
Համայնքի ղեկավարը հրաժարվում է Ալավերդու քաղաքապետարանի 2017թ. գնումների փաթեթը տրամադրելուց
Ալավերդի խոշորացված համայնքի 2018թ.-ի գնումների պլանի համաձայն պետբյուջեից հատկացված 185 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից 21,4 մլն դրամ է նախատեսվել կենցաղային և հանրային սննդի նյութեր ձեռք բերելու համար: Դրանից համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոշորացված համայնքի (Ալավերդի և Հաղպատ) բնակավայրերի հղիների սննդամթերքի ձեռքբերման համար նախատեսել է ծախսել 5 մլն 770 հազար դրամ, Ալավերդու նորածինների համար հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար՝ 4 մլն դրամ, համայնքի 8 «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների կարիքների համար լրացուցիչ սննդամթերք ձեռք բերելու համար՝ 11 մլն 722 հազար դրամի գնումներ: Բյուջեից 2018թ.-ին մոտ 25մլն դրամ էլ նախատեսվել է համայնքի 8 (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների սննդի գնումների համար: Համայնքապետարանի շուրջ 46 մլն դրամի կենցաղային և հանրային սննդի նյութերի այս գնումների մատակարարումն, ավանդույթի համաձայն, 2018թ.-ին իրականացվելու է «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ի միջոցով:
«Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերը 2004թ.-ի նոյեմբերի 1-ից «Լալվարի» քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանն է, 25 տոկոս բաժնետերը` Արթուր Նալբանդյանը և 25 տոկոս բաժնետերը՝ Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը: Արթուր Նալբանդյանը 2008թ.-ի հունիսի 6-ին պետռեգիստրում իր 25 տոկոս բաժնետոմսը վերագրանցել է մոր՝ Ալվարդ Նալբանդյանի անունով: Աշոտ Շաքարյանը բաժնետոմսերի իր 25 տոկոս մասնաբաժինը 2011թ.-ի մարտի 14-ին վերագրանցել է դստեր՝ Էմմա Շաքարյանի անունով: Ալավերդու առևտրի ոլորտի գործարարներն անիմաստ են համարում մասնակցել քաղաքապետարանի գնումների մրցույթներին։
«Մարզպետ Արթուր Նալբանդյանի մարդիկ են աշխատում համայնքապետարանում, նրանք չեն կարող պահել մասնակիցների ներկայացրած հայտերի գաղտնիությունը»,- ասում է խանութերից մեկի սեփականատերը: Մթերային խանութների տերերը նաև բացատրում են, թե քաղաքապետարանի գնումներին մասնակցելով՝ չեն ուզում խնդիրներ ունենալ մարզպետ Ա. Նալբանդյանի և Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Ա. Շաքարյանի հետ:
Քաղաքապետարանի գնումների մենաշնորհը 13 տարի գտնվում է «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ի ձեռքում: Հաշվի առնելով, որ ՏԻՄ-երի գնումները մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով գործընթացներ են` հունվարի 8-ին համայնքապետարանի 2017թ.-ի գնումների փաթեթի բնօրինակներն ուսումնասիրելու և 2018թ.-ի գնումների պլանը մեզ տրամադրելու պահանջով բանավոր դիմեցի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին: Վերջինս պահանջեց այդ մասին գրել գրավոր: «Եթե ինձ հարցնեն, ինչու ես թույլ տվել ծանոթանալ գնումների փաթեթին, ասեմ, որ գրավոր դիմում է ներկայացվել, չէի կարող թույլ չտալ»,- բացատրեց Ս. Խեչումյանը:
Թե դա ովքեր պետք է իրեն հարցնեին, Ս. Խեչումյանը չասաց: Այսուհանդերձ, հունվարի 8-ին գրավոր պահանջիս Ս. Խեչումյանը հունվարի 11-ին պատասխանել էր, թե քաղաքապետարանի 2017թ.-ի գնումներին վերաբերող բնօրինակ փաստաթղթերը մեզ տրամադրել չի կարող, քանի որ գնումների փաթեթը կազմում է 1821 էջ, այն կարող են մեզ տրամադրել կրկնօրինակների ձևով՝ մեկ էջի համար 15 դրամ հաշվարկով: Վերադառնալով 2018թ.-ի համայնքապետարանի նախատեսած գնումների պլանին, Ս. Խեչումյանը պարզաբանել էր, թե դրանք դեռևս նախնական փուլում են, և ներկա պահին իրականացված և ավարտված գնման որևէ ընթացակարգ չունեն: Ս. Խեչումյանին առաջարկեցի նախ ծանոթանալ 2017թ.-ի գնումների փաթեթին, ապա պատրաստակամություն հայտնեցի վճարել ինձ անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակների համար: Համայնքի ղեկավարը մերժեց նաև իմ այդ առաջարկը և խորհուրդ տվեց քաղաքապետարանի գնումների 2017թ.-ի փաթեթին ծանոթանալ ֆինանսների նախարարության old.gnumner.am և www.procurement.am կայքերում:
Կայքերում տեղադրված քաղաքապետարանի գնումների փաթեթն ամբողջական չէ: Տեղադրված` գնահատող հանձնաժողովի 2017թ.-ի փետրվարի 2-ի 5.3 որոշմամբ հաստատված քաղաքապետարանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» 6 ՀՈԱԿ-ների ՇՀ ընթացակարգով պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարություններից տեղեկացանք, որ գնահատող հանձնաժողովի 2017թ.-ի հունվարի 25-ի թիվ 3.1 որոշումով հաստատված ընթացակարգի բոլոր մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրավերի գնման առարկան հանդիսանում է Ալավերդի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ների կարիքների համար նախատեսված սննդամթերքը: ՇՀ ընթացակարգով կնքված պայմանագրով հայտնվում էր, որ (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-երի գնումների մասնակցի իր հայտով գներ է ներկայացրել միայն ԱՁ Արման Միրզոյանը, ում առկա միջոցները առանց ավելացված արժեքի հարկի կազմել են 580 000 դրամ: Հունվարի 15-ին կրկին գրությամբ Ս. Խեչումյանից պահանջեցինք մեզ տրամադրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների» մրցութային կարգով գնումներ կատարելու համայնքի բյուջեից նախատեսված գումարները, հայտարարված գնման մրցույթին հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների անուններն ու հասցեները և 2017 և 2018թ.թ.-ի գնումների պլանները:
Հունվարի 18-ի իր գրությամբ Ս. Խեչումյանը հայտնել էր, որ Ալավերդու համայնքապետարանի «Թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի կողմից 2017թ.-ին մրցութային կարգով գնումներ իրականացնելու համար նախատեսված է եղել հատկացնել 2,72մլն դրամ, «Թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 6,80 մլն դրամ, «Թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 1,27 մլն դրամ, «Թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 5,44 մլն դրամ, «Թիվ 5 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 0,95 մլն դրամ, «Թիվ 6 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 6,35 մլն դրամ: Բյուջեից (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների գնումների համար 2017թ.-ին հատկացված գումարը կազմում էր 23, 53 մլն դրամ: Գնումների 2017թ.-ի պլանով նախատեսվել են նաև (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների կարիքների համար 5 մլն 927 հազար դրամի լրացուցիչ սննդի գնումներ: ՆՈՒՀ -երի հաշվապահներից մեկը բացատրեց, որ լրացուցիչ սննդի համար նախատեսված 5մլն 927 հազար դրամը չի բաշխվել ՆՈՒՀ-երի միջև, դրանք առանձին ծախսվել են քաղաքապետարանի կողմից: Թե ինչպես է տնօրինվել լրացուցիչ սննդի 5 մլն 927 հազար դրամը, Ս. Խեչումյանը շրջանցել էր: ՇՀ ընթացակարգով պայմանագիր կնքելու որոշման մասին բոլոր 6 (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների հայտարարություններում նշված էր, որ ընտրված մասնակցին որոշելիս նախապատվությունը տրվել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին:
Հունվարի 18-ի գրությամբ Ս. Խեչումյանը հայտնել էր, թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան հայտարարված գնման մրցույթներին, սահմանված կարգով մասնակցության հայտ են ներկայացրել «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն և Արման Միրզոյան ԱՁ-ն: Համայնքապետարանի «Թիվ 2 ՆՈՒՀ» և մյուս ՀՈԱԿ-ների ՇՀ ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարությունների մեջ «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն մրցույթի մասնակցի հայտով գնային առաջարկ չի ներկայացրել, սակայն 2017թ.-ին 5 մլն դրամի հաց է մատակարարել համայնքապետարանի 6 (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ներին:
«Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն պատկանում է մարզպետ Արթուր Նալբանդյանի ընտանիքին: ԱՁ Արման Միրզոյանն աշխատում է Թումանյանի էլեկտրական ցանցում՝ Աշոտ Շաքարյանի ղեկավարությամբ: Ա. Միրզոյանը ոչ մասնագիտական պատրաստությամբ, ոչ էլ ֆինանսապես ի վիճակի չէ սպասարկել քաղաքապետարանի 2017թ.-ի սննդի գնումների շուրջ 30 մլն դրամի սննդամթերքի մատակարարումը: Հունվարի 22-ին մեր հարցին, թե որտեղ է գտնվում քաղաքապետարանի 2017թ.-ի գնումների ապրանքները մատակարարող իր խանութը, ԱՁ Արման Միրզոյանը պատասխանեց. «Կատա»-ում, էն որ առաջ սարահարթցի Գոհարը կաշխատեր, էն խանութն է»: Սարահարթցի Գոհարի աշխատած խանութը նույնպես պատկանում է «Կատա» -ին:
Մինչ «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ն Լոռու մարզպետի հովանու ներքո տնօրինում է Ալավերդու համայնքապետարանի միլիոնավոր գնումները, Ալավերդու մյուս խանութների տերերն աղքատ ալավերդցիների հաստափոր պարտքացուցակներով մի կերպ ապահովում են իրենց ապրանքաշրջանառությունը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել