
Ախթալացի ձկնորս. «Եթե ձուկը պոչերի մեջ սատկած չի, խի՞ չտեի ուտիլ»
Ուռկանն ուսին, գուդեն վիզը գցած՝ ամեն առավոտ 66-ամյա Դավիթ Խանումյանն անցնում է Ախթալայի Բարիտ թաղամասի գծանցն ու հայտնվում Դեբեդին հարող հենապատի մոտ: Հենապատի վրայից ձկնորսն իր ինքնաշեն ուռկանով ձուկ է բռնում: Դավիթն ապրում է գծանցից մոտ 100 մետր վերև գտնվող Ախթալայի Բարիտ թաղամասի քարե շենքերից մեկում: Միայնակ է ապրում: Պատմում է, որ արտագաղթը քայքայել է իր ընտանիքը: Նրա 3 զավակներից երկուսը մեկնել են արտերկիր: Ավագ տղան և կինը՝ Էլիչկան, բնակվում են Վրաստանի հայկական Խոժոռնի գյուղում: Սկզբում Դավիթը կնոջ ու տղայի հետ նույնպես ապրել է Խոժոռնիում: Մի օր որոշել է ընտանիքով տեղափոխվել Ախթալա՝ իր հայրական տուն: Կինը և 42-ամյա որդին չեն համաձայնել: Դավիթն արդեն 5 տարի է Ախթալայում մենակ է ապրում: «Սկզբում պարապ էի, ուր գնում էի աշխատանք ուզելու, ասում էին՝ մեծ ես: Լավ, որ մեծ եմ, մեծ մարդն ուտել չի՞ ուզում: Թոշակ և նպաստ չէի ստանում: Հիմա նոր 30 հազար դրամ թոշակ եմ ստանում»,-պատմեց նա:
«Դավիթը հոյակապ մարդ է, աղքատ է: Վինուժդենի գալիս է ձուկ բռնում, իր օրվա հացը վաստակում»,-ասաց հենապատի դիմաց՝ երկաթգծի վրա աշխատող բանվորներից Ա. Բերոյանը:
Դավիթի ասելով` ձուկ բռնելու իր տարածքը սկսվում է Ախթալայի ճոպանուղու տակից, հասնում է մինչև Ախթալայի ԼՀԿ-ի պոմպակայան: Այդ պոմպակայնի մոտից է ԼՀԿ-ն կոմբինատի պոչերը լցնում Դեբեդ: Ձուկ բռնելիս Դավիթն իր տարածքից աջ ու ձախ չի թեքվում: «Դեբեդը լավ գետ է, ուղղակի գետի մեջ շատ են կեղտ լցնում: Էդ Ալավերդու պղնձաձուլական գործարանն ա, էդ հանքերի ջրերն ա: Ամեն բնակավայրից լցրած աղբն ու կեղտը գալիս է, գետի ջրի երեսին կանգնում: Ուռկանը գցում եմ, մեկ էլ տեսնում եմ` լցված է Ալավերդու պղնձաձուլական գործարանի շլագով: Ամեն ինչ էլ լցնում են գետը: ԼՀԿ-ի պոմպակայանի մոտից ԼՀԿ-ի գեցեղկն (նկատի ունի պոչանքը-Լ.Պ.) են լցնում: Մի քիչ վերև Թեղուտ ՓԲԸ-ի պոչանքներն են թափվում: Որ էտ ամենը չլցնեն, գետը լավը կլինի»,-ասում է ձկնորսը:
Դավիթը գետից հիմնականում բեղլու, մուրծո ձկնատեսակներն է բռնում: Ասում է` ձկնորսությամբ զբաղվելու 5 տարիներին միայն երկու անգամ է Դեբեդում կարմրախայտ տեսել: Գետ թափվող պոչանքների մասին Դավիթն ասաց. «Ինչ տարբերություն, թե պոչանքները որտեղից են գետը լցնում: ԼՀԿ-ն էստեղից է լցնում, ես եմ էստեղ ձուկ բռնում: Թեղուտի պոչանքերը գետը թափելու վայրից էլ մեկ ուրիշ ձկնորս է ձուկ բռնում»: Դեբեդի աղտոտվածությունը տեսնելուց հետո անգամ Դավիթն իր բռնած ձուկն ուտում է: «Եթե ձուկը Դեբեդում կամ Ախթալա գետից եկող պոչանքների մեջ սաղ ա, ոչ մի բան էլ չկա, վտանգավոր չի, կարելի է արխեին ուտել: Եթե վտանգավոր լիներ, էնա ձուկը էդ նյութերն ուտելուց հետո կսատկեր»,-ենթադրում է նա:
Մեզ հետ զրույցում Դավիթը պնդում էր, թե ձուկն ապրում է մաքուր ջրերում: «Փաստորեն, Դեբեդի ջուրը էնքան կեղտոտ չի, որ ձուկը գետի մեջ կարում է ապրի»,- ասում է նա: Ձկնորսը սեփական հետազոտությունն է կատարել. «Մի մեծ ամանի մեջ մեր կրանտից ջուր լցրեցի, Դեբեդի կենդանի ձուկը գցեցի ջրի մեջ: Ձուկը սատկեց, որովհետև մեր խմելու ջրի մեջ քլոր կա: Դեբեդում դեռ այդպիսի ձուկ չեմ հանդիպել, որ քլորացված խմելու մեր ջրում ապրի»,- ասում է Դավիթը:
Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի մեկնաբանությամբ` խմելու ջրի նորմայից շատ քլորացման դեպքում քլորը կլանում է ջրի թթվածինը, իսկ ձուկն առանց թթվածին ջրում չի կարող ապրել: Է. Ղուկասյանի խոսքով` ձուկը գոլ ջրից միանգամից սառը ջրի մեջ տեղափոխելու դեպքում նույնպես կարող է սատկել: ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ կան նաև ձկներ, որոնք չեն կարողանում ապրել մաքուր ջրում: Ա. Սաղաթելյանը հիշեց, որ դեռ մի քանի տարի առաջ իր ղեկավարած էկոլոգանոոսֆերային կենտրոնը հետազոտել է Դեբեդի ձկան նմուշներ: Ձկների լյարդում հայտնաբերվել են ծանր մետաղներ: Ա. Սաղաթելյանը ենթադրում է, որ ուտողները ձկան փորոտիքը հանելիս հեռացնում են նաև նրա լյարդը: Գիտնականը կարևորեց Դեբեդի ձկնատեսակների առավել մանրազնին հետազոտումը, սակայն նշեց, որ դա շատ թանկ հետազոտություն է:
Իր ձկնորսության մասին մեկ այլ պատմություն էլ պատմեց Դավիթը. «Անցյալ տարի ԼՀԿ-ի նասոսնիի մոտ մի հատ խորը փոս գտա: Ֆաբրիկայից եկող պոչանք էր փոսի մեջ: Ուռկանը էդ փոսը գցեցի թե չէ` 2 հատ շատ մեծ ձուկ բռնեցի, մի 6 հատ էլ փոքր ձկներ միանգամից դուրս եկան: Էդ պոչերի մեջ էտենց մեծ ձկներ լինում ա»: Իր ասելով` ինքն է այդ ձկները կերել. «Եթե ձուկը էդ պոչերի մեջին սատկած չի, խի՞ չտեի ուտիլ»,-ասաց նա:
«Այդ պոչերի և ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք քաղցկեղածին են»,-բացատրեցի: «Չէ, ոչ մի բան էլ չկա: Մարդը ոնց ա, ձուկն էն բաները կուտի, ոնց որ մարդը: Մարդը հո ամեն ամեն բան էլ չի ուտում: Ձուկը տենում ա ուտելու ա, ուտում ա, չէ՝ չի ուտում»,-պատասխանեց Դավիթը: Նրա խոսքով` ձուկը խելացի կենդանի է և շատը մամուռ է ուտում: «Աբսուրդ է: Բնությունը հարմարվում է: Բայց ձուկն ավելի արագ իր օրգանիզմում սնդիկ է կուտակում, ապա` կապար և այլ ծանր մետաղներ: Մենք ուսումնասիրել ենք Դեբեդի ջրի որակը, այնտեղ հատակային նստվածքներ ու ծանր մետաղներ կան»,-հայտնեց Արմեն Սաղաթելյանը: Վերջինս պատմեց, որ իր հետազոտություններից մեկի ժամանակ Սյունիքի մարզի պոչամբարների լճակների մեջ ձուկ չի նկատել, բայց օձ և գորտեր է նկատել: «Բայց դա չի նշանակում, որ եթե այդտեղ ձուկ լիներ, կարելի է ուտել»,- ասաց գիտնականը:
«Այն վայրերից, որտեղից գետն են լցվում Ախթալա ԼՀԿ-ի և Թեղուտ ՓԲԸ-ի ֆաբրիկաների պոչերը, այդ վայրերից 2-3 կմ հեռավորության վրա է կատարվում գետի ինքնամաքրումը»,-բացատրում է Արմեն Սաղաթելյանը: «Նախկին պահածոների գործարանի ներքևից էլ եմ ուռկանս գցել, էնտեղից էլ եմ մեծ-մեծ ձկներ բռնել: Դրանից ներքև եմ գնացել, էլի խոշոր ձկներ եմ հանել գետից»,- պատմում է Դավիթը:
Ախթալայի նախկին պահածոների գործարանը պոչանքները թափելու վայրից՝ ԼՀԿ- ի պոմպակայանից, գետով հազիվ 200 մետր հեռավորության վրա է, որը նույնպես անթույլատրելի վայր է ձկնորսության համար: Դավիթը պատմեց, որ իրեն ամեն օր չի հաջողվում Դեբեդից ձուկ բռնել: Հատկապես վերջին մեկ ամսում շատ չի բռնել: Նրա ասելով` Դեբեդի ամենահամով ձկները մանր ձկներն են, յուղոտ են: «Ես միայն եփում եմ և ուտում: Ուրիշ ոչ մի բան չեմ անում: Իմ տարիքի մարդիկ կան` առանց ակնոցի ոչինչ չեն տեսնում, քանի որ ես պարբերաբար ձուկ եմ ուտում, իմ տեսողությունից չեմ դժգոհում»,- պատմեց ձկնորսը: Եթե բախտը բերում է` մեծ ձկներ է բռնում, կգ-ը 1500 դրամով է վաճառում: Ասում է` իր բռնած ձկներից հյուրասիրում է նաև հարևաններին ու ծանոթ ընկերներին: Քանի որ գետը հիմա պղտոր է, մեծ ձկներ չի կարողանում բռնել: Իր բռնած ձկները Դավիթը ռեստորաններին չի կարողանում վաճառել: Ասում է` ռեստորանների տերերը միանգամից 10 կգ ձուկ են ուզում: Այդքան ձուկ Դավիթը չի կարողանում գետից բռնել: Նրա ասելով` 2-3 ձկնորս միանում են, միանգամից 10կգ ձուկ են տալիս ռեստորաններին:
Մեկնաբանել