
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման համար կպահանջվի ավելի քան 7 տարի
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի արտափորման, տարհանման և մաքրման նախագիծ է ներկայացվել: Համաձայն դրա՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման համար կպահանջվի ավելի քան 7 տարի:
Նախագծի պատվիրատուն ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է, ձեռնարկողը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, նախագիծը կազմել են չեխական Deconta ու Geotest ընկերությունների կոնսորցիումը և «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ն:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, հիշեցնենք, կառուցվել է 1975թ. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ, երբ մի շարք պեստիցիդներ` օրինակ, դիքլորդիֆենիլ-տրիքլորէթանը (ԴԴՏ), իսկ հետագայում նաև հեքսաքլորցիկլոհեքսանը (ՀՔՑՀ), որոնք կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ) են, արգելվեցին համընդհանուր կերպով, այդ թվում նախկին Խորհրդային Միության (ԽՄ) տարածքում։
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը Հայաստանում ստեղծվել է Երևան քաղաքի հարավ-արևելյան եզրամասում՝ Էրեբունի վարչական շրջանի սահմաններում: Զբաղեցնում է 0.8 հա ցանկապատված տարածք և տեղաբաշխված է որպես արոտավայր օգտագործվող համայնքային հողերի վրա՝ հեռավոր մեղմաթեք լանջին: Գերեզմանոցը գտնվում է համեմատաբար ընդարձակ սողանքային գոտում:
Տարիների ընթացքում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի շահագործումը և պահպանումը պատշաճ կերպով չիրականացնելու հետևանքով մարդկանց մուտքը չէր արգելվում, և թաղված թունաքիմիկատները արտափորվել էին: Չնայած դրանից հետո ԱԻՆ-ն շուրջօրյա հսկողություն սահմանեց, և տարածքը որոշակիորեն փակվեց, գերեզմանոցի չեզոքացումը օրախնդիր դարձավ:
Նախագծով նախատեսված է`
- խիստ աղտոտված կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ) պարունակող պեստիցիդների և ժամկետանց պեստիցիդների բնապահպանորեն անվտանգ հեռացումը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից՝ տարածքից դուրս տնօրինման նպատակով,
- մնացորդային աղտոտվածության և հավանականորեն աղտազերծված հողերի ապահով պարփակումը տեղում,
- Վերականգնել տարածքը համաձայնեցված ապագա հողօգտագործման համար պիտանի տեսքով, ներառյալ տարածքի կայունացումը՝ նպատակադրվելով կանխել կամ նվազեցնել երկրատեխնիկական անկայունության հետ կապված ապագա ռիսկերը։
Նախագծողները վստահ են, որ այս նախագիծը բնորոշ է նախկին Խորհրդային Միության այլ երկրների համար: Մասնավորապես, վերջերս նմանատիպ գործելակերպ է կիրառվել ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերից մեկի շրջանակներում՝ Բելառուսում:
Արխիվային փաստաթղթերից հայտնի է դարձել, որ թունաքիմիկատների թաղման կառույցը բաղկացած է եղել 5 մ խորությամբ և 120 մ х 20 մ ընդհանուր մակերեսով չորս ուղղանկյուն, կավով երեսպատված և ծածկված խցերից: 2010 թ.-ին կայունությունը բարձրացնելու նպատակով՝ թունաքիմիկատների սկզբնական թաղման տարածքում և ենթամակերեսային սողանքի մոտավոր հատվածում տեղադրվել է ավելի ընդարձակ վերնածածկ, որը կազմված է հողային զանգվածից և սինթետիկ թաղանթից:
Գերեզմանոցի մարմինը կազմված է հինգ խցերից (սկզբնապես ենթադրվող չորսի փոխարեն): Առաջին, երկրորդ և երրորդ խցերը լիովին ծածկված են թմբով։ Չորրորդ խուցը մասամբ ծածկված է թմբով, իսկ հինգերորդը գտնվում է թմբից դուրս։ Երթադրվում է, որ 5-րդ խուցը ստեղծվել է ավելի ուշ՝ որպես արտահերթ միջոցառում։ Առաջին խուցը պարունակում է խոնավ պեստիցիդներ, հավանաբար անջրաթափանց է և պարփակված է բետոնե կոնստրուկցիայով։ Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ խցերը պարունակում են չոր պինդ պեստիցիդներ և ըստ էության իրենցից ներկայացնում են բնական կավի/կավավազահողի մեջ փորված փոսեր, այլ ոչ թե հատուկ այդ նպատակի համար կառուցված պարփակման հորեր։
Գրանցված է, որ տարածքում տեղակայվել են 33 տարբեր օրգանական և անօրգանական պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:
Բացի նախորդ տարիներին իրականացված հետազոտություններից, 2017 թ.-ին իրականացվել է նոր, ավելի մանրակրկիտ հետազոտություն: Վերլուծությունները ցույց են տվել, որ խցերում թաղված են եղել լայն սպեկտրի քիմիական նյութեր, որոնց գերակշիռ մասը կազմում են ծծումբը, ԴԴՏ-ն և դրա մետաբոլիտները (ԴԴԵ, ԴԴԴ) և ՀՔՑՀ-ն: Կարբարիլը/սևինը հայտնաբերվել է մեծ քանակությամբ: Կան նաև պղնձի, ֆոսֆորի, ցինկի և մկնդեղի պարունակություններ՝ տարբեր խտություններով:
Արձանագրվել է, որ քիմիական նյութերի միայն մի մասն է գտնվում խցերում և դրա շրջակայքում: Գերեզմանաթմբին հարող տարածքում հանդիպում են հատկապես ՀՔՑՀ-ի և ԴԴՏ-ի քանակություններ, ներառյալ դրանց քայքայման արգասիքները, ինչպես նաև առկա են ծծմբի և ցինկի մնացորդային քանակներ:
Գերեզմանոցի ցանկապատված տարածքի սահմաններից դուրս հայտնաբերվել են միայն ԴԴՏ-ի և դրա քայքայված մետաբոլիտների պարունակություններ:
Նախատեսվում է 5 փուլով իրականացնել թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման նախագիծը:
Արտափորման աշխատանքներն իրականացվելու են մասամբ փոքր էքսկավատորի միջոցով, մասամբ ձեռքով՝ վակուում վրանով ծածկված հատվածում: Արտափորման ենթակա թունաքիմիկատների և աղտոտված հողերի ընդհանուր գնահատված զանգվածը կազմում է 13655 տ:
Դրանք հատուկ բեռնարկղերի և պլաստիկ պարկերի մեջ են լցվելու, փոքր բեռնատարներով տեղափոխվելու են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից դեպի հյուսիս-արևելք՝ բլրի վերին մաս՝ Գեղադիր տանող ճանապարհի մոտ: Այնտեղից մեծ բեռնատարներով փոխադրվելու են թափոնների տեղադրման վերջնական վայր՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Իսպահան քաղաքում գործող մասնագիտացված ընկերություն:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքը բարեկարգելու և նախնական տեսքը վերականգնելու համար կպահանջվի մոտ 7000 տ գրունտային զանգված, իսկ 0,5 մ մաքուր հողաշերտը կվերականգնի բնական լանդշաֆտը:
Թունաքիմիկատների գերեզմանոցի արտափորման, տարհանման և մաքրման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա մարտի 16-ին՝ 11.00-ին, Էրեբունի վարչական շրջանի վարչական կենտրոնի նիստերի դահլիճում:
Լուսանկարները՝ նախագծից
Մեկնաբանել