմում էր, մերթ այդ ամենից հեռու, ինքնամփոփ ու մեկուսացած՝ իր ստեղծագործական անկյունում:
2012 թվականին նա ձայնագրեց նոր ալբոմի համար նախատեսված երգեր, բայց այն այդպես էլ լույս չտեսավ, քանի որ տարիներ շարունակ հումքի նման մնաց՝ առանց խմբագրվելու, մշակվելու: Երաժիշտն ասում է, որ այս տարիների ընթացքում նա առավելապես տարված է եղել գրելով՝ երգեր, երաժշտություն, խոսքեր նոր ծնվող երգերի համար: Եվ ահա 2018թ. ապրիլի 23-ին, նա կրկին հայտնվում է երաժշտասերների ուշադրության կենտրոնում՝ հրապարակելով նոր սինգլի տեսահոլովակն ու նրանով ազդարարում սպասվող ալբոմի մասին:
Նոր ալբոմում՝ «Dictator»-ում Տարոն Մալաքյանը ավելի մի տեսակ ամբողջական է, ինքն իր հետ ու իր հեղհեղուկ տրամադրության էությամբ: Ձայնագրման գրեթե ողջ աշխատանքն ինքն է իրականացրել՝ նվագելով տարբեր երաժշտական գործիքներ:
«Երբ նոր էի ստեղծում «Scars»-ը, միշտ ասում էի, որ այն ալբոմ առ ալբոմ պետք է տարբերվող լինի: Դա կախված է լինելու իմ վերցրած ուղղությունից: Տարբեր երաժիշտներ տարբեր ոճերի մեջ են աշխատում, ուստի խմբի սկզբնամասում ես կարևոր համարեցի ավելացնել իմ անունը»:-ասել է Տարոն Մալաքյանը «Ultimate Guitar» ամսագրի հարցազրույցում: Եվ այնուամենայնիվ, նոր ալբոմը նրա բնորոշմամբ «S.O.A.D.»-ի համեմունքից է կրում իր մեջ: 2002թվականին ձայնագրված ալբոմը, որն ընդգրկում է 12 երգ, դեռ շարունակում է, այսպես ասած, մանրադիտակային զննման ենթարկվել Տարոնի կողմից: Իսկ թե ինչու վեց տարի անց, նա հիմնականում պատճառաբանում է տրամադրությամբ, այլ նախագծերի առկայությամբ ու, վերջապես, «S.O.A.D.»-ի՝ վերջին տարիների բավականին ակտիվ համերգային գործունեությամբ:
Օրեր առաջ, երաժշտական ամենահեղինակավոր ամսագրի՝ «Rolling Stone»-ի հետ ունեցած ծավալուն զրույցում նա մանրամասն ներկայացրել է թե մարդիկ ինչ սպասելիքներ պիտի ունենան «Scars»-ի վերադարձից, «Dictator» ալբոմից, «S.O.A.D.»-ի ապագա ծրագրերից: Նա մանրամասն կանգ է առել, հատկապես, «Lives» սինգլի վրա, որի միջոցով մեկ անգամ ևս 103-րդ տարելիցի նախօրեին նա բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցեր: Ինչի՞ մասին է «Կյանքեր» երգը հարցին երաժիշտը պատասխանում է. «Ինձ համար այն հայ ժողովրդի՝ Ցեղասպանությունից փրկվելու և ապրելու մասին է: Ինչքան մեր մասին լսել եմ, միշտ զոհի դերում ենք եղել, և մեր նախնիներն ու պապերն էլ նկարներում կտրված գլուխներով են պատկերված եղել: Ես ուզում էի գրել մի երգ, որը բարոյական խթան դառնար, վեհացնող մի բան և ասեր մարդկանց, որ ճիշտ է՝ մեծ թվով մարդիկ զոհվել են (և պետք է խոնարհվենք նրանց հիշատակի առաջ), բայց նաև մեծ թվով մարդիկ էլ կարողացել են փրկվել: Սա հարգանքի տուրք է այս ամենին և նաև այն փաստին, թե վերապրելով ուր ենք հասել»:
Տեսահոլովակում վերապրած ու չցեղասպանված հայի ժառանգ Մալաքյանը ուղերձը շեշտելու նպատակով օգտագործել է հայկական ազգային «գույներ»՝ ավանդական պար, գորգեր, տարազ և մի շարք դետալներ: «Revolvermag»-ում հրապարակված նրա բնութագրմամբ՝ այդ ամենով նա ակնարկում է հայոց հարուստ պատմության և մշակույթի մասին, ապա ավելացնում, որ երգն ու նրա պատկերավորումը հպարտության, հզորության զգացում են ներշնչում՝ պատմական ողբերգությունը վերապրած ու իր մեջ ապրելու, արարելու մեծ ուժ գտած մեր ժողովրդի հանդեպ:
«We are the people who were kicked out of history, We are the people who exist in victory»… երգում է Մալաքյանն ու կոչ անում բացել պատմության կեղծված գաղտնիքները:
Ռոլինգսթոնյան հարցազրույցում նա խոսել է հայկական մեկ այլ կարևոր հարցի՝ Արցախի ու ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Տարոն Մալաքյանը որոշել է երգի և տեսահոլովակի վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրել Արցախին՝ բարեգործական նպատակներով և առաջին հերթին այն գյուղերին, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի նշանառության տակ: « Այնտեղ պետք է հրադադարի ռեժիմը գործեր, սակայն ադրբեջանական կառավարությունը մշտապես խախտում է այն: Ուստի շատ կանայք և երեխաներ, ովքեր ապրում են այստեղ, իրավիճակի հետևանքների անմիջական կրողներն են դառնում,- ասում է նա՝ անդրադառնալով իր որոշման նպատակին,- Շատ հնարավոր է, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այդ պատճառով էլ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այնտեղ տեղի ունեցող դեպքերի վրա և թույլ չտալ, որ այն իրագործվի»:
Այս երաժիշտը, ով այսօր մեթալ ոճի 20 լավագույն կիթառահարներից մեկն է համարվում աշխարհում, «System Of A Down»-ի 2015թ. Երևանում կայացած համերգը համարում է իր ստեղծագործական կյանքի գագաթնակետը: Նոր հրապարակված երգը ամենևին էլ առաջինը չէ, որտեղ նա անդրադառնում է ցեղասպանության խնդրին: Օրերս ֆեյսբուքյան էջում նաև իր աջակցությունը հայտնեց Երևանի փողոցները իրենց ըմբոստությամբ ողողած երիտասարդությանը: Թվում է, թե լուռ ու սեփական արվեստում պարփակված, ոչ հաճախակի է նա բացում այդ սենյակից դուրս նայող պատուհանը, բայց պարզվում է՝ բացում է՝ նոր ծնված գաղափարով, երգով կամ պարզ ու անկեղծ մի ցանկությամբ:
Լուսանկարները վերցված են Տարոն Մալաքյանի ֆեյսբուքյան էջից և «Scars on Broadway» բենդի կայքից
Մեկնաբանել