
Ոստիկանական ուժերը շրջափակել են կառավարության շենքը
Երևանի Մելիք-Ադամյան փողոցում կուտակված են ոստիկանական ջոկատներով ավտոբուսներ, ինչպես նաև ոստիկանական զորքերի մի քանի զրահատեխնիկա:
Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքի գլխավոր մուտքը՝ ամբողջ երկայնքով:
Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:
Մեկնաբանել