
Փլուզված հանրակացարանի բնակիչները հրաժարվում են սենյակները լքելուց՝ պահանջելով բնակարան Գյումրու կենտրոնում
Գյումրու Գարեգի Նժդեհ փողոցում գտնվող կիսափուլ հանրակացարանի շենքում այսօր գիշերը, ժամը 03-ի սահմաններում գրանցվել է փլուզում: Փլվել են չբնակեցված հատվածի 3-րդ եւ 4-րդ հարկերի երկաթբետոնյա սալերը: Շենքը նախկինում պատկանել է Տեքստիլ կոմբինատին: Այստեղ երկրաշարժից առաջ եւ հետո հիմնականում բնակվել են կոմբինատի աշխատակիցները, թեպետ աղետից տնազուրկ եւ կոմբինատի հետ որեւէ կապ չունեցող այլ ընտանիքների էլ կարելի էր հանդիպել: 4-րդ աստիճանի վթարայնության շենքում անցած 30 տարիների ընթացքում բազմիցս փլուզումներ են եղել:
Ահազանգով տարածք եկած փրկարարները տարհանել են 11 բնակչի, այդ թվում` երկու մանկահասակ երեխայի եւ տեղավորել մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում: Առավոտյան, անտեսելով վտանգը, բնակիչները կրկին վերադարձել են իրենց սենյակները: Ընտանիքներից 8-ը չունեն անօթեւանի կարգավիճակ, հետեւաբար չեն կարող օգտվել պետական որեւէ ծրագրից: Երկու ընտանիքի ժամանակին առաջարկ է եղել օգտվել ԲԳՎ ծրագրից, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, թե չունեն հավելյալ գումար իրենց ուզած բնակարանը գնելու համար:
Նրանք պահանջում են քանդել հանրակացարանի շենքը եւ տեղում նոր բնակելի շենք կառուցել, իրենց էլ հատկացնել բնակարան այդտեղ: Պահանջն անիրատեսական է թեկուզ միայն այն պատճառով, որ հանրակացարանի շենքն ունի սեփականատեր:
Անցած 30 տարիների ընթացքում սեփականատերը որեւէ աշխատանք չի իրականացրել եւ հայտնի էլ չէ, թե ինչ ծրագիր, նպատակներ կան՝ շենքի ու տարածքի վերաբերյալ: Անցած տարեվերջին քաղաքապետարանը սեփականատիրոջից պահանջել է քանդել շենքի փլուզված հատվածը, մաքրել տարածքը՝ աշխատանքների իրականացման համար սահմանելով 14 ամիս ժամանակ:
Մարզպետ Արթուր Խաչատրյանն առավոտյան այցելել էր փլուզված հանրակացարանի տարածք, հանդիպել բնակիչներին՝ հասկանալու, թե առաջիկայում ինչ քայլեր են ձեռնարկվելու: Մարզպետի համոզմամբ, լավագույն տարբերակն, իհարկե, բնակարանների գնման վկայագրերի տրամադրումն է: Սակայն, ինչպես նախկինում, հիմա էլ բնակիչները հայտարարեցին, թե չեն պատրաստվում լքել տարածքը:
«Մարզում ունենք 3-րդ աստիճանի 118 վթարային շենք, որից 88-ը Գյումրիում են: Եվ եթե մինչ այժմ մոտեցումն եղել է շենքերի ամրացումը, ապա հիմա մեր մոտեցումները փոխվել են ու ավելի ռացիոնալ տարբերակը վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցում տրամադրելն է: Այս առաջարկը քննարկելու ենք կառավարության հետ եւ, կարծում եմ, հավանության կարժանանա: Մենք մի լավ օրինակ ունենք Արթիկում, երբ վթարային շենքի բնակիչներին բնակարանների գնման նպատակով փոխհատուցում տրամադրեցինք: Հաշվարկել էինք, որ ամրացումը կարժենար մոտ 200 մլն դրամ, բնակարանների գնման վկայագրի տրամադրումը չգերազանցեց 45 մլն դրամը: Հիմա այս շենքը, որ 4-րդ վթարայնության է, միանշանակ ենթակա է քանդման, ուղղակի դեռ չենք կարողանում բնակիչների հետ ինչ-որ ընդհանուր համաձայնության գալ»,-նշեց մարզպետը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել