
Ֆերմեր Հենրիկ Շեկոյան. «Երբ քո հալալ քրտինքով ես աշխատում, դուռը բաց, հանգիստ քնում ես»
«Կառավարությունը եթե արտագաղթը կանգնացնի, լրիվ լավ կլինի: Դսեղում արտագաղթը շատ է, ինչպես մնացած գյուղերում»,- ասում է ֆերմեր Հենրիկ Շեկոյանը:
Հենրիկը Դսեղում հայտնի է որպես աշխատող և ստեղծող մարդ: Նա ունի 13 կով, 13 մոզի, 2 մայր խոզ, 2 ձի։ Անասունների հետ տարվա մեծ մասն անցկացնում է Դսեղին մոտիկ Աղեգի սարում։ Ամառն էլ տեղափոխվում է գյուղի «Շալու դուզ» սարը:
«Իմ տնտեսության աշխատանքները իմ ընտանիքի անդամներով ենք կատարում՝ ես, տղաս, կինս»,- ասում է Հենրիկը:
Մեզ հետ զրույցում ֆերմերը նախ ներկայացրեց անասնապահությունից իր ստացած եկամուտները. «Մի կովը ամենապակասը տարեկան միջինը 40կգ կարագ է տալիս: Ես 13 կթու կով ունեմ, տարեկան մոտ 300կգ կարագ եմ ստանում, շուրջ մեկ տոննա պանիր եմ արտադրում: Պարզ ասեմ` էս տարի 6 հատ ցուլիկ եմ 4 հազար դոլարով ծախել, տեղը մի հատ «Վիլիս» ավտոմեքենա եմ առել, պլյուս դրան` 3 հատ էլ կովացու եմ թող արել: Սեփական տրակտոր ունեմ: Դե, անասուն է, պատահում է սարումը մինն էլ գելն է տանում, մինն էլ հիվանդանում, սատկում է: Ոնց ասես, ըլում ա»:
Հենրիկի ասելով` գոճի հազվադեպ է ծախում, հետը տանում է սար: Այնտեղ «շմաթով՝ կաթի շիճուկով, որը կարում են, կաթնաշոռ են եփում՝ մոթալ անում, որն էլ չէ՝ տալիս են իրենց խոզերին»: Ասում է` խոզը միայն Նոր տարուն է մորթում և ծախում:
«Էս տարի 10 հատ բուրվակ եմ ծախել, 1 մլն դրամ էլ էդտեղից եմ եկամուտ ստացել, թող դրա մի 200 հազար դրամը կերի համար ծախսած լինեմ: Էդ էլ ասեմ` կերի վրա շատ չեմ փող ծախսել, քանի որ էս տարի մեր Աղեգի սարի մոտի անտառում կաղինը ուժեղ բռնած էր, խոզն անեի անտառն ու էնա էկոլոգիապես մաքուր սնունդ ուտեին խոզերս: Ես միայն էկոլոգիապես մաքուր սնունդ եմ տալիս իմ անասուններին»,- հավաստիացնում է Հենրիկը:
Ինքն ու կինը նախորդ տարի 25-30 պարկ կաղին են հավաքել Աղեգի սարի անտառից, դեռ մինչև հիմա էլ կաղինով եւ իրենց պատրաստած խտացված կերով են կերակրում խոզերին։
Ասում է, որ տնտեսությունը «մտածված է ղեկավարում»: Դսեղում մարդիկ կան մինչև մայիսի 20-ը իրենց անասունը գյուղում են պահում՝ խոտ են տալիս: Ինքը ապրիլի 10-ից, եթե տարին բարենպաստ է լինում, անասունը վերցնում, գնում է Աղեգի սարը։
Հենրիկի տունը |
«Եթե գյուղում կովերին պետք է ուտացնեմ երկու ավտո խոտ, սարումը կովերիս տալիս եմ 200 կգ խոտ: Սարում անտառի մեջը արոտ ա: Սարումը ապրիլին կանաչը արդեն դուրս եկած է լինում»,-բացատրում է նա:
Հենրիկ Շեկոյանը երկար տարիներ Դսեղի սովխոզում բանվոր, ապա անասնապահ է աշխատել: Անասնապահության 45 տարվա փորձ ունի: Խորհրդային տարիներին Դսեղում խոզարած է եղել, դրա հետ մեկտեղ սովխոզի 12 կովն է պահել: Աշխատանքը սովխոզից է սկսել: Խորհրդային համակարգի փլուզումից հետո Հենրիկ Շեկոյանն իր սեփական անասուններն է պահում: Մեզ հետ զրույցում պնդում է, որ աշխատող մարդն իրեն ապահով է զգում եւ խիղճը հանգիստ է ապրում:
«Իմ տան դուռը բաց էր, երբ դուք թակեցիք: Երբ քո հալալ քրտինքով ես աշխատում, դուռը բաց հանգիստ քնում ես: Ոչ ոք քեզ չի մեղադրի հալալ աշխատանքով ապրելու համար: Սովխոզի համար 30-40 տոննա խոտ էի հնձում, 10 տոննան ինձ էր մնում, 20 տոննան տալիս էի սովխոզին: Դրա դիմաց ինձ աշխատավարձ պետք է տային, աշխատավարձ չտեին, վերջում պարզվեց, որ մեզ փող է հասնում»,- հիշեց նա:
Ասաց` խոտի հարցով տղան է զբաղվում, մինչև ապրիլի վերջ իր կովերը ապահովված են խոտով:
Հենրիկի համոզմամբ` «վերևների ունևորը խիղճը հանգիստ չի կարա քնի». «Անքրտինք փող շատ ունեն, կվախենան: Ես անփող մարդ չեմ, սիրտս ինչ ուզում է, առնում եմ, ուտում, բայց` իմ քրտինքով: Ես ոչ մեկի կոպեկը չեմ ուտում»,- ասում է ֆերմերը:
Հենրիկի խոսքով` նորմալ ապրելու համար մարդուն միայն աշխատանք է պետք, ուրիշ ոչ մի բան: Կյանքում ինչ լավ բան լինում է՝ աշխատելով է լինում. «Ցանկացած գործ էլ դժվար է: Դու էլ ուղեղիդ ես զոռ տալիս, որ հացիդ փողն աշխատես: Մարդիկ ամենքը մի ձևով աշխատում են: Ես չեմ գնա գեղամիջումը պարապ կանգնեմ, որ մեկից պապիրոս ուզեմ, չնայած չեմ էլ ծխում: Էնա` կաշխատեմ, ամեն ինչ կունենամ: Աշխատող մարդը, ուզում է քաղաքում ապրի, ուզում է` գյուղում, ո՞նց կարա սոված մնա: Էն մարդը, որ ֆիզիկապես առողջ է ու սովել ա, նա մարդ չի: Մեր գյուղում մի մարդ կար, Բաղդան ասեինք, մի քիչ տարօրինակ էր, երգ էր կապել, ասում էր` սոված մարդիկ պատերի տակ ննջում են»:
Մեկնաբանել