
Բագրատաշենի անցակետի մոտ ցուցարարների բողոքի երթը վերածվեց տոնական շքերթի
Այսօր Նոյեմբերյանի օղակաձև շրջադարձի մոտ հավաքվել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող մոտ 400 ցուցարաներ: Սակայն Նոյեմբերյանից, Բարեկամավանից, Այրումից և հարևան մյուս բնակավայրերից ցուցարաների հոսքը չէր դադարում: Ժամը 15-ին նրանք փակեցին հայ-վրացական միջսահմանային Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի մուտքը:
Մեկ ժամ ճանապարհը փակելուց հետո` ժամը 16-ին, ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բագրատաշենի միջսահմանային անցակետ: Որոշել էին շրջապատել անցակետի շենքը և իրենց զայրույթը հայտնել սահմանային գյուղերի առևտրականների նկատմամբ մաքսավորների կոշտ վերաբերմունքի համար. «Անցակետով անցնելիս մեր ձեռքի մի ձմերուկը մաքսավորը դանակով կես է անում, մի կեսը թողնում է անցկացնեք, մյուս կեսը մեր ձեռքից խլում ու շպրտում է»,- պատմում էր Բագրատաշենի առևտրական կանանցից մեկը:
Ցուցարարները առևտրականների նկատմամբ մաքսավորների վատ վերաբերմունքի համար մեղադրում էին Սերժ Սարգսյանին: «Ամեն ինչ վերևից է սկսվում»,- իրենց ելույթներում ասում էին նրանք:
Դեպի անցակետ գնացող ցուցարաների շարքերը ձնագնդի պես մեծանում էր: Այն հասավ շուրջ 2000-ի: Ցուցարաների շարքերում նկատեցինք բագրատաշենցի 15-ամյա Համլետ Պապիկյանին: Նա վերջին 3 օրերի ցույցերի ակտիվ մասնակիցներից էր: Բագրատաշենի անցակետի մոտ տեղի ունեցած ապրիլի 21-ի ցույցին մի ոստիկան պատռել է Համլետի շորը: Ասաց` ոստիկանը շորը իրեն քաշքշելիս է պատռել: Պատանին անհանգիստ էր.
«Ախր, հայրս հաշմանդամ մարդ է, հեշտությամբ չէ ինձ համար հագուստ առնում»,-բացատրեց նա: Համլետն ասաց, որ ցույցերին իր կռիվն ունի Սերժ Սարգսյանի դեմ:
«Ես մեծ սիրով գնալու եմ ծառայելու, բայց ցանկանում եմ օրենքը գործի, հաստատվի արդարություն ու ինձ հետ նույն զորամասում ծառայեն նաև Սերժ Սարգսյանի շրջապատի հարուստների երեխաները»,- բացատրեց նա:
Արգիշտի Խանդալյանը նույնպես հայտնեց իր հակակրանքը հարուստների` բանակում չծառայող տղաների նկատմամբ. «Գիտեք, հարուստների երեխաները լպիրշ են մեծանում, չեն գնում բանակ ծառայելու: Ու Սերժն այդ արտոնությունը տվել է հանրապետական կուսակցության վերնախավի տղաներին»,- բացատրեց Արգիշտին:
Երթից 20 րոպե անց՝ ժամը 16:40 –ին Սերժ Սարգսյանի հրաժարակի լուրը ստացվեց ցուցարաների շարքերում: Սկզբում ոչ ոք չէր հավատում դրան: Հավաքվածների մեծ մասը բջջային հեռախոսներով սկսեցին լուրը ճշտել Երևանում բնակվող իրենց հարազատների և ծանոթների հետ: Երբ լուրը ճշտվեց, բողոքի երթը վերածվեց տոնական շքերթի: Ցուցարարները տոնում էին իրենց հաղթանակը, պարում ու բաժակաճառեր էին ասում: «Բագրատաշենի անցակետի մաքսավորների դեմ մեր կռվում հաղթելու ենք՝ ժողովրդի ընտրյալ վարչապետի աջակցությամբ»,- ասաց բագրատաշենցի Սերգեյը:
«Հիմա հավատում ենք, որ բանակ կմեկնենք հարուստների տղաների հետ»,- ասացին Համլետն ու Արգիշտին:
Մեկնաբանել