
Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել
Առավոտյան ժամը 10-ից հետո բողոքի ալիք է բարձրացել նաեւ Գյումրի քաղաքում։ Եթե նախորդ օրերին հիմնականում հանրահավաք էին կազմակերպում երիտասարդները, ապա այսօր ցույցը սկսեցին առեւտրականները՝ փակելով շուկայի տարածքում կրպակները։
Մեկ ժամ առաջ քաշքշոց է եղել ցուցարարների եւ ոստիկաների միջեւ։ Ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանին տարել են անհայտ ուղղությամբ։ Ոստիկանները փորձում են անհատների հետ բանակցությունների մեջ մտնել` ցույցը դադարեցնելու պահանջով, սակայն մերժում են ստանում։
Վանաձորից ցուցարարներ են գալիս միանալու գյումրեցիներին:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել