
Զարուհի Փոստանջյանն իր «Ընդվզիր» ակցիայով Վանաձորում միացել է «Քայլ արա» ակցիայի մասնակիցներին
Դեռ երեկվանից Վանաձորում սկսված «Քայլ արա» բողոքի ակցիան այսօր շարունակվեց մինչև երեկո: Ողջ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցները երթեր իրականացրին քաղաքի տարբեր փողոցներով՝ վանաձորցիներին կոչ անելով միանալ իրենց: Երթերն ու բողոքի ակցիաները Վանաձորում պարբերաբար ուղեկցվում էին ոստիկանների հետ բախումներով ու վիճաբանություններով:
Օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցները նախ նստացույց իրականացրին Հայքի հրապարակում, ապա ցանկացան տեղափոխվել Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի մուտքերի մոտ: Դա, սակայն, տեղի ոստիկանների կողմից չթույլատրվեց:
Որոշ ժամանակ Վանաձորի քաղաքապետարանի մուտքի դռները փակվել էին և ներսից ու դրսից վերահսկվում էին ոստիկանների կողմից: Դռները բացվեցին միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանի աստիճանահարթակներին նստած երիտասարդները ոստիկանների միջամտությամբ հեռացան այդտեղից:
Այսօր ակցիայի մասնակիցներին միացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ իր «Ընդվզիր» ակցիայով: Նա նախ ելույթով հանդես եկավ Լոռու մարզպետարանի մոտ: Դիմելով ոստիկաններին, վերջինս նշեց. «Այս խաղաղ անզեն հավաքները և ընդվզումը նաև ձեզ համար է: Մենք ետ ենք ընկել համաշխարհային գործընթացներից և այսօր, երբ մեր սահմանը չենք կարող պաշտպանել ու օրական տալիս ենք մեկ զոհ, դա այն պատճառով է, որ մենք չունենք արդի, ժամանակից պետականություն և համապատասխան տեխնիկայով զինված ուժեր: Դա ղեկավարության մեղքն է: Եթե ղեկավարությունը լիներ ազգային, այլ ոչ թե բռնազավթիչ, մենք ունենալով շուրջ 30-ամյա անկախ պետականություն՝ կունենայինք ոչ միայն ժամանակակից զրահատեխնիկա, այլ նաև ազատագրած կլինեինք մեր հայրենիքի սուրբ հողերը»:
Ապա շարժման մասնակիցները շրջեցին Վանաձորի փողոցներով: Զ. Փոստանջյանը վանաձորցիներին համազգային ընդվզման կոչ արեց: Օրվա ավարտին բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան հրապարակից՝ խոստանալով կրկին փողոց դուրս գալ վաղ առավոտից՝ Վանաձորին կից միջպետական ճանապարհը փակելու որոշմամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել