
Հայաստանը դեռեւս քաղաքականություն չունի պլաստիկ թափոնների վերաբերյալ
Կենցաղում պլաստիկը կիրառելուց հրաժարվել են նույնիսկ աֆրիկյան երկրները
«Մոլորակի երկրների մեծ մասը պայքարում է կենցաղում պլաստիկի կիրառման դեմ, եւ այդ պայքարի համար տարբեր քաղաքականություններ են ընտրված: Մեզ չի հաջողվում հասկանալ, թե մեր պետության քաղաքականությունը որն է պլաստիկ թափոնների կրճատման վերաբերյալ»,- ասում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանը:
Կառավարության կայքում տեղադրված է «Թափոնների մասին» ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Ներկայացված օրինագծերով Կառավարությունը միայն կոսմետիկ փոփոխություններ է կատարելու հիշյալ օրենքներում: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հանրային գիտակցության վրա ազդելու, քաղաքականության կամ վարքագծի փոփոխություն չեն կարող առաջացնել:
Աղբահանության բարելավման գործին ակտիվ ներգրավված «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ակնկալիքը կառավարությունից՝ գաղափարական փոփոխությունն է: «Ամենաառանցքայինը աղբը նվազեցնելն է, որովհետեւ մոլորակն այլեւս աղբը չի կարողանում մարսել: Ֆրանսիայի շատ համայնքներ, օրինակ, «0 թափոն» նշանաբանն են ընտրել, եւ նրանց թիրախը դրան հասնելն է: Մենք ամենահետադիմական երկրների թվում ենք, որոնց քաղաքականությունն աղբ գոյացնելն է: Մենք ունենք 100% թափոն, միաժամանակ աղբ նվազեցնելու քարոզչություն չենք անում»,- ասում է Արմինե Թուխիկյանը:
Նշենք, որ աֆրիկյան շատ երկրներ պոլիէթիլենային տոպրակների գործածումն արգելող օրենքներ են ընդունել, ինչպես՝ Ռուանդան եւ Տանզանիան: Քենիայում արգելվել է 2005 թ.-ից, եւ այժմ երկրում մինչեւ 25 000 դոլար տուգանք է սահմանված պլաստիկի արգելքը խախտողների համար: Բանգլադեշում արգելվեց 1998 թ.-ին, երբ տոպրակներով խցանված ջրահեռացման համակարգը սաստիկ ջրհեղեղի պատճառ դարձավ:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը «Ներքին շուկայում ավանդական պոլիմերային փաթեթվածքների շրջանառության փուլային կրճատման միջոցառումների» ծրագիր է մշակել, որը դեռեւս չի հաստատվել: Կառավարությունը երկու տարի շարունակ վերադարձնում է նախագիծը, քանի որ ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն անհամաձայնություն ունեն ներկայացված առաջարկներին. պատճառաբանում են, որ աղբի տարանջատման համար ենթակառուցվածքներ է պետք ստեղծել, որի համար գումար չունեն: Նաեւ պլաստիկ արտադրողների եւ գործածողների նկատմամբ հարկային քաղաքականությունը փոփոխելու ցանկություն չունեն՝ լրացուցիչ հարկեր կիրառել կամ, որպես խրախուսման միջոց, ազատել որոշ հարկատեսակներից:
Մասնագետները համոզված են, որ փոքրիկ միջոցառումներով հնարավոր չէ «Մաքուր Հայաստան» ունենալ: Պետք է հասնել նրան, որ քիչ աղբ կուտակվի աղբավայրում, քանի որ մեզ մոտ աղբի վերամշակման կամ այրման գործարան կառուցելու հեռանկարը չկա: Հետեւաբար, կենցաղային մակարդակում պլաստիկ թափոնների մեծ մասը կարելի է տարանջատել նախքան աղբավայր հասնելը, եւ հանձնել վերամշակման, իսկ պոլիէթիլենի կիրառությունը կենցաղում պետք է նվազեցնել:
Հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանը նկատում է, որ Կառավարության ներկայացրած նախագծում նաեւ աղբի տարանջատման գաղափարը չկա, չնայած այն հանգամանքին, որ 2018 թ.-ին առաջին անգամ Հայաստանում գործարկվելու է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս, որտեղ պլաստիկ թափոնն, անցնելով որոշակի տեխնոլոգիական գործընթաց եւ խառնվելով ավազի հետ, վերածվում է շինանյութի: Արտադրամասի հզորությունը թեւեւ մեծ չէ, սակայն պլաստիկ թափոնների օրական պահանջարկը կազմելու է շուրջ 400 կգ:
Հիմնադրամն ուսումնասիրել է աղբի կառավարման միջազգային փորձը եւ կարծում է, որ ինչպես հարեւան Վրաստանում, մեզ մոտ էլ պետք է հստակ ժամանակացույց սահմանել եւ օրենքի ուժով`
-
սահմանափակել պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը,
-
սպառողներին ապահովել պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքով,
-
սպառողների կողմից թափոնների տեսակավորումը խթանող միջոցառումներ իրականացնել:
Եվրոպական միությունը (ԵՄ) եւ Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) հայտարարել են մինչեւ 2030 թվականը կենցաղում պոլիէթիլենի եւ պլաստիկի շատ ապրանքատեսակների կիրառումն իսպառ արգելելու մասին: ԵՄ-ն եւ ԵԽ-ն լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանել պլաստիկ արտադրողների եւ փաթեթվածքների համար կիրառող տնտեսվարողների նկատմամբ: Միաժամանակ, խրախուսում են այն տնտեսվարողներին, որոնք այլընտրանք են առաջարկում կամ նվազեցնում են պոլիէթիլենի կիրառումը:
Ա. Թուխիկյանի ասելով՝ մեր երկրում այդ նպատակն էլ հնարավոր չէ սահմանել, որովհետեւ ոչ մի պաշտոնական օղակից հնարավոր չէ ելակետային տվյալ ստանալ, թե որքան պլաստիկ թափոն է գոյանում տարեկան: «Եթե չունես այդ տվյալը, ինչպե՞ս կարող ես սահմանել, թե մինչեւ 2030 թվականը որքանով ես նվազեցնելու աղբը»,- հարցնում է նա: Հայտնի է միայն արտադրական թափոնների ծավալը, սակայն այն հավաստի չի կարող համարվել, քանի որ արտադրողն է ներկայացնում բնապահպանության նախարարությանը:
Պոլիէթիլենային տոպրակ հավաքելը ծախսատար է, այդ պատճառով այն կրճատելու քաղաքականությունը ոչ թե վերամշակումն է, այլ՝ նվազեցումը: Նվազեցնելու համար ԵՄ-ն եւ ԵԽ-ն իսպառ բացառում են դրանց կիրառումը, եւ Եվրոպայում դրան այլընտրանք են առաջարկում: Իռլանդիայում կրճատել են հարկման միջոցով. 2002 թ. որոշվեց պոլիէթիլենային տոպրակների նկատմամբ օրենսդրորեն կիրառել նոր հարկատեսակ՝ «պլաստաքս»՝ 0,22 եվրոյի չափով: Նախագիծն արժանացավ հանրության աջակցությանը եւ հանգեցրեց 90-95% նվազման շատ կարճ ժամանակահատվածում:
2016 թ.-ի օգոստոսից մեր երկրում որոշ սուպերմարկետներ՝ «Երեւան Սիթի», «Ծիրան», «Կրպակ», «Զովք», սկսեցին գումար գանձել՝ 10-20 դրամ, պոլիէթիլենային տոպրակների համար: Սակայն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ քայլը ոչ միայն չնպաստեց պոլիէթիլենի շրջանառության նվազեցմանը, այլեւ ուղղված չէր դրան: Նույնիսկ սուպերմարկետների աշխատակիցներն այն չեն ընկալում որպես բնապահպանական քայլ, նրանց ընկալմամբ՝ դա ծառայում է սուպերմարկետների «հզորացմանը»: Հասարակությունը նույնպես այն համարում է սուպերմարկետների համար եկամուտ ստանալու հավելյալ աղբյուր:
Իրականում այդպես է, որովհետեւ պոլիէթիլենային տոպրակների վաճառքից ստացված հասույթը հիմնականում ուղղվում է սուպերմարկետի տնտեսական հզորացմանը՝ 10 դրամից չնչին բնապահպանական հարկ է վճարվում, իսկ մնացածը գանձվում է որպես շահույթ։ Հիմնադրամի հարցումները պարզել են, որ սուպերմարկետները չունեն հստակ քաղաքականություն պոլէթիլենային տոպրակներից ստացված եկամտի տնօրինման համար, ինչը չի համապատասխանում տոպրակների վճարովի տրամադրման սկզբունքներին:
«Ուրբան» հիմնադրամը պնդում է, որ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման ամենաարդյունավետ, հեշտ եւ արագ միջոցը բազմակի օգտագործման պայուսակների կիրառումը խթանելն է: Դրանք լայնորեն կիրառվում են Արեւմուտքում՝ համարյա զրոյացնելով մեկանգամյա տոպրակների անհրաժեշտությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել