
Նորամարգի ճանապարհները վերջին անգամ սովետական տարիներին են ասֆալտապատել
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
Նորամարգցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց գյուղի ճանապարհները վերանորոգված կամ ասֆալտապատված տեսել: Գյուղամիջում հավաքված նորամարգցիները կատակում էին, որ գյուղից «ողջ» ավտո դուրս չի գալիս, հյուր եկած ավտոն էլ գյուղ հետ չի վերադառնում:
Արարատի մարզի Նորամարգ համայնքի գյուղամիջի ճանապարհները անմխիթար վիճակում են. ասֆալտապատ ճանապարհ չկա, դրանց գրեթե ողջ երկայնքով էլ փոսեր են:
Ստեփան Բաբայանը բնակության համար այս գյուղ է տեղափոխվել երկու տարի առաջ: Ասում է՝ երբ անձրև է գալիս, փոսերն այնքան շատ են, որ վարորդները մեքենա չեն կարողանում վարել, դրանք ընկնում են փոսերն ու դուրս չեն գալիս: Նրա կողքին կանգնած մյուս հարևանն էլ շարունակում է Ստեփանի խոսքը՝ ցույց տալով փողոցն անցնող տղամարդուն ու ասում.« Նայի, էս մարդն ամեն խանութ գնալիս մի փոս է ընկնում, ոտքը ոլորում, բա էսպես կարելի՞ է»:
Նորամարգցիները հիմնականում օգտվում են Մասիս-Նորամարգ ավտոբուսից: Այս ուղղությունը սպասարկող ավտոբուսը ամիսներ առաջ թանկացրել է ուղևորավարձը՝ սակագինը 100 դրամից դարձնելով 150:
Թանկացման դեմ նորմարգցիներն ընդդիմացել են և փետրվարի 24-ին գյուղում բողոքի ակցիա արել, սակայն` անարդյունք. ուղևորավարձը չի նվազել: Նրանք ուղևորավարձի նվազման պահանջով անգամ ստորագրահավաք են կազմակերպել և ցուցակը փոխանցել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ նախարարը Նորամարգից նման ստորագրահավաքի ցանկ չի ստացել:
Բենոն արդեն 20 տարի է՝ Մասիս-Նորամարգ ավտոբուսն է վարում: Ասում է.« Այդ տարիների ընթացքում այս գյուղի ճանապարհների վիճակը չի փոխել, միշտ էլ այս աստիճան անբարեկարգ է եղել: Մասիսի ավտոբուսը Նորամարգ ժամը մեկ է գալիս»: Մասիս-Նորամարգ ուղությունը սպասարկող ավտոբուսի վարորդ Բենոն ևս դժգոհ է ճանապարհների վիճակից: Ասում է՝ եթե ոչ օրը մեկ, ապա ավտոբուսն ամեն անգամ կայանելիս վերանորոգում է. «Ավտո չի դիմանում: Օր չկա՝ մենք մեքենա չջարդենք»:
Նորամարգցիները գյուղի խնդիրների մասին խոսելիս առաջին հերթին բարձրաձայնում են գյուղամիջի ճանապարհների վատ վիճակը: Նորամարգցիներին ամեն ընտրության ժամանակ խոստանում են, որ գյուղի ճանապարհները կասֆալտապատեն, սակայն անարդյունք:
Նորամարգի արդեն նախկին գյուղապետ Սարգիս Գալստյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ճանապարհների ասֆալտապատումը առաջնահերթություն է, սակայն իրենց համայնքային բյուջեն քիչ է, չի բավարարում այդ աշխատանքների իրականացման համար: Գյուղապետը ճանապարհների հիմնանորոգման համար մինչ այժմ ֆինանսական օգնություն չի ստացել ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ մարզպետարանից:
Նորամարգի համայնքապետարանից մեր գրությանը ի պատասխան` հայտնել են, որ գյուղի ճանապարհները վերջին անգամ ասֆալտապատվել են 1991թ-ին՝ դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին: Ասֆալտապատման այդ աշխատանքները իրականացվել են պետական միջոցներով: Համայնքապետարանը չունի ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման նախահաշիվ, սակայն նշում են, որ խիստ անհրաժեշտ է հիմնանորոգել 3.5 կմ երկարությամբ ճանապարհ:
Համայնքապետարանի փոխանցմամբ՝ գյուղի ճանապարհները կհիմնանորոգվեն, կասֆալտապատվեն անհրաժեշտ միջոցների՝ մասնավորի կամ պետական աջակցության առկայության դեպքում, և որ այս աշխատանքների իրականացումը մշտապես ընդգրկվել է համայնքի զարգացման ծրագրերում: Նորամարգի համայնքապետարանը բազմիցս դիմել է Արարատի մարզպետին, կառավարությանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, սակայն ստացել է հակիրճ պատասխան՝ ճանապարհների բարեկարգման ծրագիրը կիրականացվի համապատասխան միջոցների առկայության դեպքում:
Մեկնաբանել