
Ինչո՞ւ ձախողվեց «կոշիկի բիզնեսը»
Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի վրա վագոն-տնակում Նորիկ Սահակյանը ընկերոջ` Համլետ Գիշյանի հետ 7 ամիս առաջ համատեղ բիզնես սկսեց. որակյալ, բայց համեմատաբար էժան կոշիկներ էին կարում եւ նորոգում: 20 օր առաջ «Նորիկ Սահակյան» անհատ ձեռներեցը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է տվել Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն:
Համատեղ բիզնեսից մնացել են Համլետ Գիշյանին պատկանող վագոն-տնակի դարակներին դարսված նոր, չիրացված, նաեւ վերանորոգված, սակայն տերերի կողմից չտարված կոշիկներ: «Սպասում ենք, որ ձմռան ընթացքում նորոգած կոշիկները գան-տանեն, այս ցավից պրծնենք: Դրանք էլ չեն տանում: Տարածների տերերն էլ ասում են` թոշակը կամ նպաստը ստանանք` նորոգման փողը կտանք: Թոշակն ու նպաստը ստանում, չեն տալիս, ուրիշ հոգսեր ունեն»,- ասում է Նորիկը եւ ցույց տալիս ապառիկի` «նիսյայի» տետրի 10 էջ գրառումները: 41-ամյա Նորիկը կոշիկի հմուտ մասնագետ է. տարիներ առաջ աշխատել է Երեւանի կոշիկի «Լյուքս» ֆաբրիկայում, նաեւ` Եղվարդի մարզական կոշիկների գործարանում, 6 տարի որպես կոշիկի մոդելավորող` Վորոնեժի կոշիկի ֆաբրիկայում: Նա Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի կոշկակարներից է, ով կոշիկ է կարում նաեւ հատուկ պատվերով` հարթաթաթություն, ոտքի ձեւախախտումներ կամ անսովոր կառուցվածք ունեցողների համար: Նաեւ կատարում է կոշիկների մաշված տակդիրների փոխարինում նորերով: «Մեր գործն ամենաաղքատ մարդկանց հետ է: Գյուղացին գոմից թրքոտ կոշիկով գալիս է, նորոգում եմ: Ես որ մեռնեմ, իմ գործը շարունակող չի լինի»,- հոռետեսորեն ասում է Նորիկը: Նրա եւ Համլետ Գիշյանի ծառայություններից օգտվելու համար հաճախորդներ են գալիս շուրջ 30 կմ հեռավորությունից, Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր բնակավայրերից` Բարեկամավանից, Կոթիից, Բագրատաշենից, Այրում քաղաքից: Նորիկի եւ Համլետի համատեղ փոքր բիզնեսի ձախողման պատճառները երկուսն են` սահմանամերձ տարածաշրջանի բնակչության ցածր գնողունակությունը եւ բարձր տոկոսադրույքներով վարկերը:
Նորիկ Սահակյանն անցյալ տարի հաճախել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թրփանճեան» գյուղական համայնքների զարգացման ծրագրի դասընթացներին եւ հայտ ներկայացրել տարեկան 7 տոկոսով վարկ ստանալու համար: Նրա ներկայացրած ծրագիրը շահել էր փոքր բիզնեսի վարկավորման մրցույթում, այդ առթիվ արդեն շնորհավորանքներ էր ստացել եւ 2010 թ. ամռանը պետք է վարկ ստանար: Սակայն պարզվել է, որ Նորիկը տարիներ առաջ մի բանկից վերցրած վարկի հերթական մուծումն ուշացրել է եւ հայտնվել «սեւ ցուցակում»: Այդ պատճառով նա «Թրփանճեան» հիմնադրամի վարկը չկարողացավ ստանալ: Ստիպված 700 հազար դրամ վարկ է վերցրել «Ֆինկա» վարկային կազմակերպությունից: «Վարկի տարեկան տոկոսադրույքը 24 է, պահումները գումարած` 35 տոկոս: Մինչեւ հիմա վարկի մարման ժամկետները չեմ ուշացրել, սակայն հիմա էքստրեմալ վիճակ է»,- ասում է Նորիկը: Իր խոսքերով` «ճարահատյալ» օգնության խնդրանքով դիմել է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանին: Վերջինս անտոկոս 1 մլն դրամ վարկ է տրամադրել: Նորիկ Սահակյանը վատառողջ է, նրա առողջական վիճակն ավելի է վատացել ընդդիմության ցույցերին մասնակցելուց հետո. Նոյեմբերյան քաղաքում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից է: 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո նրան հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանության 6-րդ վարչություն, դատախազության հատուկ քննչական բաժին: Իրավապահները, ի թիվս այլ բաների, նրան հիշեցրել են հեռախոսազանգով Նիկոլ Փաշինյանին հայտնած «տեղեկության» մասին: «Կոթիից միոտանի, միձեռանի 300 մարդ է գալիս»,- հեռախոսով կատակով ասել էր Նորիկը: Իրավապահների հետ հանդիպումներից նրա առողջությունը վատացել է: Ծանր հոգեկան ապրումներից սրտի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ուր սրտի վիրահատության է ենթարկվել: Վիրահատության համար պահանջվել է 3 մլն 700 հազար դրամ: Այդ գումարից 1 մլն դրամը պարտք է մնացել: «Հետվիրահատական բուժումը կիսատ թողել, հեռացել եմ: Մինչեւ հիմա «Նորք-Մարաշից» ինձ զանգահարում են, ասում են` քեզ դատի ենք տալու»,- պատմում է Նորիկը: Նա մանկուց հաշմանդամ է: 5 տարի առաջ նրա հաշմանդամության խումբը 2-րդից 3-րդ են դարձրել: Հիմա 7 եւ 5 տարեկան տղաների հայրը 10 հազար 500 դրամ թոշակ է ստանում: «Եթե մինչեւ սեպտեմբեր 1.5 մլն դրամ էժան վարկ չստանամ, գործը վերջնականապես կփակվի»,-տխուր ասում է Նորիկը: Նա տարակուսում է` գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները իջեցրել են (ճիշտ են արել), ինչո՞ւ փոքր բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները չեն փոխվում, չէ՞ որ իրենք այդ աղքատ խավին` գյուղացիությանն են սպասարկում: Եթե մինչեւ աշուն գործերը չլավանան, նրա հույսը մնալու է իշխանափոխությունը: «Իշխանափոխությունից հետո գործերդ լավանալո՞ւ են»,- հարցնում եմ:
«Գոնե հոգեկան հանգստություն ձեռք կբերեմ»,- պատասխանում է Նորիկ Սահակյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել