
Վարորդների մեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել ազդանշան տալու համար
Ժամեր առաջ ճանապարհային ոստիկանության դիմաց մի խումբ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք ՃՈ-ից պահանջում էին հետ վերադարձնել իրենց մեքենաները, որոնք արդեն երկրորդ օրն է` ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում են գտնվում։ Վարորդների փոխանցմամբ՝ մեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել տարբեր պատճառներով։ ՃՈ-ում հավաքված վարորդների մեծամասնության մեքենաները ոստիկանություն են տեղափոխվել ազդանշան տալու համար։
Ինչպես օրինակ, Մկրտիչ Բարսեղյանի դեպքում։ Բարսեղյանը երեկ Էրեբունու թանգարանի տարածքում մեքենան վարելիս է եղել, երբ 10։00-10։20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդի մեքենան տեղափոխել են ոստիկանություն։ Վարորդի փոխանցմամբ՝ մեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այնպիսի պայմաններում, կարծես բանկ թալանելիս է եղել. «Եկան գազելով, դիմացս կտրին, բերետավորնե՞րն էին, քաղամասի աշխատողնե՞ր էին...իջան, ոլորին ձեռքերս, հենեցին մեքենայիս, ինձ տարան քաղմաս։ Մի 40-45 րոպե հետո զանգեցին գայի, աշխատողներն եկան, մեքենան վերցրին, բերին գայի։ Ասեցին՝ էսօր առավոտ ժամը 10։00-ին կտան, բայց հույս էլ չունեմ, որ այսօր կտան»,- նշեց նա։
Ոստիկանությունից վարորդին պարզաբանել են, որ ազդանշան տալով` վարորդը խաթարել է քաղաքացիների անդորրը։
Հայկ Գյույգազյանի ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխվել է կրկին ազդանշան տալու համար։ Ինչպես «Հետք»-ին հայտնեց վարորդը՝ երեկ երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենան վարելիս ազդանշան է տվել, և տարածքում գտնվող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրան հայտնել են, որ համալիր միջոցառումներ են իրականացնում, ու մեքենան պետք է տեղափոխվի տուգանային հրապարակ։ Առավել ուշ Գյույգազյանին ՃՈ-ից հայտնել են, որ մեքենան հետ կվերադարձնեն այսօր առավոտյան 09:00-ին, սակայն մինչ այս պահը նրա մեքենան հետ չի վերադարձվել։ Վարորդի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանությունից պարզաբանել են, որ պետք է արձանագրություն կազմվի, և ազդանշան տալու համար տուգանք վճարի։
Գլխավոր լուանկարում՝ Մկրտիչ Բարսեղյանը
Մեկնաբանել