
Տեքստիլ ընկերությունները Հայաստանում մեծ մասամբ աշխատում են այլ ապրանքանիշերի համար
Գյումրին՝ նախկին Լենինականը, խորհրդային տարիներին հայտնի էր որպես հզոր, բազմաճյուղ արդյունաբերություն ունեցող քաղաք: Մինչեւ երկրաշարժը քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում էր 40 հազար մարդ, թողարկվում էր ավելի քան 700 տեսակ արդյունաբերական ապրանք: Տնտեսության առաջատար ճյուղը թեթեւ արդյունաբերությունն էր: Գյումրին ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերության կարեւոր կենտրոններից էր եւ ամենախոշորը Հայաստանում: Երկրաշարժից ավիրված տնտեսությունն ու անկախացման տարիներին երկրում առկա բազմաթիվ խնդիրները երկար ժամանակով հետ մղեցին նախկին արդյունաբերական հզորության թեկուզ կեսը վերականգնելու հույսերը:
Վերջին տարիներին Հայաստանի որոշ շրջաններում` Շիրակում, Լոռիում եւ Գեղարքունիքում, թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու փորձեր են արվում: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանի փոխանցմամբ, այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան. «Այս ոլորտը համարվում է բարձր պոտենցիալ ունեցող ոլորտ, ուղղակի խնդիրներ կան արտադրողականության հետ կապված: Աշխատավարձերը համեմատաբար ցածր են, քան մնացած ոլորտնում»: Չնայած դրան` փոխնախարարը դրական կողմ էլ է նշում` թեթեւ արդյունաբերությունն ավելի շատ աշխատատեղեր է կարողանում ապահովել: «Մենք պետք է աշխատենք կարողությունների զարգացման, նոր գործողությունների ավելացման, մեր սեփական ապրանքանիշերով արտաքին շուկաներում ներկայանալու ուղղությամբ, որն էլ կբերի նաեւ աշխատավարձերի աճի»,- հավելում է նա:
Վարազդատ Կարապետյան |
Գյուրիում գործող, տեքստիլ արդյունաբերության ոլորտում առաջատար համարվող «Լենտեքս» ձեռնարկությունն այն քչերից է, որ կարողանում է արտաքին շուկա հանել սեփական ապրանքանիշը: Վարազադատ Կարապետյանը բերում է Վանաձորի օրինակը, որտեղ գործող ձեռնարկությունները, ստեղծելով հազարավոր աշխատատեղեր եւ ապահովելով կայուն արտադրանք, ճանաչելի չեն դրսի շուկաներում: «Տեքստիլ ընկերությունները Հայաստանում մեծ մասամբ աշխատում են այլ ապրանքանիշերի համար: Իրենք արտադրում են, բայց այլ ընկերության ապրանքանիշ են կպցնում ապրանքների վրա եւ տալիս այդ ընկերությանը: Բավականաչափ փոքր շահույթ է մնում Հայաստանում: Շահույթի մեծ մասը գնում է այն ընկերություններին, որոնք կարողանում են վաճառք կազմակերպել»,-շեշտեց փոխնախարարը:
Մասնագետների պակաս եւս կա: Ցածր աշխատավարձը մի կողմից, մյուս կողմից էլ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտությունների պակասը խոչընդոտում է գործող ձեռնարկությունների զարգացմանը: Իրավիճակը կփոխվի, երբ Գյումրիում բացվի ուսումնական կենտրոն, որտեղ կպատրաստվեն ու կվերապատրաստվեն ժամանակակից տեքստիլ արդյունաբերության մասնագետներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու ՄԱԿ-ի արդյունաբերական հիմնադրամի աջակցությամբ:
Իսկ մինչ այդ, Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատները ապրիլի 5-ին Գյումրիում համատեղ արդյունաբերության այս ճյուղի զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկը տվեցին: Եվրամիության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է խորհրդատվությամբ ու ֆինանսական աջակցությամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել 40 նորաստեղծ եւ արդեն գործող բիզնեսների մրցունակությունը եւ զարգացնել կայուն եւ բարձրորակ արտադրանք թողարկելու կարողությունը:
«Հիմա մարզերում մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում հենց տեքստիլի ոլորտում: Եթե նայեք մարզպետարանների ներկայացրած տարեկան աշխատանքային պլաններն, ապա յուրաքանչյուր մարզում 500-1000 աշխատատեղ այս տարի կստեղծվի միայն տեքստիլի ոլորտում: Այսինքն` ակնկալվում է, որ այս ոլորտը Հայաստանում կավելացնի մոտավորապես 10 հազար աշխատատեղ միայն 2018-ին: Սա էլ է կարեւոր հանգամանք, որ հնարավորինս աշխատենք աջակցել գործող ու նորաստեղծ ձեռնարկություններին»,- նկատեց Վարազդատ Կարապետյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել