
Նրանք ապրում են երգերում կամ երաժշտության մուսաները
Մուսաներ. նրանք ապրել են երաժշտության մեջ՝ ստեղծելով ժողովրդական, ջազի, ռոքնռոլյան ու բլյուզային, դասական ու ավանգարդ տարբեր մեղեդիներ, երգեր, պատմություններ:
«Ռետրո Ակումբ»-ում շարունակում ենք հիշել անուններ, ովքեր դարձել են մեզ համար անչափ սիրելի երգերի մուսաները կամ պարզապես ոգեշնչել մեզ հայտնի լեգենդար երաժիշտներին՝ ինչ որ ժամանակ, ինչ-որ տեղ ապրել, արարել ու երջանիկ դարձնել միլիոնավոր երկրպագուների….
Յոքո Օնո (Yoko Ono)
«Ո՞վ է Ձեզ համար Յոքո Օնոն» հարցին Բիթլզի լեգենդար տաղերգուն՝ Ջոն Լենոնը բազմիցս է պատասխանել տարբեր հարցազրույցներում, տարբեր բնորոշումներով: Դրանցից ամեն մեկը արտահայտել է ոչ միայն Լենոն- մարդու սերը դեպի այդ ճակատագրական կինը, այլև նրա երաժշտական փիլիսոփայությանը, որը նույնպես մեծ իմաստով պայմանավորվել էր Յ ոքոյի հանդեպ ունեցած զգացումների արդյունքում: Շատ երաժշտասերներ, Լենոնի ընկերներն ու, նույնիսկ, բիթլերից ոմանք, համոզված են, որ հենց այս կնոջ՝ Լենոնի կենսափիլիսոփայության վրա ունեցած մեծ ազդեցությունն էր լեգենդար քառյակի փլուզման պատճառը: Թեև երաժիշտը դա այդպես չէր համարում՝ շարունակելով մեծարել ու հանճարեղ բարձունքներում կանգնեցնել նրան և՛ իբրև կնոջ, և՛ իբրև արվեստագետի: Ճշմարիտ էին մեղադրանքները, թե ոչ, ամեն բիթլոման կամ լենոնասեր փորձում է հասկանալ յուրովի: Այնուամենայնիվ, Յոքո Օնոն Լենոնի կյանքում մի կին էր, ում հետ և ում ազդեցությամբ նա ստեղծեց նոր ու սիրելի երգեր:
«Երբ մտովի վերադառնում եմ հետ և հիշում կյանքս «Բիթլզի» կամ, օրինակ, առաջին կնոջս ու իմ փոխհարաբերությունների հետ, մտածում եմ. « Լավ, ես ընդամենը 20-22 տարեկան էի, նա հղիացավ, և մենք ամուսնացանք,- ասել է Ջոնը հարցազրույցներում,- Բայց ամեն ինչ շատ ձանձրալի ու անհետաքրքիր էր… Բոլորովին այլ է Յոքոն. նա ինձ հասկացել է ամենասկզբից և սովորեցրել հասկանալ կնոջն իր իրական էությամբ: Նա սովորեցրեց հասկանալ, թե ինչ նշանակություն է ունենում կինը տղամարդու կյանքում, և ես գրեցի «Կինը երկրագնդի նեգրն է» երգը: Ավելի ճիշտ՝ մենք միասին գրեցինք այն, և ես սկսեցի պաշտպանել կանանց իրավունքները, հատկապես՝ լքված ու միայնության դատապարտված կանանց»:
«Woman Is The Nigger of The World» -ից բացի՝ Ջոն Լենոնի երգացանկում այլ երգեր էլ կան, որոնք վերագրվում են Յոքո Օնոյից ոգեշնչման արդյունք՝ «Get Back» («Բիթլզ»), «Woman», ինչպես ինքն է ասել՝ նաև «Imagine»-ը և այլն: Լենոնն իր կնոջը համարում էր իր մուսան, իր նեցուկը, հանճար, ում հայտնությամբ նա հասավ հոգևոր ներդաշնակության: «Հաղթանակ ներաձնական խառնաշփոթի դեմ»,«հոգիների նույնություն»- ահա Յոքո Օնոն՝ ըստ Ջոն Լենոնի:
« Երբ ես երգում էի « ամենը, ինչ անհրաժեշտ է քեզ, կոչվում է սեր », այն ժամանակ ես իրականում երգում էի մի բանի մասին, որից այքան էլ լավ չէի հասկանում,- ասում է Լենոնը,- ես ճանաչում էի սերը մարդկանց, ծառերի և նման այլ բաների հանդեպ, բայց ոչ այն մեկի, ինչի մասին երգում էի»: Լենոնը պնդում էր և միանգամայն վստահ էր, որ այդ ամենը ընդամենը Յոքոյից առաջ էր:
Մարինա Վլադի ( Marina Vlady)
Շատերին է հայտնի Մարինա Վլադիի և Վլադիմիր Վիսոցկու սիրո պատմությունը: Գիտեն նաև, որ այն գեղեցիկ ու անկեղծ լինելուց բացի՝ լի էր դառնություններով, դժվարություններով, ի վերջո՝ նաև ողբերգական ավարտով:
Նա ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի էր և ապրում էր արվեստների քաղաքում՝ Փարիզում, իսկ Վիսոցկին խորհրդային երկրի անցանկալի տաղանդն էր, ով թեև վայելում էր մեծ սեր ու ժողովրդականություն, բայց շարունակում էր մնալ երկաթե գաղափարների ջլատող կապանքներում:
Երբ առաջին անգամ հանդիպեցին, Մարինան ամուսնալուծված էր արդեն և նախորդ երկու ամուսնություններից ժառանգել էր երեք երեխաների: Վիսոցկին կին ուներ և երկու որդի: 1967 թվականն էր, Մարինա Վլադին մի քանի օրով ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու կինոյի միջազգային փառատոնի: Այդ օրերին նրան հրավիրեցին թատրոն՝ ներկայացումներից մեկի փորձնական բեմադրությունը դիտելու: Նրան պատմել էին տաղանդավոր և բացառիկ մի դերասանի մասին, ոմն Վլադիմիրի (Վիսոցկին այդ տարիներին բավականաչափ հայտնի չէր):
«Բեմում խելահեղ գոռում, ցնցվում է կիսամերկ մի տղամարդ,- գրում է Մարինա Վլադին իր «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» գրքում,- Գոտկատեղից մինչև ուսերը նա կապկպված է շղթաներով: Սարսափելի զգացողություն է: Ինձ հրավիրել են «Պուգաչով»-ի փորձը դիտելու՝ խոստանալով, որ ես այնտեղ տեսնելու եմ ամենազարմանալի դերակատարներից մեկին՝ ինչ-որ Վլադիմիր Վիսոցկու: Ինչպես ողջ դահլիճը, այնպես էլ ես ցնցված եմ դերասանի ուժով, խաղով, նրա անսովոր ձայնով: Նա այնպես է խաղում, որ մյուս գործող անձինք կամաց-կամաց մնում են ստվերում »:
Այդ ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ու արդեն ծանոթացան նույն երեկոյան՝ ընթրիքի ժամանակ: Վիսոցկին խոստովանեց, որ վաղուց սիրահարված է նրան և ասաց, որ ուզում է նվագել ու երգել նրա համար՝ ռեստորանից, ընթրողներից ու ամեն տեսակ աղմուկներից հեռու:
Հետո նրանք ապրեցին սիրով ու աննկարագրելի փորձություններով լի 13 տարի՝ համատեղ, բայց միևնույն ժամանակ երկու տարբեր աշխարհագրական տարածություններում:
Նա Վիսոցկու սերն էր, հենարանը, կինը և մուսան:
«… Հեռախոսը իմ դեմ՝ ասես սրբանկար,
Հեռախոսացանկը՝ աղոթագիրք հիմա,
Մադոննա դարձավ այն աղջիկն ինձ համար՝
Տարածությունն արագ կրճատելով մի պահ» (թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի)
«Զրո յոթ», «Լիրիկական», «Բալլադ սիրո մասին» և այլն: Վիսոցկու՝ սիրո մասին գրված լավագույն երգերը Մարինա Վլադիինն են, նրա հանդեպ սիրուն են ձոնված:
Նրանք միասին նաև երգեր են ձայնագրել՝ համատեղ ձայնապնակ թողարկելու մտադրությամբ, «Мелодия» ստուդիայում,1974 թվականին, նվագախմբի հետ: Այն այդպես էլ չթողարկվեց երգչի կենդանության օրոք՝ իրապես վշտացնելով նրան: Մահվանից ութ տարի անց՝ 1988թ. Մարինա Վլադիին հաջողվեց իրականացնել Վիսոցկու չիրականացված երազանքներից մեկը:
Մեկնաբանել