
Վարչական վարույթ է հարուցվել բեռնախցիկում հաց տեղափոխող վարորդի նկատմամբ
Երեկ «Հետք»-ը նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք մեր ընթերցողներից մեկի՝ Տիգրանի ահազանգը հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի խախտման վերաբերյալ։
Մասնավորապես, Նոր Նորքի Բաղյան 3 հասցեում գտնվող խանութի դիմաց Տիգրանը նկատել էր, որ հացը խանութ էր բերվել մեքենայի բեռնախցիկում։ Այս մասին նա հայտնել էր «Հետք»-ին՝ ուղարկելով մի քանի լուսանկար։
Ընթերցողի ահազանգը մենք փոխանցել էինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որտեղից մեզ հայտնել էին, որ արագ ընթացք կտան։
Այսօր ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ լուսանկարի մեքենան հայտնաբերվել է, իսկ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողի նկատմամբ հարուցվել վարչական վարույթ․ «Սա հրաշալի օրինակ է սպառող-լրատվամիջոց-ՍԱՊԾ օպերատիվ համագործակցության ու բոլոր կողմերի համար ցանկալի արդյունքի ապահովման»,-ասել է Ա․ Հարությունյանը։
Մեկնաբանել