
«Ախթալայի» կոմբինատի բեռնատարները քանդում են ՀԲ վարկային ծրագրով Շամլուղի վերանորոգված ճանապարհը
Համաշխարհային բանկի 500,8 մլն դրամ վարկային ծրագրով 2008-2009թթ.-ին կապիտալ վերանորոգման է ենթարկվել Ախթալա-Շամլուղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը: Այն «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից օգտագործվում է հանքարդյունաբերական, արտադրական նպատակներով: Այդ ճանապարհով հանքերից լեռնահարստացման ֆաբրիկա հանքաքար են տեղափոխվում 25-30 տոննա քաշով բեռնատարները: Շամլուղցիները ահազանգում են, որ ծանր բեռնատարների պատճառով ոչ միայն միջհամայնքային ճանապարհն է անանցանելի դարձել, այլև վթարային վիճակում է հայտնվել` Շամլուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի միակ կամուրջը:
Հանքաքարի բացակայության պատճառով արդեն դադարեցված է բաց հանքի շահագործումը, սակայն դրանով ճանապարհը չի թեթևանա ծանր բեռնատարներից: ԼՀԿ-ի արտադրության ծավալը կազմել է 500 հազար տոննա/տարի: Բաց հանքի շահագործումը դադարեցնելուց հետո ընկերությունը բնապահպանության նախարարությանը նախնական գնահատման հայտ է ներկայացրել` իր տարեկան արտադրողականությունը, ըստ ապրանքային հանքաքարի, ստորգետնյա հանքերում նույնքան՝ 500 հազար տոննա/տարի, դարձնելու համար:
«Ախթալայի ԼՀԿ-ի Շամլուղի պղնձի հանքավայրի օգտակար հանածոյի ստորգետնյա եղանակով արդյունահանում» նախնական գնահատման հայտով ընդերքում հանքաքարի պաշարները կազմում են 4,72 մլն տոննա: Ստորգետնյա հանքի ծառայման ժամկետը կազմում է 10 տարի, աշխատանքային ռեժիմը՝ տարեկան 340 օր՝ երեք 6-ժամյա հերթափոխով:
Սա նշանակում է, որ շամլուղցիների համար իրենց` մոտ 10 տարի առաջ վերանորոգված ճանապարհով առաջիկա 10 տարիներին երթեւեկելն անհնարին է դառնալու:
Ստորգետնյա հանքերը գտնվում են Շամլուղ մտնող ճանապարհի եզրերին` բնակելի տներից հազիվ 20 քայլ ներքև: Հանքերի վերևի բնակելի տների բակում մեղվի փեթակներ կան դրված: Ներկայում 5 ստորգետնյա հանքերից աշխատում են 3-ը: Հինգ հանքերից 3-ը գտնվում են հենց Շամլուղի «բերանում»: Գիշերային հերթափոխից հետո հանքաքարը վաղ առավոտյան ստորգետնյա հանքից տեղափոխվում է ճանապարհի սկզբնամաս, որտեղ էլ բարձվում է բեռնատարներին և տեղափոխվում ֆաբրիկա: Անձրևից և քամուց ճանապարհին թափված հանքաքարը տարածվում է շրջակա միջավայրում, իսկ բեռնատարների անվադողերի միջոցով՝ նաև ամբողջ ճանապարհին:
Անձրևների ժամանակ անանցանելի ճանապարհը սպառնալիք է դառնում նաև հանքաքար տեղափոխող բեռնատարների համար:
«2009թ.-ից հետո շամլուղցիներս ունեցել ենք շատ լավ ճանապարհ, որն արդեն 4-5 տարի է՝ վատթար վիճակում է: Նոր կառուցված ճանապարհ էր և շատ լավն էր»,- ասում է Շամլուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Աղաբաբյանը: Նրա խոսքով՝ ճանապարհի անբարեկարգ դառնալու հիմնական պատճառը ԼՀԿ-ի հանքաքար տեղափոխող ծանր մեքենաներն են, որոնք, ամռանը տաք ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են: Ճանապարհը ջրահեռացման համակարգ չունի։ Երբ ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, ջուրը ասֆալտի մեջ է մտնում, փոսերն ավելի են մեծանում:
«Մեր ճանապարհը որ էս վիճակում է, մեծ պատճառը ԼՀԿ-ն է: Ես կողմ եմ, որ ԼՀԿ-ն աշխատի, բայց ամեն մարդ համայնքին իրեն տված վնասը պետք է հատուցի: Այսպես, իհարկե, չի կարելի շարունակել»,-ասում է Ա. Աղաբաբյանը:
ԼՀԿ-ի ֆաբրիկայի արտադրողականությունը մինչև այսօր ապահովվել է բաց և ստորգետնյա հանքերի զուգահեռ շահագործման շնորհիվ: Ներկայում բաց հանքի պաշարները գործնականում սպառվել են, սակայն ծանր բեռնատարներից ճանապարհը չի թեթևանալու՝ ֆաբրիկայի արտադրության ծավալների անփոփոխ մնալու պատճառով: Բացի դրանից, հանքի տարածքում ԼՀԿ-ն նախատեսել է պահեստավորել ֆաբրիկայի պոչերը:
Շամլուղցի անասնապահ Սուրիկի ասելով՝ եթե Ախթալայի ԼՀԿ-ի ծանր քաշային ավտոմեքենաները նույն տեմպով շարունակեն քանդել ճանապարհը, ապա մի երկու տարի հետո շամլուղցիները էշով էլ չեն կարողանա անցնել այդ ճանապարհով: Շամլուղցիները նաեւ մտահոգված են ճանապարհի կամրջով։ «Անհրաժեշտ է հատուկ հանձնաժողով ուղարկել այդ կամրջի տեխնիկական վիճակը ստուգելու համար: Կամուրջը Շամլուղը կապում է արտաքին աշխարհի և Ախթալայի հետ: Անգամ մարդատար մեքենայով անցնելիս կամուրջը շարժվում է: Մեքենայի մեջ զգում ես կամրջի շարժվելը: Կամրջի վրա ծանր մեքենաների տեղաշարժը պետք է անհապաղ դադարեցնել: Գիշերային ժամերին մեզ մոտ հաճախ ուժեղ մառախուղ է լինում, այդ ժամանակ վատ տեսանելիության պատճառով կարող են արգելապատնեշներ չունեցող կամրջից մեքենաներ գահավիժել ձորը, այդ թվում նաև ԼՀԿ-ի հանքաքար տեղափոխող ծանր բեռնատարները»,- ասում է Գուրգեն Դավթյանը:
Նա ասում է, որ Շամլուղի մուտքի մոտ գտնվող ստորգետնյա հանքի կողքով անցնող ճանապարհին թափված են հանքաքար և արտադրական թափոններ։ «Այդպիսի բան չի լինում, ոնց կարելի է քաղաքի բերանն էդպիսի արտադրական հրապարակ դարձնել։ Ախթալա-Շամլուղ ճանապարհը կառուցված է ոչ այդքան ծանր ավտոմեքենաների շահագործման համար։ Էս ճանապարհը լավ է եղել միայն այն ժամանակ, երբ նոր էին սարքել: Երբ հանքերի ծանր ավտոմեքենաները սկսեցին աշխատել, ճանապարհը սկսեց շարքից դուրս գալ»,- ասում է Գ․ Դավթյանը:
ԼՀԿ-ի հանքի պետ Սամվել Հանիսյանը շահագործվող ստորգետնյա հանքի տարածքում մեզ հետ զրուցելիս պնդում էր, որ հանքերը ոչ մի վնաս չեն պատճառում ճանապարհին։
![]() |
Սամվել Հանիսյանը |
«Այստեղով զինվորական մեքենաներ էլ են անցնում: Դուք միայն մի կողմն եք գրում, անձրև է եկել, ցեխ է։ Դե մի հատ կանավ ցույց տվեք: Բա էդ համաշխարհային բանկը, որ էս ճանապարհը սարքել է, ինչի չէ էս ճանապարհի ջրահեռացումն էլ սարքել»,- բացատրում էր Ս. Հանիսյանը:
«Հանքի դատարկ ապառները Ախթալա-Շամլուղ մինչհամայնքային ճանապարհի եզրերին թափելու համար Շամլուղ համայնքի թույլտվությունը ունե՞ք»,- հարցրի Ս.Հանիսյանին։ «Ունենք, ոչ չունենք»,-ասաց: Խնդրեցի ցույց տալ. «Հա, բայց հիմա, կարո՞ղ է մոտս է, որ ցույց տամ»,- պատասխանեց նա:
Նախկին համայնքապետ Լենդրուշ Բեժանյանից տեղեկացանք, որ Շամլուղի ավագանին երբևէ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին թույլտվություն չի տվել հանքերի դատարկ ապառները ճանապարհի եզրերին թափելու համար:
«Գնացեք Բուղաքար թաղամասի ճանապարհը նկարեք, հիմա 21-րդ դարն է, ու տեսեք մարդիկ ինչ ճանապարհով են երթևեկում ու էնտեղից նույնիսկ մարդատար մեքենաները կարան կեղտոտեն էս ճանապարհը»,- մեր զրույցին խառնվեց ԼՀԿ-ի անվտանգության պետի տեղակալ Անդրանիկ Կիրակոսյանը:
Վերջինս ասում է, որ ճանապարհը վերանորոգել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: «Գիտե՞ք՝ որ թվից եմ էստեղ աշխատում, ես չեմ տեսել, որ էստեղ էդ ձեր ասած 2008-2009թթ.-ին ասֆալտապատեն: Դուք մենակ ասեք, էստեղ քանի կմ է ասֆալտապատվել»,- հարցրեց հանքի պետը: Ս. Հանիսյանի ասելով՝ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհին ասֆալտապատման որևէ աշխատանք երբեք չի կատարվել, ճանապարհին մի երկու հատ կարկատան է եղել: «Համաշխարհային բանկի ներկայացուցիչը թող գա, և ինքը ցույց տա, որ 9 կմ էս ճանապարհը լրիվ ասֆալտապատել է: Քամին էլ կարա էս ճանապարհի փոշին բերել: Մեր հանքաքարը ինչ փոշի պետք է ունենա»,- ասում էր Ս.Հանիսյանը:
Վերջինս նույնիսկ չէր ուզում նկատել ճանապարհի եզրին, հանքի առաջ թափված հանքաքարը: «Եթե հանքարդյունաբերություն չլիներ, ճանապարհը այս վիճակում կլինե՞ր»,- հարցրի:
«Բա ժողովուրդն ի՞նչ կաներ»,- պատասխանեց Ս. Հանիսյանը:
Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ասելով՝ ԼՀԿ-ի տնօրեն Լյովա Վարդանյանի հետ նախնական պայմանավորվել են գարնանը` եղանակները բացվելուն պես, գոնե Ախթալայի տարածքում ճանապարհի վնասված հատվածները վերանորոգել ԼՀԿ-ի միջոցներով:
![]() |
Արկադի Թամազյանը |
«Մնացած առումով առայժմ ոչ մի մոտեցում չունենք»,- հայտնեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ նույն ծանր քաշային բեռնատարներով ԼՀԿ-ն Շամլուղի բաց հանք պետք է տեղափոխի նաև ֆաբրիկայից 6,5 կմ հեռավորության վրա գտնվող Նահատակ կիրճի պոչամբարում պահեստավորված պոչերը: Բեռնատարներն անցնելու են նաև Մեծ Այրում-Շամլուղ ճանապարհով: Այս դեպքում նաեւ վտանգվելու է վերջին տարիներին վերանորոգված Ախթալա-Մեծ Այրում ճանապարհը:
Ախթալա ԼՀԿ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը միշտ դրոշակ է դարձնում ԼՀԿ-ում աշխատող 80 շամլուղցիների փաստը, երբ խոսք է գնում շրջակա միջավայրն աղտոտելու, ընդերքը անխնա շահագործելու մասին։ Իսկ Շամլուղը նույնիսկ չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, բարեկարգ դպրոց:
Մեկնաբանել