
Վուդսթոք՝ Ռիչի Հեյվենսին դեմառդեմ կանգնած ազատության աչքերով
Երբ 1969թ. նյույորքյան Բեթել քաղաքում մեկնարկեց աշխարհի ամենահայտնի ռոք փառատոնը՝ «Վուդսթոքը», կազմակերպիչներից ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այն ի սկզբանե նախատեսվածից այլ ընթացք պիտի ունենար: Նման խոշոր նախագծերում անկանխատեսելի հանգամանքների համար նրանք սովորաբար պատրաստ են լինում, եթե խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին է, իհարկե, բայց թե ինչ մարտահրավեր կարող է սպասվել, ոչ ոք վստահ չի կարողանալու պատկերացնել: «Վուդսթոքը», անշուշտ, դարձավ երաժշտական այդ դարաշրջանի և երիտասարդական մի ողջ սերնդի, հիպիական շարժման խորհրդանիշը, նրանց հավատամքի ու փիլիսոփայության ներկայացուցիչը նաև հետագա տասնամյակների համար: Փառատոնին մենք դեռ, անշուշտ, կանդրադառնանք և հանգամանորեն: Բայց կար մեկը, ով այդ օրը՝ 1969թ. օգոստոսի 15-ին, իր համար էլ անակնկալ ու անսպասելի՝ իր հերթին պիտի դառնար ոչ միայն այդ սերնդի, այլև «Վուդսթոք» -երևույթի խորհրդանիշը:
Ռիչի Հեյվենս. Ամերիկացի երգիչ, երգահան և կիթառահար, ով առավելապես հայտնի էր կիթառի կատարման իր յուրահատուկ ոճով՝ արագ, ռիթմիկ և հիմնականում լարային բաց հարվածներով:
Մինչ փառատոնը, նա արդեն հասցրել էր թողարկել հինգ ալբոմ, որոնցից մեկը` «Something Else Again»-ը (1968թ.) դարձավ «Billboard»-ը հատած նրա առաջին հիթային աշխատանքը: Հեյվենսը նաև հասցրել էր իր համերգային կատարումներով աչքի ընկնել Գրինուիչ-Վիլիջում, որտեղ ապրում էր նա այդ տարիներին: Եվ չնայած այս հաջողություններին՝ այս երաժիշտն, ի տարբերություն իր սերնդակից այլ տաղանդավոր երիտասարդների, շարունակում էր դեռևս անհայտ մնալ մեծ լսարաններին: Դեռևս, քանի որ Ռիչի Հեյվենսը ևս ընդգրկված էր վուդսթոքյան համերգային կազմում:
Երաժշտության և խաղաղության առաքելությամբ փառատոնն անցկացվեց օգոստոսի 15-ից 18-ը՝ չորս օր շարունակ երաժշտական աներևակայելի հոսքեր տարածելով ամենուր: Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոփլին, Ռավի Շանկար, Ջոան Բաեզ, «Քրոսբի, Սթիլզ, Նեշ և Յանգ», Կառլոս Սանտանա և այլք: Երաժիշտների իրապես պայծառ մի աստղաբույլ՝ ամեն մեկն իրեն բնորոշ էներգետիկ հզորությամբ: Աննախադեպը չունեցող այս հսկա իրադարձությունը համախմբել էր գրեթե կես միլիոնի հասնող հանդիսատեսի:
Վուդսթոք. 1969թ.
Ռիչի Հեյվենսը իր խմբի հետ պիտի հանդես գար հենց բացման օրը՝ հինգերորդ համարի ներքո: Ելույթի համար տրամադրված էր ընդամենը քառասուն րոպե, որից հետո հաջորդաբար բեմը պիտի կրկին գրավեին ժամանակի՝ մեկը մյուսից փայլուն անունները: Բեմի առջև ողջ տարածությամբ սփռված հանդիսատեսն է՝ ժամանակի երիտասարդությունը՝ ազատ, համարձակ, վայրի, գունագեղ ու անկանխատեսելիորեն խանդավառ: Մոտ 500 հազարի հասնող մարդկանցից բաղկացած այդ տեսարանից առաջին պահին սարսափ կարելի է ապրել, սարսափ՝ պատասխանատվության ծանրության հանդեպ: Տագնապ, անհանգստություն, նախագծի իրականացման հաջողության հանդեպ տարատեսակ զգացումներ ու ներքին հպարտություն, որ չնայած խոչընդոտներին՝ այն սպասվածից առավել էր դառնում:
Սակայն անսպասելին առջևում էր:
«Արդեն ժամը 5-ն էր, բայց ոչինչ տեղի չէր ունենում,- պատմել է Ռիչին հարցազրույցներից մեկում,- ես ունեի նվազագույն կազմով մի խումբ և նվազագույն գործիքներ, մինչդեռ նրանք պնդում էին` ամենաառաջինը լինել»:
Կազմակերպիչները ցայտնոտի մեջ էին: Համերգը վաղուց պետք էր սկսել, մինչդեռ երաժիշտները չկային: Ահռելի քանակությամբ բազմությունը, քաղաքը տակնուվրա արած այդ աներևակայելի շարժումը, ապա՝ տեղացող անձրևը կաթվածահար էին արել երթևեկությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված երաժիշտները ևս հայտնվել էին սարսափելի խցանման մեջ, որի պատճառով ծրագիրը կանգնած էր տապալման շեմին: Եվ ստացվեց այնպես, որ դրությունը փրկելու այլ տարբերակ չէր կարող լինել, քանի որ տեղում էր Հեյվենսն՝ իր փոքրիկ նվագախմբով:
«Այնպիսի զգացողություն ունեի, որ այդ ահռելի տարածքն ընդգրկող բազմությունը ուղղակի սպանելու էր ինձ, եթե առաջինը ես բեմ դուրս գայի»,- շարունակում է պատմել նա:
Հեյվենսը սխալվեց: Նա ոչ միայն ստիպված եղավ փառատոնը բացող երաժշտի դերը ստանձնել, այլև նվագել սպառվելու աստիճան՝ «Ռիչի՛, մի քանի երգ էլ, մի քանի երգ էլ» խնդրանք-կոչերի տակ: Խցանումը դեռ չի հաղթահարվել, բեմում Ռիչին է, ով ոչ թե վառել է կրակը, այլ պայթեցրել օդում մի աներևակայելի տրամադրություն, խանդավառել ու ալեկոծել հանդիսատեսին:
Վուդսթոք. 1969թ.
Նա շարունակեց նվագել, սկզբում մեկը, հետո մյուսը, ու այսպես շարունակ: Բեմում նախատեսված քառասուն րոպեի փոխարեն մնաց երկու ժամ քառասունհինգ րոպե՝ այդ ողջ ընթացքում մի ձեռքում ամուր պահելով կիթառի ճկված նյարդը, մյուսում՝ հարյուր հազարավոր երիտասարդներին: «Ես արդեն երգել ու նվագել էի ամենն, ինչ գիտեի ու մի պահ արդեն ինքս էլ շվարել էի»,- պատմում է երաժիշտը: Եվ այն պահին, երբ խմբի երաժիշտներն իրենք էլ չգիտեն, թե այլևս ինչ պիտի անեն՝ օդում հնչում է Հեյվենսի նոր զարկը՝ ռիթմիկ, խելահեղ թռիչքներով, թվում է՝ առանց հպվելու լարերին: Պարզ էր, բեմում, հենց այդ պահին ծնվում էր նոր ստեղծագործություն:
«Freedom». Երբ իմպրովիզացիոն երաժշտական փոթորկի միջից հնչեցին բառերը, ոմանք իսկույն ճանաչեցին հեռավոր ակունքներից եկող այդ ձայնը: Աֆրոամերիկյան «Motherless Child» սփիրիչուելի մասին մենք մեկ անգամ էլ ենք հիշել, երբ անդրադառնում էինք «Summertime»-ին: Հեյվենսի «Freedom»-ը պտտվեց, պտտվեց ու ետ գալով` հենվեց հենց այս արմատին, մանկության տարիներին՝ տատի հիշողության հետ եկող երգի մեղեդիներով:
«Կարծում եմ՝ «Ազատություն» բառը դուրս թռավ բերանիցս, որովհետև ես այդ պահին կանգնած էի նրան դեմ-դիմաց, ես տեսա այն ազատությունը, որը մենք էինք փնտրում, և ամեն մարդ նրան հաղորդակից էր դարձնում նաև մյուսին: Ահա թե ինչու ես հենց այդ բառն արտաբերեցի» :
Հեյվենսի ելույթն այս փառատոնում մեծամասշտաբ, համաշխարհային արձագանքներ նվաճեց: Նա վաստակել էր դա: Վուդսթոքյան այս իկոնիկ հայտնությունը նրան մեկընդմիշտ տեղավորեց լեգենդար աստղաբույլում` շրջադարձային դառնալով նրա ստեղծագործական կյանքում:
Ականատեսներից մեկը, ով նաև փառատոնի բեմի աշխատակազում էր, «BBC»-ի հետ զրույցում ասում է, որ ողջ կյանքի ընթացքում ամենաշատը ազդվել է Հեյվենսի կատարումից: «Ես հիշում եմ Ռիչի Հեյվենսի ելույթը. այն ասես ապահովեց սաունդթրեքը մի օրվա, որի լավագույն նկարագրությունը «կազմակերպված քաոս» կոչելն է,- պատմում է ականատես Ռ. Ս. Թոզինսկին,- ես նրան մինչ այդ բեմում չէի տեսել, այդ կատարումն իսկապես մեծ ու ներգործող ազդեցություն թողեց ինձ վրա՝ ողջ կյանքիս ընթացքում»:
Վուդսթոքը ապահովեց Հեյվենսի հետագա ալբոմների ու սինգլների հաջողությունը, դրանք ոչ միայն սեփական ստեղծագործություններն էին, այլև հին ու նոր երգերի մշակումներ, հայտնի հիթերի նոր ու ինքնատիպ մեկնաբանություններ: Նրա երաժշտությունն իր մեջ ներառում էր ամենատարբեր ոճեր ու տրամադրություններ՝ ֆոլկ, ֆանք, ջազ, ռոք, բլյուզ, քանթրի և այլն: Նա նաև համարվում էԲոբ Դիլընի, Լենըրդ Քոհենի, Ջոն Լենոնի և Փոլ Մաքարթնիի երգերի լավագույն «թարգմանիչը»: Նա նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում:
Հեյվենսի լեգենդար «Freedom»-ը 60-ականների սերնդի, հատկապես հիպիական շարժման հետնորդների հիմնն էր, երաժշտության պատմության ամենակրակոտ էջերից մեկը: Երգը հետագայում բազմիցս կատարվել է այլ երգիչների կողմից: Այն ընդգրկվել է նաև Քվենտին Տարանտինոյի «Ջանգո. ազատագրվածը» ֆիլմում (2012թ.): 2008 թվականին Հեյվենսը այն կատարեց նաև Կաննի միջազգային կինոփառատոնի բեմից` բացման արարողությանը, ժյուրին նախագահող Շոն Պենի խնդրանքով:
Անդրադառնալով իր երաժշտությանը կամ ոճին՝ նա ասում էր. «Ես չգիտեի, թե ինչ էի անում, պարզապես անում էի դա. մի բան, որը միայն երաժշտություն կարող եմ անվանել, ուրիշ ոչինչ … Երբ տեսա առաջին օրվա համերգային ազդագիրը, որին գրված էր՝ «Ռիչի Հեյվենս՝ ֆոլկ և ջազ երգիչ», մտածեցի՝ «Լու՞րջ… ուրեմն դա ե՞ս եմ, դա այն է, ինչ ես անու՞մ եմ»: Ես պարզապես մտնում էի ինչ-որ իրադրության մեջ, այնտեղ տեղավորվում էի, և մարդկանց կարծես թե դա դուր էր գալիս»:
Լուսանկարները վերցված են www.billboard.com, www.nydailynews.com, www.npr.org, http://www.bbc.com կայքերից
Մեկնաբանել