
Հայ կոմպոզիտորը հավակնում է դառնալ Գինեսի ռեկորդակիր
Կոմպոզիտոր, «Egeon Music»-ի հիմնադիր Արեգ Պանյանը գրում է սիմֆոնիա, որը կարող է Գինեսի գրքի ռեկորդ սահմանել:
Սիմֆոնիան բացառիկ է գործիքների բազմազանության առումով: Սիմֆոնիան, որը կոչվում է «Casiopeans Aveona» այս պահի դրությամբ արդեն ներառում է 75 գործիք, այդ թվում՝ ազգային գործիքներ՝ արաբական դարբուկա, հնդկական ջութակ, դհոլ, սանթուր, պանֆլեյտա, վոկալ եւ այլն: «Սիմֆոնիան կավարտեմ մոտ մեկ տարվա ընթացքում, եւ վերջնական տարբերակում՝ այն կունենա մոտ 85 պարտիա»,-ասում է կոմպոզիտորը: Արդյունքում՝ «Casiopeans Aveona»-ի նվագախմբային կազմը կլինի եռակի:
Դասական երաժշտության մեջ որպես մեծ կազմի համար գրված ստեղծագործություններ՝ հայտնի են Գուստավ Մալերի եւ Անտոն Բրուքների սիմֆոնիաները։ Իսկ մասնավորապես Մալերի 8-րդ սիմֆոնիան համարում են 1000 կատարողի սիմֆոնիա, որտեղ հնչում է երգչախումբ եւ մեծ նվախագումբ՝ ուժեղացված լարային խմբերով, 2 զույգ ծնծղաներով, 2 լիտավրով, 8 անգլիական եղջերափողով եւ այլն։
Արեգ Պանյանը որոշել է ավելի մեծ խիզախության գնալեւ իր սիմֆոնիայի նվագախմբում ներառել տարբեր ժողովուրդների գործիքներ, որը նույնպես մեծացնում է նվագախմբի կազմը:
Սիմֆոնիան էպիկ ժանրում է: Էպիկ երաժշտությունը Արեգ Պանյանի նախընտրելի ժանրն է: Էպիկական կամ հերոսական ժանրը ժամանակակից դասական երաժշտության ժանր է: Ի սկզբանե այն ստեղծվել է որպես ֆիլմի երաժշտություն: 1990-ական թվականներից այս կողմ ի հայտ են եկել զուտ էպիկական երաժշտություն գրող կոմպոզիտորներ, կան բացառապես այս ժանրը կատարող նվագախմբեր: Դրանցից ամենանշանավորը թերեւս Two Steps From Hell օրկեստրն է:
Կասսիոպեացիները ըստ լեգենդի համարվում են բարձրագույն ռասսա՝ Ավեոնան, ում նվիրված է Արեգ Պանյանի սիմֆոնիան, կասիոպեացիների դուստրերից է:
Սիմֆոնիայի մի մասը էլեկտրոնային տարբերակով ձայնագրված է՝ սա զուտ աշխատանքային ձայնագրություն է, եւ հատկանշական է, որ այդքան մեծ կազմը բավականին ներդաշնակ է հնչում: Tutti-ների ժամանակ՝ երբ ամբողջ նվագախումբը հնչում է միաժամանակ, բոլոր՝ թե դասական, թե ազգային գործիքները հաջողությամբ ձուլվում են:
Սիմֆոնիան ավարտելուց հետո Պանյանը կդիմի Գինեսի ռեկորդների մասնագիտական հանձնաժողովին, ռեկորդը գրանցելու համար: Հարցին՝ արդյո՞ք նման բարդ կազմ ունեցող ստեղծագործությունը պրակտիկայում հնարավոր կլինի կատարել, հավաքել համապատասխան նվագախումբ, Արեգ Պանյանը պատասխանեց.
«Սա զուտ էքսպերիմենտ չէ, եւ այնպես չէ, որ նպատակը Գինեսի գրքում գրանցելն է: Իհարկե, մանկության երազանք եմ ունեցել՝ աշխարհի ամենամեծ կազմով նվագախմբի համար երաժշտություն գրելու: Բայց «Casiopeans Aveona»-ն միանշանակ պետք է կատարվի: Այն հնչելու արժանի սիմֆոնիա է»:
Մեկնաբանել