
Արտակարգ իրավիճակ Ալավերդիում
Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է Ալավերդիում: ԱԱԾ մարմինները խուզարկություններ են իրականացնում առանձին ալավերդցիների բնակարաններում:
Թումանյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը, պատասխանելով մեր հարցին, հայտնեց, որ այս պահին Ալավերդիում որևէ հանցագործություն չի կատարվել: Ընթացիկ գործողությունները կապված են նախկին հանցագործությունների քննչական աշխատանքների հետ: «Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հայտնեց Լ. Գիգոլյանը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին հայտնեց, որ այսօր Ալավերդիում կատարվում են անհրաժեշտ քննչական և որոնողական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում: «Քիչ անց կտարածենք հաղորդագրություն»,- հայտնեց Ս. Տռուզյանը:
Ալավերդիում շրջանավող լուրերի համաձայն՝ այսօր վաղ առավոտյան Երևանում ձերբակալվել է ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Ըստ լուրերի՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է 2017թ. հունիսի 13-ին Ալավերդու Թումանյան փողոցի վրա գտնվող «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանված Կամո Փիրուզյանի քրեական գործի շրջանակներում:
Այս պահին ԱԱԾ աշխատակիցների կողմից հսկողության տակ է վերցված Վահագն Աբգարյանին պատկանող Սարահարթ թաղամասի հրապարակին հարող հյուրանոցը և նույն շենքում գտնվող նրա սեփական դեղատունը: Շենքը հսկող ոստիկանության օպերատիվ աշխատողները հայտնեցին, որ ԱԱԾ աշխատակիցները Վ. Աբգարյանի հյուրանոցում կատարում են քննչական գործողություններ: Շենքի բակում կանգնած էր Վ. Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում):
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել