
«Լույսի» շրջանավարտ. «Սերժ Սարգսյանի խոսքերին հավատալն արդեն իսկ անհեթեթություն է»
Երեկ «Լույս» հիմնադրամի շրջանավարտները բաց նամակ էին ուղղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հավատարիմ մնալ վարչապետի պաշտոնին չհավակնելու իր խոստմանը: Շրջանավարտների թվում էր նաև քաղաքագետ Իրինա Ղափլանյանը: Վերջինս համաձայնել է պատասխանել «Հետքի» գրավոր հարցերին:
-«Լույսի» շրջանավարտների բաց նամակին Սերժ Սարգսյանն արձագանքել է: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նրա պատասխանը:
-Այս պահին թույլ տվեք զերծ մնալ նրա պատասխանը մեկնաբալուց: Նախ՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք՝ «Լույսի» 61 շրջանավարտներս, գրեթե միաձայն որոշել ենք որպես արձագանք նրա պատասխանին ուղղակի համալրել մեր նամակի տակ ստորագրածների ցանկը, որը, նշեմ, ժամ առ ժամ մեծանում է, և համալրված ցուցակը մենք շուտով կուղարկենք ԶԼՄ-ներին:
-Չնայած Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը երբեք արյան ծարավ չի ունեցել, այսօր էլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է մարտի 1-ի դասերից, վերջին օրերին ականատես ենք լինում ոստիկանության և անհայտ անձանց կողմից օրեցօր աճող բիրտ ուժի կիրառմանը, ինչի հետևանքով կան վիրավորներ: Որպես քաղաքագետ՝ ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանը նման լայնածավալ ուժի կիրառմամբ ինչի՞ է փորձում հասնել:
-Նախ, ելնելով արդեն ոչ առարկելի փաստերից, եկեք համաձայնվենք, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններում եղած տեղեկատվությանը կամ խոսքերին հավատալն արդեն իսկ անհեթեթություն է: Կարող ենք արդեն բազում նախադեպեր ներկայացնել, որտեղ նա թե՛ իր խոսքից հետ է կանգնում, թե՛ բացահայտ ստում է: Սարգսյանը արյան գնով եկավ իշխանության 2008 թվականին, և իր իշխանության օրոք ականատես ենք եղել մեր երկրի ոստիկանացմանը, ինչը վկայում է, որ Սարգսյանի իշխանությունը քրոնիկ լեգիտիմության պակաս ուներ իր կառավարության առաջին օրվանից:
Սույնով ուզում եմ շեշտեմ, որ ոստիկանության պահվածքը այս վերջին տարիներին, հաշվի առնելով բոլոր կոսմետիկ ռեֆորմները և բարելավումները, մնացել է նույն այնպիսին, ինչպիսին եղել էր տասը տարի առաջ՝ բիրտ և անհամաչափ: Բավ է մի թեթև հայացք նետել մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած ցույցերին, որպեսզի համոզվենք, որ իշխանական համակարգը շարունակական նույն ձեռագրով էր լուծում ներքին քաղաքական և քաղաքացիական անհամաձայնությունները՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարների դեմ: Այս ամենը կարևորում եմ արձանագրել, որպեսզի Ձեր հարցմանը անդրադառնամ այս կոնտեքստից ելնելով:
Եկեք նաև արձանագրենք այն փաստը, որ Սարգսյանը ինքը առաջարկեց այսօրվա հանդիպումը՝ նախապես իմանալով Փաշինյանի պայմանները՝ խոսել միայն հրաժարականի գործընթացի և անցումային կառավարության մասին: Այս ամենը իմանալով՝ Սարգսյանը եկավ հանդիպման և իր երկուրոպեանոց խոսքի մեջ ամենակարևոր ուղերձն իր ազգին ուղղված բացահայտ սպառնալիքն էր: Սա խոսում է այն մասին, որ Սարգսյանը օգտագործեց այդ հարթակը՝ իր սպառնալիք ուղերձը հաղորդելու հանրությանը: Այդ ամենին ապացույց՝ հանդիպումից մեկ ժամ չանցած Ազգային ժողովի պատգամավորների ապօրինի բերման ենթարկելը և խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելը:
Այս ամենը հաշվի առնելով՝ եկեք նաև փորձենք պրագմատիկ վերլուծել իրավիճակը: Շատ հուզիչ և մարդասիրական եմ համարում համայն հայության կոչերը մեր ոստիկանությանը՝ բիրտ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Բայց եկեք հաշվի առնենք այն փաստը, որ ոստիկանները կատարում են հրաման, և հրամանը չկատարելու դեպքում կարող են ընկնել քրեական պատասխանատվության տակ: Նաև պետք է հաշվի առնենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության կառավարման ոճը և իր կողմից ստեղծված ոստիկանության մեջ գոյություն ունեցող մթնոլորտը. հավաստիացնում եմ՝ այն չի նպաստում մարդասիրական կամ բարոյական ընդվզումների ոստիկանական շարքերում: Մարդիկ գլուխը կախ հրաման են կատարում:
Պարզ պատասխանելով Ձեր հարցին՝ Սերժ Սարգսյանը նման լայնածավալ ուժի կիրառմամբ փորձում է պահել իր իշխանությունը: Ինչպես և տասը տարի առաջ, այնպես էլ այսօր, իր լեգիտիմության բացակայության և հանրության վստահության բացակայության ներքո, բիրտ ուժի կիրառումը դառնում է գրեթե միակ միջոցը: Պարզ է, երկխոսության ժամանակը վաղուց անցել է, և Սարգսյանն ու իր թիմակիցները արդեն բազում անգամ ապացուցել են, որ երկխոսության ո՛չ քաղաքական կամք ունեն, ո՛չ էլ մտադրություն:
Այս պահին իրավիճակը փակուղու մեջ է, և ես կուզենայի արձանագրել այն փաստը, որ գնդակն այս պահին իշխանության դաշտում է: Եվ խաղաղ հանգուցալուծման միակ միջոցը Սարգսյանի հրաժարականն է, և այդ հրաժարականի որոշման ընդունումը պետք է կայացվի ոչ թե Սարգսյանի կողմից, այլ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի: Այս քայլով իրենք կապացուցեն հանրությանը, որ թե՛ ՀՀԿ և թե՛ ՀՅԴ կուսակցությունները միանձնյա չեն, այլ իրական աշխատող և ազատ գործող կառույցներ: Այս գործընթացում շատ եմ կարևորում սփյուռքի դերակատարությունը. ՀՅԴ-ական սփյուռքահայությունը և դրսի կառույցները պետք է հրապարակավ միանան հանրության կոչին:
Հակառակ դեպքում ամեն ինչը տանում է դեպի բռնություն և մեզ բոլորիս համար շատ ցավալի և անդառնալի հետևանքների: Սույնով, սակայն, լեգիտիմության վերջին փշրանքները կկորցնի ոչ միայն Սարգսյանը, այլ նաև ցանկացած ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական և այդ կուսակցություններին հարող այլ կազմակերպություններն ու անձինք: Այս ամենից ելնելով՝ կոչ եմ անում գիտակից և սրտացավ ՀՀԿ և ՀՅԴ անդամներին համախմբվել և ներքին կարգով պարտադրել Սարգսյանին հրաժարական տալ:
-Իրատեսական համարո՞ւմ եք այդ համախմբումը:
-Այո: Ոչ իրատեսական եմ համարում Սարգսյանի կամավոր հրաժարականը: Իրատեսական եմ համարում այդ համախմբումը՝ հայցելով ՀՀԿ-ՀՅԴ այն գիտակից և սրտացավ անդամներին, ովքեր հասկանում են իրավիճակի լրջությունը:
Լուսանկարը՝ Ի. Ղափլանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել