
Այս տարի «Էրեբունի-Երևանը» կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին
Կառավարության նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերի 29-ին և 30-ին կնշվեն Երևանի օրը և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները:
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ասելով, որ սովորաբար Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն այս տարվա նոյեմբերին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որի նախապատրաստման համար մշակվում է միջոցառումների մանրամասն ծրագիր:
Մարգարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ այս տարի մեծ շուքով է նշվելու Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր:
Նախագծի որոշման մեջ նշված է նաև, որ նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով առաջարկվում է Մշակույթի նախարարին տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, Արտակարգ իրավիճակների նախարարին և Ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել