
Ուսանողները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ
Հազարավոր ուսանողներ տարբեր համալսարաններից առավոտից դասադուլ են հայտարարել եւ այդ պահին քայլերթով միանում են Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին: Ուսանողները այս պահին Մոսկովյան փողոցով շարժվում են Վալերի Բրյուսովի անվան համալսարան, որտեղ նրանց կմիանան այդ համալսարանի ուսանողները եւ երթը կշարունակեն դեպի Հանրապետության հրապարակ։
Բազմաթիվ ուսանողների երթն այս պահին փակել է Թումանյան փողոցի մի հատվածի երթևեկությունը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկնածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո միայն տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։ Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։
Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։
Մեկնաբանել