
Նորամարգի 11/06 ընտրատեղամասում ընտրողների հոսքը մեծ է․ ոստիկանները հերթով են ներս թողնում ընտորողներին
Նորամարգի 11/06 ընտրատեղամասում ընտրողների հոսքն այնքան մեծ է, որ ընտրատեղամասի դիմաց կանգնած ոստիկանները ընտրողներին հերթով են թույլ տալիս մտնել ընտրատեղամաս:
Մեծ է նաև քվերակողներին օգնողների թիվը: Մեր՝ ընտրատեղամասում գտնվելու մի քանի րոպեների ընթացքում արձանագրեցինք ընտրողներին օգնելու մի քանի դեպք:
Հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը անգամ մի կնոջ արգելեց օգնել ամուսնուն՝ ասելով, որ ամուսինը կարող է միայնակ քվեարկել, քանի որ Կոնջորյանը տեսավ, թե ամուսինը ինչպես է քվեախցիկում միայնակ քվեարկում:
«Կոնկրետ այս ընտրատեղամասում օգնողների շատ մեծ թիվ եւ հոսք է գրանցվում: Օրենքով բնականաբար ես չեմ կարող արգելել: Ընտրատարածքային հանձնաժողովին տեղեկացրել եմ, որ ընտրատեղամասում խնդիր կա, քանի որ օգնողները շատ են եւ եթե այսպես շարունակվի, չգիտեմ՝ ես պիտի արդեն ստուգեմ, տեսնեմ մարդը ռեալ օգնելու կարիք ունի, թե չէ»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Հայկ Կոնջորյանը:
Ընտրատեղամասում մեծ է նաեւ վստահված անձանց քանակը: Կոնջորյանն ասում է՝ անձամբ է ստուգում, որ ավագանու անդամները կամ համայնքի ղեկավարի թեկնածուները մեկից ավելի վստահված անձ չունենան:
Հանձնաժողովի նախագահը դժգոհում է նաև ընտրատեղամասի փոքր լինելուց: Ասում է՝ այդքան վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների համար ընտրատեղամասը փոքր է, երբեմն ընտրատեղամասում «խցանումներ» են լինում, եւ ընտրատեղամասում գտնվողները դժվարությամբ են տեղաշարժվում:
Մեկնաբանել