
Կառավարության ծրագրով Մեծ և Փոքր Այրում գյուղերում սկսվել է 9 աղբյուրների ջրագծերի կառուցումը
Մեծ և Փոքր Այրում գյուղերի 1200 բնակիչն առ այսօր օգտվում է խմելու ջրի ցամաքող մեկական լեռնային աղբյուրներից:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԳՏՏԶ ԾԻԳ») ՊՀ-ի 205 մլն դրամ ներդրումով 2015թ.-ին կառուցված «Լոռի Բերդ» ջրագծից սնվող 5214 մ երկարությամբ արտաքին ջրագիծն առ այսօր Մեծ և Փոքր Այրումներում նպատակին չի ծառայում՝ ներքին ցանց չունենալու պատճառով:
Նախորդ տարվա սեպտեմբերին Փոքր Այրումի բնակիչները «Հետք»-ին ահազանգել են իրենց ջրամատակարարման ծանր վիճակի մասին: Հրապարակումից հետո փոքրայրումցիների ջրամատակարարման խնդիրը «Հետք»-ի հետ քննարկելիս կառավարության աշխատակազմի «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ղեկավար Աշոտ Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի միջոցներով, մինչև ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը, Մեծ և Փոքր Այրումներում կառուցել «Լոռի Բերդ» ջրագծից սնվող մեկական աղբյուր:
Երեկ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից տեղեկացանք, որ բնակչության ջրամատակարարման խնդրին ժամանակավոր լուծում տալու համար կառավարության («ԳՏՏԶ ԾԻԳ») ՊՀ ծրագրով գյուղերի թաղամասերում փետրվարի 19-ից սկսվել է արտաքին ջրագծից սնվող 9 աղբյուրների կառուցումը: Աղբյուրներից 4-ը կկառուցվեն Փոքր Այրումի, 5-ը՝ Մեծ Այրումի թաղամասերում: Կառուցված աղբյուրների մոտ կտեղադրվեն ջրաչափեր, բնակիչները որքան ջուր կվերցնեն, դրան համապատասխան կկատարեն վճարումներ:
Մեզ հետ զրուցելիս Մեծ Այրումի բնակիչները ցանկություն հայտնեցին գյուղի կենտրոնում կառուցվող աղբյուրներից ջրագծեր տանել նաև իրենց տները: «Ես բնակիչների հետ քննարկել և բացատրել եմ, որ մենք կողմ ենք ջրագծից ջուրը իրենց բնակարաններ հասցնելուն: Մենք այդ հարցում բնակչությանը միանշանակ օգնելու ենք»,- պարզաբանեց Արկադի Թամազյանը:
Վերջինիս խոսքով, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն խոշորացված մեծ համայնքերում հրաժարվում է իրականացնել ջրի սպասարկում, որի պատճառով Ախթալայի համայնքապետարանը ստիպված խմելու ջուրը «Վեոլիա»-ից մեծածախ գնով՝ 36 դրամով, գնելու և 153 դրամով վաճառելու է գյուղերի բնակիչներին. «Պետական որոշում կա, որ դրանից ավել գնով իրավունք չունենք ջուր տալ բնակչությանը: Մեր կողմից ջրամատակարարումը կատարվում է պոմպակայանով: Պոմպակայանով մղվում է ջրահավաք ավազան, որը գտնվում է գյուղերի վերևում: Ուզում ենք հասնել նրան, որ ամբողջ բնակչությունը ջուր ունենա»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ա. Թամազյանի խոսքով` մշտահոս ջուր տալու գործում դժվարություն է առաջացել բարձրադիր վայրում` նորակառույց ջրագծից հեռու գտնվող Փոքր Այրումի թաղամասերից մեկում: «Այս թաղամասի բնակիչներն անտառից հոսող ջուր ունեն, ասում են` կբավարարվեն այդ ջրով: Հնարավոր է նաև մեր մոտեցումն այդպես լինի: Այսինքն, ներքևի թաղամասերն օգտվեն նոր կառուցված ջրագծից, վերևի թաղամասն օգտվի անտառից հոսող ջրագծից»,- բացատրեց Ա. Թամազյանը:
Մեծ Այրումում կառուցվում է 5 աղբյուր: «Հնարավորություն է տրված աղբյուրների ծրագիրն ավելի ընդլայնելու և Մեծ Այրումի հեռավոր թաղամասերի ջրամատակարարման խնդիրը նույնպես լուծելու համար»,- ասաց Ա. Թամազյանը:
Աղբյուրների ջրագծերի կառուցման աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում:
Մեկնաբանել