
Մանկապարտեզներում արձանագրվել են տարբեր խախտումներ
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակում են ուսումնասիրությունները մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ապրիլի 13-29 ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի հաճախման օրվա հաշվառման մասով, օրինակ, N152 մանկապարտեզում ստուգման օրն արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Այս հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից:
Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաև ընդունելության կարգի խախտումներ, առանձին դեպքերում ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանի գործածության հետ կապված թերություններ և բացթողումներ:
Մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ երեխաների մասով, որոնց հաճախումը իրականացվում է վճարովի հիմունքներով, բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' քաղաքապետ Կարեն Կարապետյանը պահանջել է խիստ վերահսկողություն սահմանել և պատժամիջոցներ կիրառել բոլոր այն մանկապարտեզների նկատմամբ, որտեղ կգրանցվեն երեխաների սննդի կազմակերպման խախատումներ և հավելագրումներ:
«Երեխաների սննդի հետ կապված ցանկացած խախտման դեպքում տնօրենին անմիջապես ազատել աշխատանքից: Անգամ լավ պատմություն ունեցող մանկապարտեզի տնօրենին»,- հանձնարարել է քաղաքապետը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել