
«Հետք»-ի ընթերցողն ահազանգում է՝ հացը տեղափոխվել է մեքենայի բեռնախցիկում
Այսօր «Հետք»-ի ընթերցողներից Տիգրանը մեզ հայտնեց, որ Նոր Նորքի Բաղյան 3 հասցեում գտնվող խանութում հացը մատակարարել են մեքենայի բեռնախցիկի մեջ դրած:
Տիգրանը մեզ է ուղարկել է մի շարք լուսանկարներ` հայտնելով, որ հացը խանութ բերվել է 13:05-ի սահմաններում:
Հաց, հացամթերք տեղափոխող մեքենաների համար կան հատուկ պահանջներ. դրանց տեղափոխումը պարտադիր պետք է իրականացվի այդ արտադրանքի տեղափոխման համար հատկացված հատուկ փոխադրամիջոցներով:
Նշենք, որ 2017թ. սեպտեմբերի 1-ից հաց և միս ձեռք բերող կազմակերպություններն ու Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թվականի ապրիլի 1-ից:
Այս ահազանգի մասին մենք տեղեկացրել ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Իրենք արդեն զբաղվում են այս հարցով:
Մեկնաբանել