
Հարձակում 19-ամյա հղի կնոջ ու նրա ամուսնու վրա
«Երեկ ամուսնուս ծննդյան օրն էր: Ուզում էինք 26-ամյակը նշելու համար տորթ առնեինք, չհասցրեցինք: Խանութ չհասած՝ Էրեբունու 26 փողոցում սև յաշիկ մեքենայից իջան ինչ-որ մարդիկ, խփում էին ամուսնուս գլխին, կոտրում մեքենայի ապակիները, գոռում էի, որ ես հղի եմ, բայց ոտքերիս վրա փակում էին դուռը»,- մեզ հետ զրույցում պատմեց Երևանի բնակչուհի Շողեր Երվանդյանը, ով նստած է եղել մեքենայի առջևի նստարանին: Նա նշեց, որ տարածքում ոստիկաններ է տեսել այդ ժամանակ, որոնք, սակայն, չեն միջամտել: Ասաց, որ իրենց վրա հարձակվողներից միայն մեկին է դեմքով ճանաչում, բայց անվանական չգիտի:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը՝ կեսգիշերից անց, Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ Արայիկ Ավետիսյանն՝ իր 19-ամյա հղի կնոջ՝ Շողեր Երվանդյանի ու ևս երկու երեխաների հետ է եղել սեփական մեքենայով, երբ անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց վրա: Սև Ջիփ մեքենայի պետհամարանիշերը Շողերն ու ամուսինը չեն կարողացել մտապահել. «Էդ պահին անհնար էր որևէ բան հիշել, մտածում էինք՝ ոնց տուն հասնենք»,- պատմում է Շողերը:
Երիտասարդ կինն ասաց, որ ոստիկանություն են զանգել, բողոք են ներկայացրել, դիմել են նաև «Էրեբունի» ԲԿ, որտեղ ռենտգեն են արել ամուսնու գլուխը և ստուգել հղի կնոջ վիճակը. «Ճնշումս ահավոր բարձրացել էր, շատ վախեցած էի, հազիվ ենք փախել»,- ասում է Շողեր Երվանդյանը:
Շողերի եղբայրը ահազանգել է Իրավապաշտպանների թեժ գծին, որտեղից էլ նրանց փաստաբան կտրամադրվի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել