
Տեխնիկական աշխատակիցը 2016 թվականից ազատված է, դատարանն այդ մասին այսօր է իմանում
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործը տեղից չի շարժվում: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, նշանակված դատական նիստը 71 նիստից 28-րդ կայացածն էր, որը տևեց շուրջ 15 րոպե:
Չէր կայացել նաև հունվարի 24-ին նշանակված դատական նիստը, քանի որ չէր ներկայացել դատախազը, և թարգմանչի հետ պայմանագիրը չէր թարմացվել:
Այսօրվա նիստի ընթացքում պարզվեց, որ դեռևս 2016 թվականին Դատական դեպարտամենտի համապատասխան աշխատակիցն ազատվել է աշխատանքից: Նա պետք է ներկայանար, որպեսզի դատարանն ուսումնասիրեր որպես ապացույց ներկայացված կոշտ սկավառակի պարունակությունը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին:
Հիշեցնենք. որ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:
Մեկնաբանել