
Պատգամավորի Ձմեռ պապը ամուսինն է
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը թեև 6 տարեկանից իմացել է, որ իրականում Ձմեռ պապ չկա, սակայն ամեն տարի Ամանորին սպասում է, որ Ձմեռ պապն իր ցանկությունները կատարի:
Պատգամավորի ասելով՝ իր Ձմեռ պապն ամուսինն է, քանի որ վերջինս պատրաստ է կատարել պատգամավոր տիկնոջ բոլոր ցանկությունները:
Ինչ վերաբերում է տոնին, ապա այս տարի էլ Կարինե Աճեմյանը Ամանորը նշելու է տանը ընտանիքի և հարազատների հետ: «Եկող տարվա իմ անձնական սպասելիքները կապված են ընտանիքիս և աղջկաս հետ: Ուզում եմ, որ նա երջանիկ լինի»,- ասում է Կարինե Աճեմյանը՝ հուսալով, որ վիշապի տարին բարեհաճ կլինի իր ընտանիքի նկատմամբ:
Պատգամավորի խոսքերով՝ իրենց տոնական սեղանը շատ զուսպ է լինում, բայց սեղանին պարտադիր դրվում են իրենց սիրած ուտեստները, օրինակ՝ հնդկահավը:
Փոխարենը խոզի բուդ չեն ունենում: Դրա համար կա մի քանի պատճառ: Պատգամավորի ընտանիքի անդամները խոզի միս չեն սիրում, թարմ ուտելիք են նախընտրում, իսկ խոզի բուդը մի քանի օր սեղանին դրվելուց հետո թարմ մնալ չի կարող:
Պատգամավորը նկատել է, որ վերջին տարիներին մարում է մրցակցության այն միտումը, թե ում սեղանն է ավելի ճոխ: «Օրինակ՝ մենք չենք հետևում ուրիշների սեղանին, ու կարծում եմ, որ չարազեղենը, մրգերը պետք է առատ լինեն, բայց մսային ուտեստները ցանկալի չէ, որ շատ լինեն: Իմ շրջապատում էլ այնպիսի մարդիկ են, որոնք տոնի լավ զգացողություն ունեն և ուտելիքը կուռք չեն դարձնում: Փոքր ժամանակվանից ես Նոր տարին սիրել եմ»,- ավելացրեց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորը դեռ սիրում է հեքիաթներ կարդալ և բոլորին խորհուրդ է տալիս հավատալ հեքիաթներին ու Ձմեռ պապին:
Մեկնաբանել