
Ամենածանր՝ 11 տարվա ազատազրկման միջնորդությունը Ժիրայր Սեֆիլյանի համար
Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդեց ամենածանր պատժի՝ 11 տարվա ազատազրկման, դատապարտել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
Իսկ ամենամեղմ պատժի՝ 2 տարվա ազատազրկման, դատախազը միջնորդեց դատապարտել ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանին: «Արդարացրե՛ք, Հովհաննեսին, մե՛ղք ա». այդ պահին լսվեց Ներսես Պողոսյանի բողոքը, ով քիչ անց լքեց նիստերի դահլիճը:
Հովհաննես Պետրոսյանը «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալի՝ Սմբատ Գալոյանի մոտ ազգականն է: Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանը «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալի՝ Սմբատ Գալոյանի մոտ ազգականն է: Սեֆիլյանի պաշտպանի կարծիքով, Գալոյանը ԱԱԾ գործակալ է: Ըստ պաշտպան Տիգրան Հայրապետյանի, հենց ներդրված գործակալի միջոցով էլ «սարքվել» է ողջ մեղադրանքը: Հենց Հովհաննես Պետրոսյանն է 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենայով Հրայր Թոփչյանի հետ վթարի ենթարկվել, որից հետո ոստիկաններն արդեն Մաշտոցի բաժնում զննությամբ արձանագրել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:
Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության:
Մյուս ամբաստանյալների պատիժների միջնորդությունները 2 տարվանից մինչև 4 տարի 6 ամսվա միջակայքում էին: Նրանք բոլորը, բացի ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանից, մեղադրվում են զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք պահելու և փոխադրելու մեջ:
Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Մեղադրողը միջնորդեց Գևորգ Սաֆարյանին ու Սասունիկ Կիրակոսյանին դատապարտել 4 տարի 6 ամսվա, Ներսես Պողոսյանին՝ 4, իսկ Հրայր Թոփչյանին ու Գալուստ Գրիգորյանին՝ 3-ական տարվա ազատազրկման:
Բացի Ժիրայր Սեֆիլյանից, Արցախյան պատերազմի մասնակից են նաև Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը:
Մեղադրողի միջնորդած ազատազրկման ժամկետները լսելով՝ քաղաքացիները դժգոհության ձայն բարձրացրեցին: Ի պատասխան՝ Գևորգ Սաֆարյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ տենց էլ պիտի լիներ»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել