
Չեխահայ գործարար Աղասի Զավարյանը իր ծննդավայր Այգեհատ գյուղում այգիներ է հիմնում
Չեխահայ գործարար Աղասի Զավարյանը այս օրերին Լոռու մարզի Այգեհատ գյուղում պարսպապատում է իր 18 հա տարածքը՝ ընկուզենու այգիներ հիմնելու համար: Գործարարի մանկությունն անցել է Այգեհատում: Աղասի Զավարյանը Պրահայում 2007թ.-ից գործող «Գեներալ» հյուրանոցի սեփականատերն է:
Աղասի Զավարյանը
Այգեհատում գրանցված է 280 մարդ: Փաստացի բնակվում է 200-ը:
«Ա. Զավարյանի ներդրումային ծրագրերից հետո գյուղը լքած այգեհատցիները կվերադառնան Այգեհատ»,- ասում է վարչական ներկայացուցիչ Արշակ Շահվերդյանը: Այգեհատի փոքր հողատերերը պատրաստակամ են իրենց փոքր հողակտորները նույնիսկ անհատույց տրամադրել Աղասի Զավարյանին՝ աշխատատեղեր ստեղծելու համար:
«Որ խոսացնում ես` Ա․ Զավարյանի նպատակն իր բիզնեսը չի, բայց նախաձեռնությունը երևի թե բիզնես կդառնա: Ինքը ուրիշ տեղեր իր համար էնքան բիզնեսներ ունի, որ դրա կարիքը չունի: Աղասին դրսից փող է բերում ներս՝ իր ծննդավայրը զարգացնելու համար: Եթե նրա խոստացած 200 աշխատատեղով պահածոների գործարանում մեր գյուղի 50 բնակիչ աշխատի՝ ամեն տանից գոնե մեկը, դա բավարար կլինի Այգեհատի զարգացման համար: Ներկայումս այգիների պարիսպերի կառուցման շինաշխատանքերում ընդգրկված է 3 այգեհատցի: Էգուց էլ 13 կլինի: Կամաց-կամաց կավելանան»,- իրեն և այգեհատցիներին հուսադրում է Արշակ Շահվերդյանը:
Արշակ Շահվերդյանը
Այս ակնկալիքներով էլ Այգեհատ գյուղի ավագանին 2017թ.-ի սեպտեմբերին համայնքի սեփականություն հանդիսացող անջրդի, 3-րդ և 4-րդ կարգի 20 հա վարելահող է աճուրդով վաճառել Աղասի Զավարյանին: Վաճառված 20 հա վարելահողերից խոշորացված Օձուն համայնքի բյուջե մուտքագրվել է 25 մլն դրամ:
Ա. Շահվերդյանն ասում է, որ Աղասի Զավարյանի հետ անձամբ զրուցել է Այգեհատում նրա ծրագրերի մասին:
«Բացի ընկուզենուց կարող է ուրիշ ծառերի այգիներ էլ է նախատեսել գցել, ես այս պահին տեղյակ չեմ: Գիտեմ, որ իր նախատեսած այգիների համար Աղասի Զավարյանը ոռոգման կաթիլային համակարգ է արդեն կառուցում: Կունենա նաև կարկտապաշտպան ցանց: Ինտենսիվ այգին 2-3 տարի հետո սկսելու է բերք տալ: Մինչ ծառերի բերքատվության սկսվելը, Ա. Զավարյանը Այգեհատում պահածոների փոքր գործարան է կառուցելու, երևի 200 աշխատատեղով»,- պատմեց զրուցակիցս:
Զավարյանը 20 օր առաջ է Այգեհատից մեկնել Չեխիա: Ընտանիքով բնակվում է Չեխիայում: Ա. Շահվերդյանի տեղեկացմամբ` գործարարը Այգեհատ կգա նաև մայիս ամսին: Հարցիս, թե ինչպես են այգեհատցիները վերաբերում գյուղի 20 հա վարելահողերը օտարելուն, Ա. Շահվերդյանը պատասխանեց. «Եթե մարդը էնենց բան է կառուցում, որը բխում է ողջ Այգեհատի շահերից, ոնց կարող են գյուղացիները լավ չընդունել»:
Գյուղի եզրին թղթախաղով զբաղված այգեհատցիներից Դավիթ Շահվերդյանն ասաց՝ անձամբ շատ լավ է վերաբերում Աղասի Զավարյանի կողմից Այգեհատի զարգացման ծրագրերին:
«Մարդը մեր հողերը Դանուշավանից հո չի տեղափոխում: Մեր հողերը մեր գյուղումն էլ մնում է: Չգիտեմ, էդ այգին երևի կմեծանա, ժամանակը կգա, այգեհատցիները կաշխատեն: Ասում են` պահածոների գործարան էլ է ուզում կառուցել: Դա մեր գյուղացիներին շատ ձեռք է տալիս»,- ասաց Դավիթը:
Պարսպապատվող հողերը
Վերջինիս հարցրի իր տնտեսության մասին. «Իմ աշխատանքը էս կարտ խաղ անիլն ա: Հող ունեմ, չեմ մշակում: Ես 2001 թվին 30 հա-ի ցորեն ունեի ցանած: Եկը բռնեց, հասկը ծլեց: 10 հազար դոլար դաշտումը վարի տվի, ու մինչև օրս խելքս գլուխս չի գալի: Վարկ չէր, իմ սեփական փողն էր: Էն ժամանակ 400 գլուխ անասուն ունեի: Հիմա ես վիճակ չունեմ, ընդամենը մի կնիկ, երկու զավակ, երկու թոռ ունեմ: Դրսից ինձ համար ախպերս ու մորաքույրս փող են ղրգում, որ ապրենք: Ասում են` դու մենակ պտի թերզ խաղ անես, հա բլոտ ենք խաղում: Էնպես որ, մեր համագյուղացի Աղասի Զավարյանը շատ լավ գործ է անում»,- պատասխանեց Դավիթը:
Միշա Շահվերդյանը թոշակառու է: Երկու կով ունի: «Ասել Դավիթին մի կնիկ ունեմ, երեք երեխա: Էտա, ինչ տի ըլիլ (ծիծաղում է): Ընտանիքում 3 անձ ենք: Եթե Ա. Զավարյանի նախագծերը իրականանան, իմ տղային էլ աշխատանքի կընդունի, մենք էլ եդ վարկ կվերցնենք, եդ կլավնանանք»,- ասաց Միշան:
«Ճամփա պհի»,- կատակեց թղթախաղով զբաղված այգեհատցիներից մեկը:
Միշա Շահվերդյանը
Միշայի խոսքով` գյուղում մարդ կա՝ լավ է ապրում, մարդ էլ կա՝ հեչ չի ապրում: Ասում է, որ գյուղում լավ ապրելը դժվար է մի քիչ: «Հողերը բերքատու չեն: Գյուղացիները ոչ կարում են պարարտանյութ տան ժամանակին, ոչ կարում ենք սալյարկեն առնենք: Ոչ մի բան, հը: Մեր գեղն աշխատող ա, բայց աշխատելու ձև չկա»,- բացատրեց Միշան:
Ըստ վարչական ներկայացուցիչ Արշակ Շահվերդյանի՝ Աղասի Զավարյանի գնած 20 հա հողերը ընկած են Օձուն-Այգեհատ ճանապարհի ներքին հատվածում: Գործարարը սկսել է գնել նաև ճանապարհի վերին հատվածում ընկած, գյուղացիների սեփականաշնորհած հողաբաժինները: Ճանապարհից վերև համայնքի բնակիչների մեկ հողաբաժինը 1200 մետր է։
«Գյուղացիների մի մասն արդեն վաճառել են իրենց հողաբաժինները: Մարդիկ դե արդեն գիտեն, որ լուրջ ծրագրեր ունի, վաղը մյուս օրը գյուղացիների համար աշխատատեղ է լինելու, իրենք էլ իրենց հողակտորներից առանձնապես մեծ օգուտներ չեն ստանում, ընդամենը խոտ են հնձում, մի 20-50 տուկ խոտ են տուն տանում: Մարդ կա, որ իրեն հողակտորը չի ուզում տա, նրան էլ ստիպող չկա, որ իր հողակտորը ծախի: Կարող է նա էլ ուզում է մի քիչ թանկ ծախի: Չգիտեմ: Բայց դե գյուղացիների հողակտորներից մոտ 4-5 հա–ն արդեն վաճառվել է Ա. Զավարյանին»,- պատմեց Ա. Շահվերդյանը:
Վերջինիս ասելով` գործարարը գյուղացիներից հողը գնում է պետական գներով: Պետական գներով 1 հա վարելահողի գինը 2 մլն 222 հազար դրամ է: Բայց Ա. Զավարյանը 1 հա հողը գնում է 1մլն 100 հազար դրամով: Գյուղացիների 1200 մ հողաբաժինը գնում է 300 դոլարով: Այգեհատում գյուղացիներից ոմանք իրենց հողաբաժինը գործարարին որպես բարեկամ են տալիս, մեկն էլ որպես ընկեր է տալիս:
Շինարարական աշխատանքներ
«Իրենց հողաբաժինները գործարարին անփող առաջարկողներ էլ կան: Բայց Աղասի Զավարյանը գյուղացիների առաջարկած անփող հողակտորները չի վերցնում: Բացառվում է, որ նա գյուղացիներից անփող հողակտորներ վերցնի: Մանավանդ, եթե ինքը փող ունի, ինչի կվերցնի գյուղացիներից անփող հողակտորներ»,-ասում է Ա. Շահվերդյանը: Աղասի Զավարյանը Այգեհատում նաև իր ընտանիքի համար կառուցելու է տուն, տուրիստական կենտրոն, նախատեսել է կառուցել նաև ռեստորան: Վերադառնալով Այգեհատի 18 հա վարելահողերի օտարումից խոշորացված Օձուն համայնքի բյուջե մուտքագրված 25 մլն դրամին` Արշակ Շահվերդյանն ասաց. «Մենք համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ էն գլխից էլ որոշել ենք 25 մլն դրամը ներդնել Այգեհատի զարգացման նպատակով: Նախատեսված ծախս ենք ունեցել` Այգեհատի ակումբի համար գույք ձեռք բերելու և գյուղի թաղամասերից մեկում ոռոգման ցանց կառուցելու»:
Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը «Հետք»-ի հետ զրույցում Այգեհատում գործարար Աղասի Զավարյանի ներդրումային նախագծերը ողջունելի համարեց: Խոսելով վաճառված 20 հա վարելահողերի օտարումից Օձուն համայնքի բյուջե մուտքագրված 25 մլն դրամ եկամուտների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ կքննարկեն և կիրականացնեն պլանավորված ծրագրեր խոշորացված համայնքի մեջ ներառված բնակավայրերում, այդ թվում` Այգեհատում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել