
Ահազանգ խմբագրությանը․ Էրեբունիում քարերով հարձակվել են ցուցարար քաղաքացիների վրա, իսկ ոստիկանները չեն միջամտել
«Հետք»-ը ահազանգ է ստացել Էրեբունի 26 փողոցից․ հայտնում են, որ մոտ 40 անձինք քարերով հարձակվել են քաղաքացիների վրա: Տրվում էր Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի անունը, ով ապրում է այդ փողոցում: Ըստ ականատեսների՝ կան տուժած քաղաքացիներ, ոստիկանները չեն միջամտել:
Տուժել է նաև SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Ղուլյանը: Նրան հարվածել են քարերով ու էլեկտրահարել: Բռնություն կիրառողները կրել են բժշկական դիմակներ ու արևային ակնոցներ, թերևս անճանաչելի դառնալու համար:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել