HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարության կոչը Հայաստանի բնակչությանը

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացնում համապատասխան օբյեկտներում (մարզամշակութային, ուսումնական և մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներ)՝ ամանորի տոների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից խուսափելու նպատակով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչով դիմում է Հայաստանի բնակչությանը.

«Ամանորի ուրախությունը ոչնչով չխաթարելու համար խնդրում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես, տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում՝ 2-րդ) հարկում, ամուր պատվանդանի վրա, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք: Հարկավոր է հետևել, որ տոնածառի շրջապատն ազատ լինի զանազան դյուրավառ իրերից, իսկ ճյուղերը չդիպչեն պատերին ու առաստաղին: Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև, իսկ հեռավորությունը դյուրավառ իրերից ու առարկաներից պետք է լինի 1 մետրից ոչ պակաս:

Տոնածառի էլեկտրալուսավորությունը պետք է անցկացնի մասնագետը փակ հաղորդալարերով՝ էլեկտրատեխնիկական նորմերի և կանոնների պահպանմամբ: Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել: Շատերը տոնածառը զարդարելիս օգտագործում են բամբակ, թուղթ, պլաստմասե խաղալիքներ, երեխաների համար մառլյայից ու բամբակից կարում են կոստյումներ: Այդ բոլորը հեշտ բռնկվող նյութեր են, և բավական է մի փոքրիկ կայծ, որ տեղի ունենան բռնկում ու հրդեհ:

Արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով, բենգալյան կրակով հրավառություն անել և այդ սենյակում օգտագործել բաց կրակ: Հատուկ ուզում ենք նշել, որ խստորեն արգելվում է տարբեր տեսակի հրավառությունների, ճայթռուկների (հատկապես՝ չինական արտադրության) օգտագործումը, որոնք խիստ հրդեհապայթունավտանգ են:

Ամանորի հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ՝ կրակմարիչ, ջուր, ավազ և այլն: Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Չի կարելի փոքրահասակ երեխաներին թողնել տոնածառների մոտ՝ առանց հսկողության: Դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

Հարգելի քաղաքացիներ, միշտ հիշեք, որ անվտանգության կանոնների պահպանումը ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի ձեր անվտանգությունն ու բարձր տրամադրությունն ամանորի հանդիսությունների ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter