
Զորականցիների երկօրյա ցույցերից հետո Սուրեն Մարտիրոսյանը վերանշանակվեց Զորականի վարչական ներկայացուցչի պաշտոնում
Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի եւ Զորական գյուղի բնակիչների միջեւ կոնֆլիկտը ծագել է համայնքի խոշորացումից հետո։
Այս տարվա հունվարի 31-ին Արսեն Աղաբաբյանն աշխատանքից ազատել է Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանին, իսկ մարտի 15-ի իր հրամանով Զորականի վարչական ներկայացուցիչ է նշանակել Կոլյա Քոչարյանին:
Զորականցիներն, ի նշան բողոքի, Արսեն Աղաբաբյանի դեմ մարտի 15-16-ին կազմակերպել են ցույցեր:
«Ես Զորականի բնակիչ եմ: Ունեմ 4 երեխա: Երկու տղաներս Ղարաբաղում առաջնագծում ծառայում են: Երրորդ տղայիս հունվարին եմ բանակ ճանապարհելու,- ներկայացավ զորականցի Ավետ Գրիգորյանը,- Սուրեն Մարտիրոսյանին առանց պատճառի են հանել գործից: Մի 3-4 մարդով եկանք, տեսանք Կողբ համայնքի ղեկավարի խորհրդական Սերժիկ Բարսեղյանը մեր գյուղացի Կոլյա Քոչարյանի հետ նստած են այստեղ: Սերժիկ Բարսեղյանն ասաց` էդ մարդը Զորականի վարչական ներկայացուցիչ է աշխատելու: Ասացինք՝ բա ժողովուրդը տեղյա՞կ է էս գործին: Ս. Բարսեղյանն էլ, թե ժողովուրդն ո՞վ ա: Մենք էլ ասինք՝ էսա կտենաք ժողովուրդն ով ա։
Մեր զրույցի ընթացքում զորականցիները ներկայացնում են իրենց դժգոհությունները։
«Արսեն Աղաբաբյանը զորականցիներին վերևից է նայում: Հիմա մեր ցավոտ խնդիրը խոշորացված համայնքի բյուջե փոխանցված Զորականի բյուջեի 20 մլն դրամն է: Ա. Աղաբաբյանը 5-6 միլիոն դրամով իր համար ծառայողական մեքենա է առել մեր փողից: Մեր վարչական ներկայացուցիչ Սուրենը Ա. Աղաբաբյանին բացատրել է, որ էդ փողը կոպեկ-կոպեկ հավաքել է գյուղի համար լուրջ խնդիր լուծելու համար: Արսեն Աղաբաբյանը խոստացել է էդ գումարը ծախսել Զորականի վրա, սակայն չի կատարում իր խոստումը: Ու էս մի կաթիլ մեղրի պատմությունը սկսվեց էդ մեքենան առնելուց»,- ասաց Արշակ Բաղիրյանը:
Արշակ Բաղիրյան
«Մենք ծրագիր էինք ներկայացրել` Զորականի խնդիրները համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում մտցնելու, չգիտենք դրանք հնգամյա զարգացման ծրագրի մեջ մտել են, թե՞ ոչ: Երբ համայնքի 2017թ.-ի բյուջեն ուսումնասիրել ենք, մեր գրած ոչ մի առաջարկություն բյուջեում չկար»,- ասում է Արթուր Մելքումյանը:
Կողբ համայնքում տեղական ինքնակառավարման ճգնաժամը 1,5 տարվա պատմություն ունի: Դեռ 2017թ.-ի նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Հետք»-ին հայտնել է, որ Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի հետ պաշտոնապես չի շփվում: Արսեն Աղաբաբյանը պնդում էր, որ Սուրեն Մարտիրոսյանին և զորականցիներին իր դեմ լարում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
«Ես տեղյակ եմ Զորականում տիրող վիճակին: Այդ մասին տեղեկացրել եմ նաև վարչապետ Կարեն Կարապետյանին»,- «Հետք»-ին ասել է Հովիկ Աբովյանը:
Սակայն Կողբի համայնքում ստեղծված ճգնաժամը Տավուշի մարզպետի և կառավարության կողմից 1,5 տարի չի հարթվել:
Երկօրյա պայքարում զորականցիները պահանջում էին Սուրեն Մարտիրոսյանին վերականգնել իր աշխատանքում, այլապես կփակեն միջպետական ճանապարհը: Մարտի 15-ին իմանալով զորականցիների ցույցերի լուրը` մարզպետ Հովիկ Աբովյանը եկել է Զորական: «Ես երևի դժվար կհասկանամ մարզպետ –համայնքապետ կռիվների պատճառները: Հ. Աբովյանն ասաց մի ժամից հարցը կլուծի»,- պատմեց Ավետը:
Մարզպետը զորականցիներին հայտնել է, թե ժամը 19-ին Արսեն Աղաբաբյանը գալու է համայնք։ Ա. Աղաբաբյանն էլ ժամը 20-ին համայնքի ավագանու մի քանի անդամ է ուղարկել Զորական և հայտնել, որ ամսի 16-ին ժամը 2-ին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի հետ է գալու Զորական:
«Եթե ժամը երկուսին չեկան, ճանապարհը փակում ենք, մեր հարցերը առաջ տանք»,- ասել են զորականցիները:
«Մեր 20 մլն դրամից իրեն համար ավտոմեքենա առնելուց հետո համայնքի ղեկավարը Զորական չի գալիս: Մի քանի անգամ ասել եմ՝ խի չես մեր գեղ գյալի, ժողովուրդն ուզում ա իմանալ, էդ փողը խի չես գեղի համար ծախսել: Ասել ա գյալ տեմ, գյալ տեմ ու Աստծո օր գյալիս ա: Դե մեկ էլ հրաման է տվել, էս մարդին ազատել ա»,- պատմեց Արշակ Բաղիրյանը:
Արշակ Բաղիրյանն այսպես բնութագրեց մոտ 8 տարի Զորականը ղեկավարած Սուրեն Մարտիրոսյանին. «Ընտրված օրվանիցը իրեն կոչել եմ 911 ծառայություն, այսինքն փրկարար ծառայություն: Մենք դաշտավարությամբ զբաղվող ազգաբնակչություն ենք: Մեկիս օձը կծում է, փոխանակ մեր հարազատին զանգենք՝ Սուրոյին ենք զանգում: Եթե ինքը մեր տարածքում չի լինում, արագ կազմակերպում է, որ տուժածին տեղափոխեն Նոյեմբերյան: Երկու ինֆարկտ է եղել էս գյուղում, երկուսին էլ հասցրել է Երևան, իր ֆինանսական ծախսերով: Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք զոհ ենք ունեցել: Գարիկ Մովսիսյանի համար մեր Սուրենն, առանց որևէ մեկին հարցնելու, իր մեծ լուման ներդրել է: Այսինքն էս գյուղում չկա մի խնդիր, որ Սուրենն ասի, ախպեր ջան, դա իմ ուժերից վերա»։
Վերջինս պատմում է, որ մի քանի անգամ գնացել է Արսեն Աղաբաբյանի մոտ:
Արսեն Աղաբաբյան
«Էսօրվա մեր պահանջն այն է, որ Սուրեն Մարտիրոսյանը իր աշխատանքում վերականգնվի, մեր 20մլն դրամն էլ կորզենք ու մենք Կողբ համայնքից ջոկվենք»,- ասում է Ա. Բաղիրյանը: Զորականցիները վիրավորված էին, որ համայնքի ղեկավարը իրենց եկվորի նման է նայում։ «Մենք եկվոր չենք, սա մեր հայրենիքն է, մեր գերանդիով ու փոցխով կլինի, թե կառավարության տված զենքով, եթե մեր սահմանին մի բան լինի, մեր սահմանը պահելու ենք»,- ասում է Արշակը:
«Մանկապարտեզը աշխատացնելու համար ասում է ֆինանս չունեմ: Ինչի, ընտրություններին իրեն ընտրելու համար աշխատանքի ընդունած 120 մարդկանց համար աշխատավարձ ունի, Զորականի մանկապարտեզի համար փող չունի՞: Արսեն Աղաբաբյանը պետք է շփվի Զորականի ժողովրդի հետ: Ճանաչի ժողովրդի կարիքները: Պետք է կադրեր նշանակելիս հաշվի առնի մարդկանց կարողությունները: Եվ 3-րդը՝ Սուրենը իր պաշտոնում պետք է վերանշանակվի, որովհետև դա ժողովուրդն է ուզում»,- ասաց ուսուցչուհի Հասմիկ Խաչատուրյանը:
«Հիմա ասում է ժողովուրդ ջան, բայց ասա մի անգամ Զորականին ներկայացե՞լ ես, որ ժողովուրդը քեզ ճանաչի: Մեր մանկապարտեզի երեխաների համար հին մահճակալներ ու Կողբի երեխաների փնթի մատրասներն է ուղարկել: Արսեն Աղաբաբյանը Զորականի ժողովրդի նկատմամբ շատ սառն է եղել: Մենք կողբեցիներին սիրում ենք, նրանք մեզ հետ միշտ լավ են վարվել: Մենք ժողովրդից դժգոհ չենք»,- ասաց ուսուցչուհի Հայկանուշ Համբարձումյանը:
Վաչե Տերտերյան
Ժամը 2-ին տեղի ունեցավ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի հանդիպումը զորականցիների հետ։ «Ես խնդրում եմ ախպերական, դու ինձանից մի 15 տարով փոքր ես, մեզ վերևից մի նայի: Գյուղում, եթե հարսանիք է լինում, տխրություն է լինում, դու էլ ներկայացի»,- համայնքի ղեկավարին ասաց Արշակ Բաղիրյանը:
«Ես պետք է իմանամ, որ ներկայանամ»,- պատասխանեց Ա. Աղաբաբյանը:
«Որ գնաս, գաս, կիմանաս»,- ասաց ուսուցչուհի Մարգո Հովհաննիսյանը:
Վ. Տերտերյանը Զորականում ստեղծված վիճակի մասին լսեց Արսեն Աղաբաբյանի և Սուրեն Մարտիրոսյանի բացատրությունները: Գյուղացիների և փոխնախարարի ներկայությամբ ստեղծված վիճակի համար կողմերը սկսեցին մեղադրել միմյանց: Ապա փոխնախարարը կողմերի հետ առանձնացավ` խնդիրն առանձին քննարկելու համար: Քննարկումից վերադառնալուց հետո Վաչե Տերտերյանը հայտնեց. «Այս իրավիճակում հայտնվելու մեղավորները շատերն են: Սկսեմ ինձանից, մարզպետարանից, գյուղապետից, Սուրիկից՝ բոլորս մեղավոր ենք: Որովհետև այն, ինչ մենք կարող էինք անել սա չլինելու համար, ի սկզբանե մենք դա չենք արել: Դրա համար ստեղծվել է էս իրար չհասկանալու, չերկխոսելու մթնոլորտը»:
Փոխնախարարը զորականցիներին շնորհակալություն հայտնեց` ամեն ինչ պարզ իրեն տեղեկացնելու համար: Ապա ներկայացրեց քննարկման արդյունքները։
«Ոչ մի հիմնավոր պատճառ չկա, որ համայնքի ղեկավար Ա. Աղաբաբյանը և վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանը միմյանց հետ նորից չկարողանան աշխատել: Բայց նրանց աշխատանքը լինելու է շատ հստակ ձևավորված»,-ասաց փոխնախարարը:
Զորականցիները ծափերով ընդունեցին փոխնախարարի որոշումը:
Արշակ Բաղիրյանը զորականցիների անունից կոչ արեց Սուրեն Մարտիրոսյանին` որպես պաշտոնով ցածր և տարիքով փոքր համայնքի ղեկավար, Արսեն Աղաբաբյանի հետ հաշտության քայլերը առաջինը կատարել: Վաչե Տերտերյանը զորականցիներին խոստացավ պարբերաբար հետևել զորականցիների հիմնախնդիրների լուծմանը:
Գլխավոր լուսանկարում, կենտրոնում՝ Սուրեն Մարտիրոսյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել