
Հետադարձ հայացք անկախության տարիներին
Քաղաքական դաշտ մուտք գործած օլիգարխները վերահսկում են երկրի տնտեսությունը
Ռիչարդ Կիրակոսյան
Հետադարձ հայացք նետելով Հայաստանի անկախության և պետականության կառուցման 20 տարիներին՝ կարելի է հստակ կերպով գիտակցել, որ պետականություն ստեղծելը և մեր ինքնիշխանությունն ապահովելը հեշտ չի տրվել: Լինելով փոքր, աղքատիկ բնական պաշարներով և դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը դարձել է ինչպես իր աշխարհագրական դիրքի, այնպես էլ ողջ աշխարհաքաղաքական իրադրության պատանդը:
Իր պատմության ողջ ընթացքում Հայաստանն անցել է մեկը մյուսին հաջորդող մեկուսացման և ռազմավարական նշանակության փուլերով՝ լինելով պարսկական, ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցության և շահերի բախման տարածաշրջանային կենտրոնում:
Նույնքան խոցելի է մնացել Հայաստանը նաև իր նորագույն պատմության ժամանակահատվածում: 1918-1920 թթ. Հայաստանը կարճ ժամանակով անկախացավ, որից հետո հարկադրաբար դարձավ Խորհրդային Միության մասը:
Խորհրդային համակարգի 70 տարվա գոյության և կտրուկ փլուզումից հետո Հայաստանը պատրաստ չէր և անգամ հակված էլ չէր անկախությանը: Ի տարբերություն, օրինակ, մերձբալթյան երկրների՝ Հայաստանի անկախության վերահաստատումն արտահայտվեց խորհրդային համակարգի համատեքստում, այլ ոչ թե Մոսկվայի հետ ուղղակի առճակատման միջոցով: Անգամ ԽՍՀՄ փլուզմանը նախորդող ղարաբաղյան հակամարտության սկիզբը պայմանավորված էր խորհրդային սահմանադրությանը համապատասխանելու ռազմավարությամբ:
Սակայն Խորհրդային Միության հանկարծակի փլուզումը Հայաստանը կանգնեցրեց անկախության անմիջական մարտահրավերների առջև: Նորանկախ պետության գոյության համար անմիջական սպառնալիք էր ստեղծվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, որի պատճառով Հայաստանը ենթարկվեց տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ շրջափակման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Այս ամենին գումարվել էին նաև 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները:
Հայաստանի անկախության առաջին փուլն ուղեկցվում էր պատերազմով, տնտեսական ճգնաժամով և շրջափակմամբ, սննդամթերքի, էլեկտրականության և վառելիքի պակասով: Այս ճգնաժամային իրավիճակը ձախողեց երկրում ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու առաջին փորձերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո երկրորդ պլան մղելով քաղաքական բարեփոխումները: Շարունակական պատերազմական վիճակը նույնպես նպաստել է քաղաքական ուղու ձևավորմանը, և ներկայումս ակտիվ ազգայնականությունը գերիշխող դիրք է գրավել քաղաքական ասպարեզում:
Անկախության առաջին տասնամյակում քաղաքական դաշտում երկու միտում էր նկատվում: Առաջինը այն է, որ եթե քաղաքական հայեցակարգը և քննարկումները նախկինում չափավոր բնույթ էին կրում, ապա այժմ ավելի ռազմատենչ երանգավորում ստացան: Երկրորդ որոշիչ գործոնը քաղաքական էլիտայի փոփոխությունն էր. Ղարաբաղից վերադարձածները իշխանության եկան՝զբաղեցնելով բարձրաստիճան քաղաքական պաշտոնները և ի վերջո նախագահական աթոռը:
Այս պայմաններն էլ կանխորոշեցին տնտեսական համակարգի երկարաժամկետ զարգացումը՝ լրջորեն խարխլելով նաև բարեփոխումների իրականացման ընթացքը: Ապրանքների պակասի, տնտեսական և տրանսպորտային շրջափակման այս հզոր համադրությունը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքի կազմալուծումը արագորեն նպաստեցին Հայաստանի տնտեսական անկմանը: Կապիտալիստական խոշոր ձեռնարկությունները շուտով վերացրին իրենց մրցակիցներին և գերիշխող դիրք գրավեցին հիմնական ապրանքների, սննդամթերքի ներմուծման և արտահանման շուկայում:
Այս կապիտալիստական ապրանքային ձեռնարկություններն ի հայտ եկան Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զարգացած «հակամարտության տնտեսության» արդյունքում՝աջակցելով բավական թուլացած պետությանը: Երկրի իշխանություններն այն ժամանակ առավելապես զբաղված էին այլ բնագավառներում տնտեսական միջոցառումների իրականացմամբ՝ջանալով սկիզբ դնել հողային օրենսդրության արմատական բարեփոխումներին և կայուն ազգային արժույթի ներդրմանը:
Այս խոշոր ձեռնարկությունների իշխանությունը շուտով տարածվեց ապրանքների ոլորտից դուրս և ինչպես այլ նախկին խորհրդային երկրներում, նրանք օգտագործեցին իրենց կապերը պետական օղակների հետ՝ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ հսկայական հարստություն և ունեցվածք ձեռք բերելու համար:
Միևնույն ժամանակ նրանք հետագայում ավելի ամրապնդեցին իրենց իշխանությունը՝ բարձր դիրք գրավելով պետական համակարգում՝ արագ զարգացող հովանավորչական և կոռուպցիոն ցանցերի շրջանակներում:
Ժամանակի ընթացքում այս կապիտալիստական ձեռնարկությունները իրենց իշխանությունն ընդլայնելու ավելի լավ մշակված մեթոդներ որդեգրեցին. նրանց հաջողվում էր գաղտնի համաձայնությունների միջոցով սահմանել ապրանքների գները, կանխել մրցակիցների ի հայտ գալը և ապրանքների մատակարարման բացառիկ պայմանագրեր կնքել պետական հաստատությունների հետ:
Այս փակ, վերահսկվող տնտեսական համակարգը փոխարինեց կենտրոնացված պլանավորման և բաշխման պայմաններում գործող խորհրդային համակարգին: Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի ընթացքում ի հայտ եկած և հզորացած այս կապիտալիստական ձեռնարկությունները, որոնք հետագայում ամրապնդեցին իրենց դիրքերն ու ազդեցությունը, ստեղծեցին առևտրային նոր վերնախավ՝ օլիգարխներին: Կենտրոնացված հրահանգներով գործող խորհրդային տնտեսությունը փոխարինվեց միանգամայն տարբեր՝ օլիգարխիկ վերնախավի կողմից վերահսկվող տնտեսական համակարգով:
Պետական հիմնարկների ընդհանուր թուլության և քաղաքական կամքի վառ արտահայտված բացակայության պայմաններում, օլիգարխիկ համակարգի ի հայտ գալը կարելի է համարել անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի համար ամենաավերիչ զարգացումներից մեկը: Այս համակարգը քայքայիչ ազդեցություն ունի. այն խարխլում է պետական հեղինակությունը և իշխանությունը, որը չի կարող հարկեր սահմանել օլիգարխների բիզնեսի վրա կամ վերահսկել նրանց գործունեությունը: Եվ եթե պետությունը վճռի վերականգնել տնտեսական համակարգի նկատմամբ իր վերահսկողությունը, ապա նրան դժվարին պայքար է սպասվում:
Մի շարք հզոր օլիգարխների մուտքը քաղաքական դաշտ ավելի է բարդացնում իրադրությունը: Սա հատկապես ընգծվում է այն հանգամանքով, որ նրանք մեծ ազդեցություն են ձեռք բերում խորհրդարանում պատգամավորական մանդատը ստանալու միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց միջամտել և խոչընդոտել բարեփոխումների իրականացմանն անմիջականորեն համակարգի ներսից: Երկրի ներքին քաղաքական կյանքում նրանց ունեցած անմիջական ազդեցությունը ցույց է տալիս, թե ինչ սպառնալիք է իշխանությունների և բիզնեսի սերտաճումը:
Նման հանգամանքներում Հայաստանին այլ մարտահրավերներ էլ են սպասվում: Անկախության երկու տասնամյակներն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ կախվածություն են առաջացրել՝ անցյալում թողնելով բազում բաց թողնված հնարավորություններ:
Այս մարտահրավերներն ահանզանգող բնույթ են կրում: Օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ բացակայության և ձևական իշխանության պայմաններում, պետությունը շարունակում է խարխափել թերի օրենսդրության, անարդյունավետ հարկահավաքման և օրենքի գերակայության կամայական և թույլ իրականացման հորձանուտում:
Հայաստանի անկախության հետագա 20 տարին դժվար է կանխատեսել: Միակ իրատեսական գնահատականն այն է, որ հայկական պետականությանը չափազանց լուրջ փորձություն է սպասվում:
23-ը դեկտեմբերի, 2011թ.
Ռիչարդ Կիրակոսյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն է Հայաստանում:
Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել