
Վանաձորում գրանցվեցին բախումներ՝ ցուցարարների ու ոստիկանների միջև
Վանաձորում երեկվանից մեկնարկած «Իմ քայլը» բողոքի ակցիան շարունակվեց այսօր: Քաղաքի գլխավոր հրապարակում հավաքելով՝ ցուցարարները շարժվեցին Տիգրան մեծ պողոտայով: Երթն ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում էին կանխել երթի մասնակիցների մուտքը քաղաքի փողոցներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախ պուրակին ու Մյասնիկյան-Տիգրան Մեծ խաչմերուկին կից փողոցներում մի քանի անգամ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշներն ու անցնել փողոցները:
Փողոցներն անցումներով անցնելը չթույլատրելով՝ ոստիկանները մի քանի անգամ նաև բռնի ուժ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Դժգոհ էին հատկապես ակցիայի մասնակից աղջիկներն ու կանայք: Նրանցից մեկն արդեն Արցախ պուրակում հանդես եկավ հայտարարությամբ՝ ոստիկաններին կոչ անելով բռնի ուժ չկիրառել:
Արցախ պուրակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Այս պահին ակցիան շարունակվում է: Հրապարակում քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ հորդորելով դադարեցնել ակցիան, մասնակիցները, սակայն, որոշում կայացրին շարունակել ակցիան ու տեղափոխվել հարակից Տիգրան մեծ գլխավոր պողոտա:
Մեկնաբանել