
70-ամյա հաշմանդամ կինը կարող է կորցնել ընտանեկան փոքր բիզնեսը. ի՞նչ կապ ունի Արմեն Ամիրյանը
Խոշոր բիզնեսն՝ ընդդեմ ընտանեկան փոքր բիզնեսի՞
Երևանի բնակչուհի, թոշակառու, 3-րդ կարգի հաշմանդամ, 70-ամյա Ժենյա Մարգարյանը՝ ամբողջ ընտանիքով, արդեն մի քանի տարի պայքարում է Հարավ-արևմտյան թաղամասում՝ իրենց շենքի ու «Կինո Հայաստանի» հարևանությամբ գտնվող ընտանեկան փոքր բիզնեսը պահպանելու համար: Ընտանիքը դիմել է «Հետքին»՝ նշելով, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համահիմնադրությամբ ստեղծված «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն է ցանկանում վերցնել իրենց օրինական տարածքը՝ 104 քմ-անոց խանութը՝ հիմնավորելով, որ այդ տարածքը համադրվում է «Կինո Հայաստանին» պատկանող հողամասի տարածքի հետ:
Արմեն Ամիրյանը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է
2015-ին հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց վերանորոգված շքեղ կառույցի` «Կինո Հայաստանի» բացմանը, որի վերանորոգման համար ծախսվել էր 8 մլն դոլար: Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանը՝ «Կինո Հայաստանի» բացման ժամանակ
Փաստորեն, մի կողմում շքեղ շինությունն է՝ ներկայիս «Կինո Հայաստանը»՝ իր բազմահազարանոց քառակուսի մետրերով, մյուս կողմից՝ մեկ ընտանիքի ապրուստի միջոց փոքր բիզնես տարածքը:
![]() |
![]() |
«Կինո Հայաստանի» շենքը և «Անտառային ձայներ» խանութը
Արդեն 4 տարի Հակոբյանների ընտանիքը՝ իրենց խանութի տարածքը պահպանելու համար դատական քաշքշուկների մեջ է: Թեև այն օրինական է, առկա է սեփականաշնորհման վկայական, այդուհանդերձ «Կինո Հայաստանի» շենքի նախկին սեփականատեր «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերությունը վարչական դատարանում վիճարկել է քաղաքապետարանի որոշումը, որով խանութի տարածքը օրինական կարգով տրվել է Հակոբյանների ընտանիքին: Վարչական դատարանում՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, 4 տարի տևած դատական պրոցեսը լուծվել է հօգուտ «Կինո Հայաստանի» շենքի նախկին սեփականատիրոջ: Տիկին Ժենյայի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը, որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:
«Ապրուստի միջոցը կորցնելու վտանգից քայքայվեց ամուսնուս առողջությունը»
Պայքարի ճանապարհին՝ 2016-ին, Ժենյա Մարգարյանը կորցրել է ամուսնուն՝ Գագիկ Հակոբյանին: Համոզված է, որ ամուսնու առողջությունը քայքայվել էր Երևանի Անդրանիկի 50/5 հասցեում գտնվող, իր ձեռքերով, ուժերով կառուցած, օրինական գրանցված խանութն իրենից խլելու վտանգը.
«Օր ու գիշեր մտածում էր, ուզում էր մեր ապրուստի հարցը լուծեր, նոր գնար: Ասում էր՝ էս մտածմունքը մեզ տանելու ա: Հաջորդը ես եմ՝ սիրտս վիրահատված ա, շաքար ունեմ, կուրծքս հեռացված»,-ասաց Ժենյա Հակոբյանը:
Իսկ ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, երկու վիրահատություն է տարել՝ սրտի ու գլխի: Մահվանից հետո՝ 2016-ին Վարչական դատարանում կասեցվել է վարույթը իրավահաջորդության հարցը լուծելու նպատակով: Քանի որ խանութի ժառանգությունն ընդունել է կինը՝ Ժենյա Մարգարյանը, նա էլ դարձել է ամուսնու իրավահաջորդը:
«Լրիվ հող էր, ամեն ինչ իր ձեռքերով սարքեց ամուսինս»
Տիկին Ժենյան այսօր էլ, ինչպես 20 տարի, սովորականի նման, առավոտյան բացում է խանութի երկու դռները: 104 քմ տարածքում երկու մուտք կա՝ մեկը՝ անտառային ձայներ, որտեղ վաճառվում են դեկորատիվ կենդանիներ, մյուսը՝ կոշիկի բաժինը: Խանութում աշխատել են ընտանիքով՝ ամուսինը, ինքն ու դուստրերը: Ինչպես իրենք են նշում՝ 1997-ից այն ընտանիքի ապրուստի միակ միջոցն է եղել: Տիկին Ժենյան հիշում է, թե ինչպես է ամուսինը 1987-ից սկսել կառուցել խանութը.
«Լրիվ հող էր, երևի 100 մեքենա հող ենք հանել, ամեն ինչ իր ձեռքերով սարքեց ամուսինս»:
Սկզբում այն ինքնակամ շինություն է եղել, ապա 2003-ին օրինականացվել է: Կա գլխավոր հատակագիծ:
«Անգամ մինչև օրինականացումը հայրս վճարումների բոլոր կտրոնները պահում էր, այդ ամենը ներկայացրել ենք դատարան»,-ասում է Գագիկի ու Ժենյայի դուստրը՝ Արաքսյա Հակոբյանը:
Հակոբյաններին պատկանող խանութի հողամասի գլխավոր հատակագիծը
Այն, որ խանութը Գագիկ Հակոբյանն է կառուցել, նշում են ոչ միայն իր ընտանիքի անդամները, այլև վարչական դատարան ներկայացված շինության հարևանությամբ բնակվող բազմաթիվ քաղաքացիները՝ գրավոր հայտարարությամբ, որ շինությունը 1987-1988թթ. կառուցվել է Գագիկ Հակոբյանի կողմից: Այդ շինությունում ծավալած ձեռնարկատիրական գործունեության մասին փաստում են 1998թ.-ից կատարված վճարները (զբաղեցրած տարածքի օգտագործման վարձավճարի մուծման անդորրագրեր, ջրամատակարարման, հողի վարձավճարի, գույքահարկի և հողի հարկի վճարման անդորրագրեր, կոմունալ վճարների անդորրագրերը)։
«Իրենց կողմը հզոր է, իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»
Գագիկ Հակոբյանի այրին՝ Ժենյա Մարգարյանը մեզ պատմեց, որ մահանալուց մի քանի ամիս առաջ ամուսինն իրեն ասել է Արմեն Ամիրյանի հետ ունեցած հանդիպման մասին: Ամուսնու պատմելով՝ Արմեն Ամիրյանն իրեն փոխանցել է՝ հանելու եմ քեզ էստեղից:
«Փաստորեն իրենց կողմը հզոր է, իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,-ասաց 70-ամյա թոշակառուն:
Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի բնակիչները կհիշեն, որ անկախացումից հետո չգործող «Հայաստան» կինոթատրոնի շենքի վրա 2000-ականներին գրվեց «Արմենակոբ» հեռուստաընկերություն: Այն հիմնվել էր Արմեն Ամիրյանի կողմից 2000 թվականին։ 2010 թվականին այն վաճառվել է «Հոպար Մեդիա» ընկերությանը: Այդ հաճախականությամբ սկսել էր հեռարձակվել ATV հեռուստաալիքը։
Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից պատվիրված տեղեկատվության համաձայն՝ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ին՝ նույն «Հայաստան» կինոթատրոնի շենքում՝ Անդրանիկի 74 հասցեում, ունեցել է 21 հիմնադիր, այդ թվում նաև՝ Արմեն Ամիրյանը, սակայն նրա գործունեությունը դադարեցված է:
2014-ին ՍՊԸ-ն օտարել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող շինությունը: Շինության հարևանությամբ արդեն 20 տարի գործող խանութի սեփականատեր Ժենյա Մարգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կինոյի շենքը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի կողմից օտարվելուց հետո՝ 2014-ից են առաջացել հիմնական խնդիրները, քանի որ տարածքը նշված է եղել 5000 քմ, սակայն փաստացի տարածքը այդքան չի կազմել, այլ պակաս՝ 3923 քմ: Սակայն 2010-ից արդեն դա պարզ է եղել, քանի որ քաղաքապետարանը տվել է նման փաստաթուղթ: Այնինչ դրանից հետո տարածքը չի ներկայացվել գրանցման: Փաստաբան Գևորգ Մկրտչյանը նշեց, որ 5000 քմ-ի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է 2006-ին, իսկ Գագիկ Հակոբյանի 104 քմ մակերեսով խանութինը՝ ավելի վաղ՝ 2003-ին:
Հակոբյանների իրավական դիրքորոշումը
«Մեզ համար իրավական առումով անհասկանալի է մնացել, թե ինչով է դատարանը ապացուցված համարել այն, որ հատկապես Գագիկ Հակոբյանի կողմից զբաղեցրած հողամասը գտնվել է 5000 քմ հողամասի տարածքում, քանի որ դատարանում դա հիմնավորող որևէ ապացույց՝ թույլատրելի ու վերաբերելի, չի ներկայացվել: Նույնիսկ Կադաստրի ներկայացուցիչը նման տեղեկատվության չէր տիրապետում»,-ասաց Հակոբյանների փաստաբան Գևորգ Մկրտչյանը:
![]() |
Փաստաբան Գևորգ Մկրտչյանը, լուսանկարը՝ pastaban.am կայքից |
ՍՊԸ-ի և Գագիկ Հակոբյանի անվամբ գրանցված հողամասերի համադրությունն ապացուցելու համար ՍՊԸ-ի կողմից դատարան է ներկայացվել «Էքսպերտ լոբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացությունն, ըստ որի՝ Անդրանիկի փողոցի թիվ 50/5 և 74 հասցեներում գտնվող ներկայացված շինությունները փաստացի համադրվում են 104,2 քմ մակերեսով։ Սակայն, ըստ Գևորգ Մկրտչյանի, փորձագիտական եզրակացություն տված անձը նշանակվել է ոչ թե դատարանի կողմից, այլ որպես այդպիսին ընտրվել է դատավարության մասնակցի կողմից արտադատական կարգով՝ պայմանագրային հիմունքներով, առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի պահպանման, իր դատավարական կարգավիճակով չի կարող համարվել փորձագետ: Սա, ըստ փաստաբանի, անթույլատրելի ապացույց է:
Երևանի քաղաքապետի 28.04.2010թ. թիվ 1704-Ա որոշմամբ հենց «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի 31.03.2010թ. դիմումի (մուտք թիվ 10/6556) հիման վրա ճշտվել են ՍՊԸ-ին պատկանող հողամասի չափերը, որը 0,5 հեկտարի՝ 5000 քմ-ի փոխարեն կազմել է 3923,53քմ: Այսինքն՝ ըստ փաստաբան Գևորգ Մկրտչյանի՝ ՍՊԸ-ն հողամասի չափերի մասին տեղյակ է եղել դեռևս Երևանի քաղաքապետի 28.04.2010թ. թիվ 1704-Ա որոշման կայացման ժամանակ և այն որևէ կերպ չի բողոքարկվել կամ վիճարկվել: Սակայն դատարանում նշվել է, որ ՍՊԸ-ն նման տեղեկատվություն չի ստացել: Քաղաքապետարանն էլ հաստատել է, թե չի տրամադրել կողմին:
«Տարօրինակ էր քաղաքապետարանի ներկայացուցչի դիրքորոշումը, մենք՝ որպես 3-րդ կողմ, ակամայից մեր վրա էինք վերցրել պաշտպանվելու գործը: Երբեմն ներկայացուցիչը նույնիսկ նիստերին չէր գալիս»,-ասաց փաստաբան Գևորգ Մկրտչյանը:
Փաստաբանը նշեց, որ ՍՊԸ-ին պատկանող հողամասի վերաբերյալ գլխավոր հատակագիծ առկա չէ, որով հնարավոր կլիներ պարզել հողամասի սահմանները և հստակ գտնվելու վայրը, իսկ Ժենյա Մարգարյանին պատկանող՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 50/5 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքն ամրագրված է գլխավոր հատակագծով:
«Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի դիրքորոշումը
Վարչական դատարանը հաստատված է համարել, որ Երևանի քաղխորհրդի գործկոմի 07.05.1986թ. նիստի արձանագրության քաղվածքի համաձայն՝ Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին կինոթատրոնի շենքի շինարարության համար հատկացվել է 0.5 հա՝ 5000 քմ մակերեսով հողամասի առկայությունը, որն էլ հետագայում սեփականաշնորհվել է «Հայաստան-2001» ՍՊ ընկերությանը (իրավահաջորդ «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերություն) ու հանգել այն եզրակացության, որ որոշմամբ Գագիկ Հակոբյանի անվամբ օրինկանացված շինության զբաղեցրած հողամասը ընդգրկվել է ՍՊԸ-ին պատկանող հողամասի սահմաններում։
«Հետքը» զրուցեց նաև «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերություն ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ Վարչական դատարանը կայացրել է արդար վճիռ.
«Դատական ակտը շատ արդարացի է ու բխում է օրենքի տառից»,-ասաց փաստաբան Մալխասյանը: Նա կարևորեց «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի՝ որպես սեփականատիրոջ շահը:
«Հիմա գուցե էդ կողմը եկել-դիմել է լրատվամիջոցների ու փրփուրներից է կախվել, ուրեմն նաև ընդունում է էդ դատական ակտի մեջ եղած բոլոր բացասական բաները ի վնաս իրեն: Ինչի համար է էս ամեն ինչը, ես չեմ հասկանում... այդ ամեն ինչը տեղի է ունեցել դատական կարգով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
![]() |
Փաստաբան Սյուզաննա Մալխասյանը, լուսանկարը՝ pastaban.am կայքից |
Մենք փորձեցինք «Արմեն Ակոբ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ փաստաբանից ճշտել ՍՊԸ հիմնադիրների փոփոխության մասին տեղեկատվությունը, մասնավորապես այն, որ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Արմեն Ամիրյանի մասնակցությունը դադարեցված է: Սակայն Սյուզաննա Մալխասյանը նախ նշեց, որ այդպիսի բան չկա, հետո հակադարձեց, թե ինչու եք մտնում ընկերության «ներքին կուխնյայի մեջ», եթե մեզ դիմել են դատական գործով: Փաստաբան Մալխասյանը շեշտեց, որ ընկերության կանոնադրության ու մասնակիցների կազմի մեջ մեջ ընդհանրապես չի մտնում: Ավելին՝ նման բան անելը համեմատեց ուրիշի ընտանիք մտնելու հետ:
ՍՊԸ-ն նշված տարածքը՝ 0.5 հա մակերեսով հողամասը և 1572.6քմ շինությունը, ձեռք է բերել դեռևս 07.10.1996թ.-ից` համաձայն սեփականաշնորհման պայմանագրի: Ըստ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի ներկայացրած դիրքորոշման, Գագիկ Հակոբյանը «ապօրինի կերպով զավթել և օգտագործել է հողամասը, ավելին՝ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ին պատկանող հողի և շինության ստորգետնյա հատվածի նկատմամբ հետագայում ձեռք է բերել սեփականության իրավունք»։
Ըստ ՍՊԸ-ի դիրքորոշման, Երևանի քաղաքապետարանը Գագիկ Հակոբյանի սեփականության իրավունքը ճանաչել է առանց հաշվի առնելու, որ շինությունը ուղղակի հանդիսանում է ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողի ստորգետնյա հատվածը։ Իսկ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Հողամաuի նկատմամբ uեփականության իրավունքը տարածվում է դրա uահմաններում գտնվող վերգետնյա և uտորգետնյա տարածքի վրա…», իսկ համաձայն 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերի՝ հողամաuի uեփականատիրոջն է բացառիկ իրավունքով վերապահված օգտագործելու այն ամենը ինչն առկա է հողամասի մակերեսին և դրա տակ։
Ուշագրավ է
Ուշագրավ է, որ ՍՊ ընկերությունը դեռ դատական պրոցեսի սկզբին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ. միջնորդել է արգելել Գագիկ Հակոբյանին ք. Երևան, Անդրանիկի 50/5 հասցեի գույքի շահագործումը:
Ուշագրավ մեկ փաստ ևս՝ Վարչական դատարան դիմելու 4000 դրամ պետական տուրք հանդիսացող գումարի գանձումը «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ն միջնորդել է հետաձգել, ինչը դատարանը բավարարել է:
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարներ՝ խանութի տարածքից
«Մենք՝ մեր տան դիմաց, հորս ձեռքերով կառուցած խանութում չենք կարողանում հանգիստ աշխատել: Անընդհատ մտածմունքի մեջ ենք՝ ինչ կլինի հետո: Բայց պայքարելու ենք, եթե ոչ Հայաստանում, ապա մինչև եվրոպական դատարան կհասցնենք գործը, բայց եթե չունենանք ապրուստի միջոց, պիտի ստիպված գնանք երկրից»,-ասում է փոքր ընտանեկան բիզնես ունեցող Արաքսյա Հակոբյանը:
Հակոբյանների գործը միակը չէ. ՍՊԸ-ն վիճարկել է նաև մոտ 17 քմ այլ տարածք
Դատական տեղեկատվական համակարգում առկա է նույն ՍՊԸ-ի ևս մեկ վարչական գործ՝ ընդդեմ քաղաքապետարանի, այս անգամ երրորդ անձը Ալվարդ Գրիգորյանն է: Վիճարկվել է Անդրանիկի փողոց, թիվ 48/2 հասցեում գտնվող՝ որպես պետական սեփականություն որակված 16,93քմ մակերեսով հողամասում Ալվարդ Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 16,93քմ մակերեսով շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 1117-Ա որոշումը: 2008 թվականի մայիսի 21-ի պայմանագրով այն վարձակալության իրավունքով տրամադրվել է Ալվարդ Գրիգորյանին: Փաստորեն, վիճահարույց հողամասը գտնվել է Երևան համայնքի սեփականության ներքո և վարձակալության իրավունքով հանձնված է եղել Ալվարդ Գրիգորյանին: Սակայն վարչական դատարանը քաղաքապետարանի որոշումը դարձյալ անվավեր է ճանաչել՝ հարցը լուծելով հօգուտ «Արմեն Ակոբ» ՍՊԸ-ի: Վերաքննիչ ատյանում բողոքը ետ է վերցրել Ալվարդ Գրիգորյանը, գործի վարույթը կարճվել է:
Հ.Գ. «Հետքը» անդրադարձել է Արմեն Ամիրյանին պատկանող գույքի ու եկամուտների հայտարարագրին՝ գրելով, որ Արմեն Ամիրյանն անշարժ գույքի պակաս չունի. 2017-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԿԸՀ է ներկայացրել 14 անշարժ գույքի մասին տեղեկատվություն, որոնցից 5-ը առանձնատուն, 7՝ հողամաս, 2՝ շինություն:
Առաջին լուսանկարում՝ սեփականատեր Ժենյա Մարգարյանն է՝ իր խանութի դեկորատիվ կենդանիների բաժնում
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել